Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԽԵԼՔՆԵՐԴ ԳԼՈՒԽՆԵՐԴ ՀԱՎԱՔԵՔ»

Մայիս 02,2002 00:00

«ԽԵԼՔՆԵՐԴ ԳԼՈՒԽՆԵՐԴ ՀԱՎԱՔԵՔ» Կոմկուսն ուզում է կրկին փորձել Պարզվում է, Կոմկուսն ամենաբանաստեղծական կուսակցությունն է։ Վերջին շրջանի որեւէ հանրահավաքի ժամանակ այնքան ոտանավոր չի հնչել, որքան ՀԿԿ Կենտկոմի հրավիրած մայիսմեկյան հանրահավաքում։ Օրինակ՝ փոքրիկ կոմունիստ, մասիսցի Գրիգորը բավականին հուզմունքով արտասանեց. «Ցնծա մարդկություն եւ թնդա աշխարհ, կոմունիստ եմ ես, ես կոմունիստ եմ։ Իմ մեջ ապրում է մի մեծ գաղափար, ես հանուն նրա պիտի պայքարեմ։ Կոմունիստ եմ ես, այսինքն՝ մարդ եմ»։ Ընդհանրապես, կոմունիստների հետ թեկուզ մի կարճ շփումը ստիպում է ինքզինքդ վիրտուալ աշխարհում զգալ։ Ընկերների համար Հանրապետության հրապարակը դեռ Լենինի հրապարակ է, հանրապետությունը բաժանված է, ասենք՝ Կիրովականի եւ Հոկտեմբերյանի, Նոյեմբերյանի եւ Լենինականի, իսկ երեխաները կարմիր վզկապավոր են։ Զարմանալին այն է, որ պիոներները հիմնականում գիտեն, թե ինչ է պիոներիան, եւ ով է Լենին պապին։ Իսկ տարեցները ընկեր Ստալինի նկարի հետ հրապարակ էին բերել նաեւ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանի նկարը։ Իրոք՝ կոմունիստները իրենց խոստումներից մեկը կատարեցին՝ հրապարակում շատ էին կարմիր պաստառները։ Նախորդ օրը ՀԿԿ խմբակցության անդամ Նորիկ Պետրոսյանը խորհրդարանում հայտարարել էր, թե նախագահ Քոչարյանը, հերիք չի, կարմիր ժապավեն է կտրում, դեռ հայտարարում էլ է, թե այդ գույնը ցուլերին կատաղեցնում է։ Ընկեր Նորիկը քաջաբար հայտարարել էր, որ իրենք մայիսի 1-ին ոչ թե մի նեղլիկ կարմիր ժապավեն են բերելու, այլ հրապարակը ողողելու են կարմիր պաստառները, «եւ որ ցուլն ուզում է, թող կատաղի»։ Կատաղության կոնկրետ դեպքերի ականատես չեղանք, բայց կոմունիստները, եթե իրոք 50-60 հազար են (թիվ, որը խիստ կասկածելի է), ապա Հանրապետության հրապարակում պարզապես ասեղ գցելու տեղ չպետք է լիներ։ Այդպես չէր ե՛ւ բազմամարդության, ե՛ւ քաղաքական հայտարարությունների ու կոչերի տեսանկյունից. ընդդիմադիր 13 կուսակցությունների հանրահավաքները Ազատության հրապարակում առավել ազդեցիկ են։ Հիմնական զանգվածը բերվել էր շրջաններից, տարեցները կարծես միայն երեւանցիներն էին, որոնք հրապարակում սպասում էին երիտասարդ կոմունիստների շարասյուներին։ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը անվարան անցավ ոչ միայն իշխանությունների, այլեւ «ամերիկյան իմպերիալիզմի ֆաշիստական մտադրությունների» վրայով. «Տնտեսական աճը, ըստ իշխանությունների, պայմանավորված է նրանով, թե քանի կարմիր «լենտ» կկտրի ՀՀ նախագահը։ Վերջին ամիսներին կտրվել է 20 «լենտ» (ժապավեն- Մ. Ե.), ուրեմն ներկայացվում է 20% տնտեսական աճ։ Ժողովուրդը գիտի. որտեղ նախագահը «լենտ» է կտրում, ուրեմն՝ հաջորդ օրվանից այդ գործարանը չի աշխատելու (տեղից մարդիկ բղավում էին. «Ապրիս, ախպեր»- Մ. Ե.)։ Դրա վառ ապացույցը Կիրովականի քիմիական գործարանն է»։ Ա. Ղուկասյանը հայտնեց, որ նախագահի խոստումը՝ մինչեւ 2003 թվականը աղետի գոտի հասկացության վերացման մասին, սովորական սուտ է. «Այս հայտարարությունը լսելուց հետո Կիրովականի քաղաքային իշխանություններն անմիջապես անցնում են գործի՝ տնակների բնակիչներին վերաբնակեցնում են վթարային շենքերում եւ փոխանակ գումարներ ծախսեն վթարային շենքերի ամրացման համար, այն օգտագործվում է, այսպես կոչված, դպրոցաշինության համար, եւ օրերս, ասում են, սկսվելու է նաեւ մանկապարտեզաշինությունը։ Եվ օրինական հարց է առաջանում՝ ո՞ւմ համար, եթե ամեն օր մի քանի ավտոբուսներով Կիրովականից հեռանում են հարյուրավոր ընտանիքներ (տեղից մի քանի կանայք՝ «խի, մենակ Կիրովականո՞ւմ»- Մ. Ե.)։ Կոմունիստ, պրոֆեսոր Ռազմիկ Արզոյանը յուրովի խմբագրեց հայ ժողովրդի վերածննդի ժամանակաշրջանը. «Այն հրապարակը, որը սխալմամբ կոչվում է Ազատության հրապարակ, այն հրապարակում, որտեղ (ներեցեք այս բառերի համար) աղավաղեցին եւ բռնաբարեցին ազատության գաղափարը եւ սկիզբ դրեցին ազատազրկման եւ գաղութացման գործընթացին…»,- մնացածը կարեւոր չէ, կրկնել այդ ամենը, նշանակում է՝ ոչինչ չասել։ Այնուհետեւ Ռ. Արզոյանը նկարագրեց մի կերպար, որը այսօր, ըստ իրեն՝ տեր ու տնօրեն է. «Գլուխը փոքր-ինչ քառակուսի, ձմռանը՝ դուբլյոնկա հագած, ամռանը՝ ֆիրմա վերնաշապիկ եւ շալվար հագած մի անձնավորություն, որը բջջային հեռախոսն ականջին, վարում է իր առեւտրական գործերը։ Բայց, ներեցեք, այդ խեղճ հայվանը, այդ անասունը ի՞նչ կարող է տալ ժողովրդին։ (…) Մենք ինքներս այսօր մեր ձեռքով նրան բարձրացրել ենք պետական իշխանության մակարդակի»։ Եզրակացությունը մեկն էր՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, այս վիճակից դուրս գալու համար համախմբվեք Կոմկուսի շուրջ եւ առաջ՝ դեպի սոցիալիզմ։ Հանրահավաքի ողջ ընթացքում մի ծերուկ արձագանքում էր բոլոր ելույթներին՝ «մալադեց»։ Հանրահավաքում հնչեց նաեւ իշխանափոխության կոչ. «Հանրահավաքի եւ ամբողջ ժողովրդի անունից թույլ տվեք պահանջել հրաժարական՝ հեռացեք, հեռացեք, հեռացեք»։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ հետաքրքիր կստացվեր, որ լսելով հեռանալու պահանջը, իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հեռանային։ Այս միտքը հանրահավաքի մասնակից մի ծերուկի բոլորովին խելքին մոտիկ չէր թվում. «Ահա, դուք ասեցիք, Քոչարյանն էլ գնաց, մալադե՛ց»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել