Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՏԸ՝ ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԿԵՐՊ

Մայիս 01,2002 00:00

ՍՈՒՏԸ՝ ՈՐՊԵՍ ԿԵՆՍԱԿԵՐՊ Եվ այսպես, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը չի մասնակցի մայիսի 2-4-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Ափսոս։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ նախապատրաստվելու համար բավականին ջանքեր ու միջոցներ էին տրամադրվել։ Անկեղծ ասած, երբ զրուցում էինք մարզաձեւի ղեկավարների հետ, նրանք միաբերան հավաստիացնում էին, թե մրցավայր էին գործուղելու միայն ամենաարժանավորներին, նրանց, ովքեր պայքարելու էին միմիայն չեմպիոնության եւ այլ մեդալների համար։ Սակայն, ինչպես ենթադրելի էր, մեր արեւելյան հարեւանը, հավատարիմ իր էությանը, գերադասեց պայքարը մարզական ոլորտից թաքուն տեղափոխել այլ հարթություն՝ գերադասելով թիկունքից գործելը, որով նրանք անվերապահորեն մրցակցությունից դուրս են մրցագորգի վրա տղամարդուն վայել դիմակայությունից։ Ինչ արած, դա գոնե մեզ՝ հայերիս համար, նորություն չէ։ Երկու օր առաջ տեղեկացանք, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Միլան Էրցեգանը, ի պատասխան մարզաձեւի մեր ֆեդերացիայի պաշտոնական նամակի, որով նրա ղեկավարած կազմակերպությանն առաջարկվել էր օգնել ադրբեջանցիների հետ կապ հաստատելուն, որից, ի դեպ, կազմակերպիչները համառորեն հրաժարվում էին, չնայած հայկական կողմի գործադրած բոլոր հնարավոր տարբերակներին, պատասխանել է, մեղմ ասած, տարօրինակ ու տարակուսելի ձեւակերպումներով։ Էրցեգանի նամակից հայտնի է դառնում, որ նրա բացակայության ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են FILA-ի Գլխավոր վարչություն եւ հանդիպել փոխնախագահ Մարտինետտիի հետ՝ վերջինիս տեղեկացնելով, իբր թե մեր ֆեդերացիան չի ներկայացրել ո՛չ նախնական, ո՛չ վերջնական որեւէ հայտ։ Եվ համաձայն FILA-ի կանոնադրության եւ ֆորմալ (?) պատճառների, մեր երկիրը չի կարող մասնակցել վերոնշյալ առաջնությանը։ Այս վճիռը կայացրել է FILA-ի գործադիր կոմիտեն՝ վերջինիս անդամների մեծամասնության որոշմամբ, այն էլ՝ Էրցեգանի հետ քննարկելուց հետո։ Բնական է, որ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան նույն օրը հիմնավորված հակափաստարկներով պատասխանել է Էրցեգանին։ Բայց այստեղ տարօրինակն այն է, որ FILA-ի գործկոմը, չգիտես ինչից ելնելով, անվերապահորեն հավատացել է ադրբեջանցիների ստին ու հապշտապ որոշում կայացրել՝ մոռացության տալով նաեւ այն կարեւորագույն փաստը, որ կանոնակարգով հայտերի ներկայացման վերջնական ժամկետը սահմանված է ապրիլի 30-ը (Էրցեգանի պաշտոնական պատասխանն ստացվել է ապրիլի 26-ին)։ Ինչեւէ, մի բան արդեն իսկ հաստատ է. Հայաստանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Մի կողմից դա գուցեեւ լավ է, քանի որ ադրբեջանցիները ի վիճակի չէին ապահովել մերոնց անվտանգությունը։ Պարզապես, ցավալի է, որ նրանք իրենց ապաշնորհությունը, նենգությունը փորձում են սքողել ամեն հնարք օգտագործելով, մեղքն ուրիշների վրա բարդելով։ Եվ ավելի ցավալի է, որ սուտը ճշմարտության տեղ ընդունողներ կան՝ ի դեմս FILA-ի եւ նրա նախագահի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031