Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամուտն ու արդյունքը

Մայիս 01,2002 00:00

Եկամուտն ու արդյունքը Որ աշխատավարձը պետք է համապատասխանի կատարված աշխատանքին, ոչ ոք չի հերքում։ «Կատարված աշխատանք»-ի տակ էլ թերեւս պետք է նկատի ունենալ այդ ընթացքում ձեռք բերված արդյունքը, որն իր հերթին պայմանավորում է կենսամակարդակի ցուցանիշը։ Լավ ես աշխատում՝ շատ ես վարձատրվում. ահա եզրահանգումը։ Ինչպիսին է պատկերը մեզանում։ Դիտարկենք թիվ 1 պաշտոնյայի տարբերակը։ 1998թ. դեկտեմբերի 28-ին ԱԺ-ն սահմանեց պաշտոնյաների աշխատավարձը։ ՀՀ նախագահի համար սահմանվեց 200.000 դրամ, այն ժամանակվա արտարժույթով մոտ 400 դոլար։ ԱՄՆ նախագահի հետ համեմատությունը անհարկի ենք համարում, քանզի նա 280 մլն բնակչությամբ երկրի ղեկավար է, ամբողջ 34.000 դոլար ամսական վաստակով։ Փորձենք համեմատությունը իրականացնել մոտ 3 մլն բնակչություն ունեցող եւ մեր ինքնուրույնությունից ոչ պակաս անկախ Այովա նահանգի ղեկավարի ստացածի հետ։ Վերջինիս ամսական աշխատավարձը 9.000 դոլար է, մեր նախագահի ստացածի քսաներկուապատիկը։ Առաջին հայացքից մեծ թիվ է ստացվում, սակայն ընդունեցինք, որ աշխատավարձը պետք է արտացոլի կատարված աշխատանքի արդյունքը։ Այս պարագայում արդեն թվերը այլ պատկեր են ցուցադրում։ Հարցն այն է, որ Այովայի նահանգում տարեկան արտադրվող համախառն ներքին արդյունքը քառասուներեքապատիկ է, ավելին, մեր 2 մլրդ ՀՆԱ-ի համեմատ։ Ստացվում է, որ Այովայի ղեկավարը ՀՀ ղեկավարի աշխատավարձի քսաներկուապատիկը ստանալով քառասուներեքապատիկ արդյունք է ապահովում։ Հարցը դիտարկենք մեկ այլ առումով։ Վայոմինգ նահանգը ունի 490 հազար բնակիչ, մոտ այնքան, որքան Լոռու մարզը։ Նահանգապետի ամսական աշխատավարձը 8.000 դոլար է, մեր մարզպետինը՝ 130.000 դրամ, սահմանման ժամանակաշրջանի կուրսով՝ մոտ 260 դոլար։ Ստացվում է երեսունապատիկ աճ։ Բայց երբ ծանոթանում ենք աշխատանքի արդյունքում ստեղծված թվերին, չգիտենք՝ խնդա՞նք, թե՞ լանք. համախառն ներքին արդյունքի ցուցանիշով դրանք Վայոմինգում ավելին են ամբողջ… 150 անգամ, կազմելով 17,5 մլրդ դոլար։ Թե ինչպես են ԱՄՆ-ում կարողանում նման արդյունքի հասնել, մեզ համար ուղղակի անըմբռնելի է հենց թեկուզ այն առումով, որ Վայոմինգի աշխատունակ բնակչության ընդամենը 4,6%-ն է արտադրությունում զբաղված։ Այսուհանդերձ, գերտերության բնակչության 0,2%-ը կազմող այս նահանգում մեկ բնակչի հաշվով տարեկան ապահովվում է 27,2 հազար դոլարի ՀՆԱ, որը ՀՀ ցուցանիշը գերազանցում է նվազագույնը 120 անգամ։ Անկեղծ ասած, ոչ մեկը դեմ չէ, որ մեր պաշտոնյան բարձր վարձատրվի։ Երբ հիշյալ նիստում ասվեց, որ վարչապետին 170 հազար դրամ աշխատավարձ պետք է սահմանել, նախարարներին՝ 140 հազար, դատավորներին՝ 110 հազար, հիմնավորումն այն էր, թե նրանց հարկավոր է կտրել առօրյա ապրուստի մտահոգությունից, որպեսզի մի գեղեցիկ օր էլ նման արդյունք ձեռք բերվի երկրի միլիոնավոր մարդկանց համար։ Անցել է ամբողջ 3,5 տարի։ Հեռու ենք մնում գնահատականներ տալուց, այն թողնելով արված համեմատությունների արդյունքում իրոք բարձր աշխատավարձեր ստացող մեր ղեկավարներին։ Երբ այս թվերը մինչ թղթին հանձնելը հայտնեցի միջին օղակի մի պաշտոնյայի, դժգոհեց, թե շատ երկրների իր գործընկերների համեմատ, իրենց ստացածը ընդամենը լումաներ են, իսկ ծախսա՞ծը։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031