Լրահոս
Օրվա լրահոսը

Առգրավվում բանկից. գրավը չի պաշտպանվել

Մայիս 01,2002 00:00

Առգրավվում բանկից. գրավը չի պաշտպանվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ Սիմիզար Հովսեփյանի, երեկ շարունակվեց Գրիշա եւ Կլաշա Գրիշյանների հայցի քննությունը։ Պատասխանողներն էին «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն (հանձին իրավաբանական բաժնի պետ Արմեն Պետրոսյանի) եւ ՀՀ Զինվորական դատախազությունը (լիազորել էր քննիչ Կոսակյանին եւ դատախազ Մելիքսեթյանին)։ Հայցվորի ներկայացուցիչ փաստաբանն էր Աշոտ Հակոբյանը, որը դատավորի ակնարկած հաշտությանը պատասխանեց, որ այն կլինի, եթե պատասխանողները վերադարձնեն հայցագինը։ Ըստ հայցվորների, 1997թ. սեպտեմբերի 26-ին բանկի եւ Կ. Գրիշյանի միջեւ կնքվել է վարկ տրամադրելու մասին թիվ 068 պայմանագիր, որի համաձայն, հայցվորին տրամադրվել է 12.072 ԱՄՆ դոլար վարկ։ Մարման ժամկետը եղել է 90 օր, 6% ամսական տոկոսադրույքով։ Կլաշա Գրիշյանը իրեն պատկանող «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան գրավ է դրել բանկում։ Զինդատախազությունը հայցվորի որդու՝ Գրիշա Գրիշյանի դեմ հարուցված քրգործի կապակցությամբ բանկից առգրավել է ավտոմեքենան։ Մինչեւ վարկի մարումը։ Գրավ դրած ավտոմեքենան գնահատվել էր 17 հազար ԱՄՆ դոլար։ Պայմանագիրը գրավատուի կողմից չի խախտվել, սակայն բանկը, տվյալ դեպքում հանդես է եկել որպես անհուսալի գործընկեր։ Որ նա, իրոք, հանդես է եկել իբրեւ անհուսալի պայմանագրային կողմ, երեւաց երեկ՝ նրա ներկայացուցչի բացատրություններից։ Հերիք չէ, որ բանկը իր մոտ գրավ դրված սեփականատիրոջ ավտոմեքենան հանձնում է Զինվորական դատախազությանը, հանդես է գալիս մեկ այլ դատարանում այդ մեքենայի օրինական տիրապետող։ Նշանակելով փորձագիտական եզրակացություն, նախ սահմանվում է մեքենայի «շուկայական» գինը (1998թ. մարտին) 12 հազար դոլար, իսկ 2000թ. օգոստոսի դրությամբ՝ 7500 դոլար։ Ի՞նչ է ստացվել. գրավի առարկայի գինը, որը պետք է ապահովեր վարկի կատարումը, չի ապահովվել… Իսկ ինչպե՞ս է բանկից առգրավվել (մեկ այլ քրեական գործով անցնողի «օգտին») իրեն պահ տրված ավտոմեքենան։ Այս առումով ուշագրավ երկխոսություն ծավալվեց բանկի ներկայացուցչի եւ հայցվորի փաստաբանի միջեւ. – Խուզարկության որոշում ունեի՞ք։ – Չունեի։ – Առգրավման արձանագրությո՞ւն։ – Պետք է նայեմ։ – Ի՞նչն առգրավվեց։ – Տեխնիկական անձնագիրն ու բանալիները։ – Իսկ ավտոմեքենա՞ն… – Ավտոմեքենան եղել է Կ. Գրիշյանի ավտոտնակում։ – Այդ տարածքից, եթե առգրավվում է կատարվում, ինչի՞ հիման վրա էր… – Չունեմ այդպիսի փաստաթուղթ։ ԶԴ ներկայացուցիչները չգիտես ինչու հայցվորին հարցնում էին, թե ինչո՞ւ է այդքան ուշացած դիմել դատարան։ Իսկ թե ինչո՞ւ՝ կտեղեկացնենք մեր հաջորդ համարում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031