Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ «ՀԱՎԵՍ» ՉԿԱ

Մայիս 01,2002 00:00

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ «ՀԱՎԵՍ» ՉԿԱ «Այսօր չեն կարողանում ապացուցել՝ ո՞վ է մեղավոր այն օրենքի համար, որով փակվել է «Ա1+»-ը։ Որովհետեւ ստեղծել ենք բացարձակապես ռեակցիոն շղթա. չի աշխատում ընտրության մեխանիզմը, մարդիկ կաշառքով ու ծանոթությամբ են հայտնվում պառլամենտում, ինչի արդյունքում այն չի արտահայտում ժողովրդի շահը»,- համոզված է «Արժանապատիվ ապագա» կուսակցության լիդեր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը։ Ըստ նրա, այս ամենը դեռ երկար կշարունակվի, քանի դեռ խորհրդարանը ամբողջովին համամասնական ընտրակարգով չի ձեւավորվում։ «Երկրում պետք է լինեն խոշոր կուսակցություններ, որոնք էլ պետք է ստանձնեն պատասխանատվություն քաղաքական կուրսի համար,- կարծում է Լ. Հարությունյանը,- եւ երկիրը, որը չի կարող ունենալ լեգիտիմ ընտրովի մարմիններ, չի էլ կարող իրացնել ժողովրդավարության՝ իշխանությունը ժողովրդին պատկանելու հիմնական սկզբունքը»։ «Արժանապատիվ ապագա» կուսակցության ղեկավարը խոշոր քաղաքական ուժերի (որոնք վերջապես պատասխանատվություն կստանձնեին) առաջացման հույսը համարում է կուսակցությունների խոշորացումը, որը, սակայն, «չպետք է գնա ուժի դիրքերից»։ Նա նաեւ անթույլատրելի է համարում «ապագայի ձեւավորումը նախորդ ընտրությունների բազայի վրա», որովհետեւ «դրանք եղել են ոչ լեգիտիմ, ու հենց այդ ընտրությունների պատճառով է ձեւավորվել այսօրվա վիճակը»։ Լ. Հարությունյանը հայտարարեց, որ «Արժանապատիվ ապագան» իր դաշնակիցն է համարում «բոլոր առողջ քաղաքական ուժերին, ովքեր պայքարելու են հասարակության բարօրության համար»։ Թե կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ, այդպես էլ չասաց։ Փոխարենը նշեց, որ չեն համագործակցելու ՀՀՇ-ի հետ։ Լյուդմիլա Հարությունյանի կարծիքով, «Արժանապատիվ ապագայի» համար պաշտոնական նախընտրական արշավը դեռ չի սկսվել, քանի որ կուսակցությունը այսօր լուծում է այլ խնդիր՝ «թե քաղաքական ինչպիսի այլանսների մեջ է լինելու»։ Ի դեպ, նա առողջ ու ոչ առողջ ուժերին հետեւյալ կերպ տարանջատեց՝ պայմանականորեն նրանց անվանելով «հասարակության բարենորոգման» եւ «իշխանության փոփոխման ձգտող ուժեր»։ Նաեւ ասաց, որ իշխանությունը ինքը պետք է որոշի այդ ֆոնի վրա իր տեղը։ Լ. Հարությունյանը պատկերացրեց այն երանելի պահը, երբ «առողջ քաղաքական ուժերը վերջապես կձեւավորեն առողջ եւ ուժեղ քաղաքական դաշինք, որն էլ կառաջարկի իշխանություններին երկխոսել կարեւորագույն հարցերի շուրջ (ռազմավարություն, աղքատություն, քաղաքական ռեֆորմ, կառավարման բարեփոխումներ, բանակցություններ ընտրությունների շուրջ եւ այլն)։ Իսկ իշխանության գրավումը նա իր կուսակցության համար համարեց ոչ քաղաքական խնդիր եւ ի լուր որոշ ուժերի («որոնց թվում է, թե իշխանության գրավմամբ Հայաստանում դրախտ կստեղծվի») հայտարարեց, որ վերջիններիս հետ համատեղ ճանապարհ չի գնա։ Նա մեղադրեց քաղաքական ուժերին, որոնք այնպես չեն գործում, որ Հայաստանում ձեւավորվի երկխոսություն։ Օրինակ, «Ա1+»-ի կոլեկտիվի հետ հանդիպելու նախագահի առաջարկը դրական գնահատեց՝ ափսոսալով, սակայն, որ երկխոսությունը չստացվեց։ Եվ որ այն գուցե լավ դաս կլիներ իշխանությունների համար՝ երկխոսելու առումով։ Լ. Հարությունյանի կարծիքով, իշխանությունները երկխոսության գնալու ոչ պրակտիկա, ոչ էլ մշակույթ ունեն։ Ըստ նրա, երկխոսելու ցանկություն չի եղել դեռ 88-ից սկսած. «Մեր երկրում երկխոսություն չի եղել սոցիալիզմի ժամանակ, ղարաբաղյան շարժման տարիներին կային ընդամենը առաջնորդներ եւ միտինգավորներ (թեեւ դրանք պայծառ ժամանակներ էին), իսկ 91-ից երկխոսությունը վերջացել է մինչ այսօր։ Ամեն դեպքում, 99-ին, երբ իշխանությունը փոխվեց, նոր իշխանության ներկայացուցիչները մտավորականներին հրավիրեցին երկխոսության։ Սակայն հենց այստեղ էլ երկխոսելու «հավեսը փախավ»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031