Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասող տապանաքարեր

Մայիս 01,2002 00:00

Սպասող տապանաքարեր Կոմիտասի անվան պանթեոնը, ուր հանգչում են մեր մշակույթի երախտավորները, միակը չէ։ Արցախի պատերազմը պատճառ եղավ, որպեսզի լինի Եռաբլուր։ Եռաբլրի բարձունքում արդեն քանի տարի է ոչ այնքան բարձր տուֆակերտ հուշաքար է կանգնեցված, որին Մեծ Հայքն է քանդակված։ Այդ հուշաքարի կողքին երեք տասնյակից ավելի բազալտակուռ տապանաքարեր են կողք-կողքի դրված, որոնց վրա փորագրված են անուններ՝ Լեւոն Էքմեքճյան, Մկրտիչ Մատարյան եւ այլն։ Ոմանք դրանց կողքով անտարբեր են անցնում, ոմանք էլ մոտենում են, երբեմն էլ ծաղիկներ դնում՝ չիմանալով, որ դրանք Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մահապարտ հայորդիների տապանաքարերն են։ Օտար ափերում Հայաստանի համար պայքարող, գերտերությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա բեւեռելու փորձ արած քաջորդիների վերջին հանգրվանն է այդտեղ լինելու։ Այո, լինելու է, դեռ պիտի լինի, ոչ թե եղել է։ Շատերը կզարմանան, թե ինչպե՞ս։ Կզարմանան, որովհետեւ տապանաքարերը դեռ սպասում են իրենց տերերին։ Ոչ մի երկրում նման բան չի եղել, որ գերեզմանատեղը փորեն, տապանաքարը դնեն, իսկ աճյունը չլինի։ Դեռ մի քանի տարի առաջ Հայկական ժողովրդային շարժման նախաձեռնությամբ որոշվեց, որ Հայաստանը չտեսած, բայց մեծ հայրենիք երազած մահապարտ հայորդիների աճյունները տեղափոխվեն եւ հանձնվեն մայր հողին։ ՀԺՇ-ի նախաձեռնությունը խրախուսելի էր։ Բայց արժե՞ր ժամանակից առաջ անցնելու փորձ անել՝ մանավանդ ի սկզբանե պարզ էր, որ հսկայական գումարներ են անհրաժեշտ աշխարհի տարբեր ծայրերից նրանց աճյունները հայրենիք տեղափոխելու համար։ Քայլն ամեն դեպքում ողջունելի կլիներ, եթե անհրաժեշտ գումար ունենալուց հետո գերեզմանատեղերը փորվեին։ Այդ դեպքում չէին լինի աճյունազուրկ տապանաքարեր։ Այժմ Եռաբլրի բարձունքում տապանաքարերը սպասում են, ու թե որքան պիտի սպասեն՝ ցույց կտա ժամանակը։ Ի դեպ, ՀԺՇ անդամ Տիգրան Փաշաբեզյանը դեռ հավատում է, որ մի օր աճյուններն այնուամենայնիվ կհասնեն Հայաստան։ Ըստ նրա, ՀԺՇ-ն որեւէ մեկից աջակցություն այս հարցում չի ակնկալել եւ չի ակնկալում, քանի որ մտադիր է ինքնուրույն ավարտին հասցնել իր նախաձեռնած գործը։ Սակայն դա չի նշանակում, թե Եռաբլուր այցելող պատգամավորներն ու կառավարության անդամները եւս պիտի անտարբեր մնան։ Ուրեմն ի՞նչ, մնանք սպասո՞ղ։ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031