Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ»

Մայիս 02,2002 00:00

«ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ» «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ զրույցը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքում բացահայտված որոշ իրողությունների մասին էր, որոնք անպայման ցնցումների տեղիք կտային նախկինում, երբ դեռեւս սուր էին ընկալումները։ -Եթե այս դատավարությունը սովորական, գրեթե առօրեական նշանակություն ստացած չլիներ՝ թերեւս այսպիսի բացարձակ անտարբերություն չէ՞ր հետեւի ահաբեկիչ Վռամ Գալստյանի այն բացահայտմանը, որ դիպլոմատով ԱԺ տարված մսի մեծ դանակը (չափաջաղը), որի նշանակությունը Զինդատախազությունը մինչ այժմ չէր պարզել, Վազգեն Սարգսյանի գլուխը կտրելու համար էր։ – Ես ներկա եմ եղել այդ նիստին, երբ Վռամ Գալստյանը հայտնեց դա։ Բայց ի՞նչ անդրադառնաս դրան։ Ու ինչպե՞ս անդրադառնաս դրան։ Հոկտեմբերի 27-ին կատարվածն ինքնին ամբողջությամբ դաժանություն էր ու, լրացուցիչ դաժանության մասին տեղեկանալով, գույներն ավելի սեւացնելը ոչ մի բան չի տալու մեղադրողներին։ Եվ ընդամենն ավելի է հիմնավորելու, որ գործողությունները կատարել են այս 5 մեղադրվողները։ Թե սպանելուց հետո այդ 5-ն ինչ նպատակներ են ունեցել՝ նախաքննության ու դատաքննության մարմինները հետազոտում են։ Չեմ կարծում, թե նրա այդ հայտնածը նոր բան է բացահայտում դատավարության մեջ։ – Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն հրապարակումները, թե այն փակ նիստում, որին Ձեզ եւ զոհվածների այլ հարազատների հրավիրել էր Վռամ Գալստյանը, նա ասել էր. «կազմակերպիչներ կան, եւ դուք գիտեք, թե ովքեր են»։ – Անընդհատ էր նման բաներ ասում։ Անընդհատ ասում էր՝ «բոլորը գիտեն, բոլորը գիտեն»։ Դատավոր Սամվել Ուզունյանը 1-2 անգամ պնդեց, թե ինքը՝ որպես դատավոր, ոչինչ էլ չգիտի, եթե կան կազմակերպիչներ՝ ասեք։ Նույնը պնդեցին նաեւ փաստաբանները, որ ամենահարմար պահն է՝ փակ դատ է, լրագրողներ չկան, հարազատներին կանչել-բերել եք, եթե որեւէ հայտարարություն ունեք անելու՝ ճիշտ ժամանակն է։ Բայց դրանից ավելին չանցավ իր արտահայտություններում։ Անհասկանալի էր պահվածքը։ Կարծես ուզում էր մեղա գալ եւ հենց Արմենակ Արմենակյանի մասով։ Կարծում էր, թե քանի որ Կարեն Հունանյանը հրաժարվել է Արմենակ Արմենակյանին սպանելու վերաբերյալ իր ցուցմունքներից՝ դա կարող է վերագրվել իրեն։ Եվ մոտավորապես այս համատեքստում էր նրա այդ օրվա բացատրությունների հիմնական մեխը։ – Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Վռամ Գալստյանը հենց պատրաստակամություն հայտնեց խոսել՝ հայտնի դարձավ, որ նույն օրը եւեթ նրան կատարել են ներարկում՝ իբր զսպելու համար։ Եվ մինչեւ զոհերի հարազատների մոտ բերելն էլ նրան երկու ժամ պահել էին դատարանի նկուղային հարկում։ – Այո, այո։ Այդ մասին տեղեկացրեց նաեւ դատավորը՝ դատական նիստում։ Այս հարցին մի պատասխան կա։ Կարծում եմ, որ լուրջ ազդեցություն կա դատարանի, մեղադրյալների եւ նույնիսկ փաստաբանների վրա ու բավականին լուրջ օջախներից է կատարվում այդ ազդեցությունը։ Եվ պիտի կրկնեմ մեր կուսակցության քաղաքական հայտարարությունը՝ ոչ ավելին, որ այս իշխանությունների օրոք «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը գնալով դառնում է անհնարին։ Այս հանցագործությունը կբացահայտվի միայն ներկա իշխանությունների հեռանալուց հետո։ – Նաիրի Հունանյանը դատարանում հայտարարեց, թե նախաքննության ընթացքում Զինդատախազության շրջանակներից տեղեկացել է, որ ՊՆ Ալեքսան Հարությունյանի այցելության ժամանակ արված գաղտնի նկարահանման տեսաձայնագրությունը պահվում է մասնավորապես Ձեզ մոտ։ – Նոր եմ տեղեկացել, որ նման բան է հայտարարել։ Ճիշտն ասած, այդ տեսաերիզի մասին շատ-շատ եմ լսել, բայց ինքս չեմ տեսել։ Երբ Ալեքսան Հարությունյանը եկավ պաշտպանության նախարարություն, ես իրեն տեսել եմ հարբած վիճակում ու որոշ բաներ էլ լսել եմ իր հայտարարություններից (ըստ տարածված լուրերի՝ այժմ գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ գտնվող այդ տեսաերիզում Ալեքսան Հարությունյանը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին անվանել էր մարդասպան.- Ա. Ի.)։ Հետո եմ իմացել, որ գոյություն ունի տեսաերիզ։ Չգիտեմ, թե նախաքննական մարմիններն ինչ տեղեկատվություն են տվել։ Անձամբ ինձ մոտ այդ տեսաերիզը երբեք չի եղել։ Եթե ունենայի՝ վաղուց դա տրամադրած կլինեի հեռուստաընկերություններին կամ նախաքննական մարմնին։ Ի՞նչ իմաստ ունի ինձ մոտ դա պահելը։ – Տարօրինակ է, որ ընդդիմադիր երկրապահները չփորձեցին ԵԿՄ համագումարի ամբիոնն օգտագործել «Հոկտեմբերի 27»-ի դատավարության եւ այլ հարցերի վերաբերյալ իշխանությունների հետ տարաձայնությունները շեշտելու համար։ Արդյոք պատճառն ա՞յն էր, որ նախապես հայտարարել էիք պառակտում թույլ չտալու եւ Մանվել Գրիգորյանին դարձյալ կազմակերպության ղեկավարի աթոռին տեսնելու մտադրության մասին։ – Ես չէի ուզենա այսօրվա քաղաքական իրավիճակի պայմաններում լրացուցիչ լարել մթնոլորտը, խնդիրներ դնել փոփոխություններ կատարելու ԵԿՄ-ում։ Քանզի չեմ պատկերացնում «Երկրապահն» առանց բանակի. այդ կապը միշտ պետք է լինի։ Նման ռիսկային քայլերը կարող են հանգեցնել ԵԿՄ-ի պառակտմանը, որի կողմնակիցը չեմ։ Իսկ զինվորական առումով, կարծում եմ, ամենահարմար թեկնածուն Մանվել Գրիգորյանն էր։ Եվ համագումարի ամբիոնն էլ ճիշտ օգտագործվեց։ Երեւաց, որ երկրապահների շարքերի տրամադրություններն ավելի շատ ընդդիմադիր էին, քան դիմադիր։ Շատ զգույշ էին արտահայտվում իշխանությունների մասին, իսկ քննադատությունն, ընդհակառակը, կատարում անթաքույց։ Ավելին չէի էլ ուզի, որ լիներ «Երկրապահում»։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել