Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՋԸՆԹԱՑ»՝ ԸՍՏ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ

Մայիս 01,2002 00:00

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՋԸՆԹԱՑ»՝ ԸՍՏ ԷՆԵՐԳԵՏԻԿՆԵՐԻ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը վստահեցնում է, որ էներգետիկ համակարգում երեք ամիս առաջ սկսած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում համակարգն ավելի վերահսկելի է դարձել։ Ըստ նախարարի, դրանց շնորհիվ աշխատավարձի պարտքը չի ավելացել, գազի դիմաց վճարումները ամբողջությամբ կատարվում են, գազի գինը չբարձրացավ։ Բացի այդ, գազի մատակարարների մոտ վստահություն է առաջացել հայ սպառողի նկատմամբ։ Ըստ հայ սպառողի։ Նախարարության մշակած կարճաժամկետ (եռամսյա) ծրագրով նախատեսվում է նաեւ մինչեւ տարեվերջ միջուկային վառելիք եւ գազի նոր խմբաքանակ ձեռք բերելու հնարավորություններն ապահովել։ Ֆինանսական վիճակն, ըստ պրն Մովսիսյանի, կայունանում է, եւ իրենք կարողանում են նույնիսկ «լուրջ վերանորոգումների համար» գումարներ հատկացնել։ Այստեղ առաջնությունը տրվում է արտադրող կայաններին։ Վերջերս առատ անձրեւների պատճառով հաճախակի դարձած վթարները, որոնց արդյունքում բնակելի թաղամասերը 15-20 ժամով հոսանքազրկվում են, վերանորոգման առաջնայնություն չեն ապահովում։ «Բավական մեծ ներդրումներ պահանջող խնդիր է»,- ասաց նախարարը։ Նախնական տվյալներով այդ «բավական մեծ»-ը 100 մլն դոլար է։ Ա. Մովսիսյանն ասաց, որ այդ վերանորոգումները ԲԷՑ-երի սեփականաշնորհման պայմաններից են եղել։ Նախարարը համաձայն չէ, որ ԲԷՑ-երի հետ կապված վերանորոգումները հետին պլան մղելը կարող է պայմանավորված լինել դրանց դեռեւս չհստակեցված կարգավիճակով (սեփականաշնորհման անհաջող փորձերից հետո դրանք այժմ պատրաստվում են հանձնել հավատարմագրային կառավարման)։ Նա գտնում է՝ վերանորոգումն անհրաժեշտ է. «Կամ մենք պետք է անենք, կամ՝ ներդրողը»։ Ընդ որում, եթե՝ «մենք», դա արդեն կբարձրացնի ԲԷՑ-երի գինը։ Բայց, նախարարը հավաստիացնում է, որ եկող տարի ձմռանը վթարայնության մակարդակը երեք անգամ կիջնի։ Ի դեպ, ԲԷՑ-երի մասնավորեցման ձախողումները ոչ միայն մեզ համար փորձ են եղել, այլեւ ապագա ներդրողների համար՝ դրանց ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն։ Հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրերի նախագիծը, համաձայն կառավարության որոշման, պետք է պատրաստ լինի տարվա կեսին։ Դրա առկայության դեպքում տարվա վերջին կհայտարարվի մրցույթը։ ԲԷՑ-երի ճակատագիրը դեռ վճռված չէ, սակայն արդեն փնտրվում են ատոմակայանն առավել արդյունավետ աշխատեցնելու ձեւերը, որոնցից առավել ընդունելին դեռ չի երեւում։ Ա. Մովսիսյանը համենայնդեպս տեղեկացրեց, որ մեր նման փոքր երկրի համար դժվար է ատոմակայան շահագործելը։ Թեեւ նրա ներկայացրած թվերը կարծես դա չեն հաստատում։ Մասնավորապես, ատոմակայանի վերագործարկումից հետո՝ որպես արտադրանքի դիմաց ֆինանսական կանխիկ վճարում տրվել է 40 մլրդ դրամ։ «Հայէներգոն» իր պարտքից ատոմակայանին 80 մլն տվել է, պարտքը մնացել է մոտավորապես 130-140 մլն։ Սակայն գրանտների եւ վարկերի տեսքով, նախարարի հավաստմամբ, ծրագրային աշխատանքների կատարման համար ատոմակայանին կառավարությունը 130-140 մլն դոլար է հատկացրել։ Եվ սա՝ նկատի ունենալով ատոմակայանի բացառիկ նշանակությունը։ Այնպես որ, նախարարի եզրակացությամբ, ատոմակայանը ֆինանսական պրոբլեմներ չունի, իսկ դրա սեփականաշնորհման մասին խոսք լինել չի կարող, համենայնդեպս, մինչեւ օրենքում փոփոխություն կատարվի։ Նախարարը շատ հպարտացավ 1,7 մլրդ դրամի էլեկտրաէներգիա հաշվառման դաշտ բերելու, վարձավճարի հավաքագրման ցուցանիշը 2002-ի առաջին եռամսյակում 90%-ի հասցնելու փաստերով։ Ա. Մովսիսյանը հավաստիացնում է, որ բանկային համակարգի հետ պրոբլեմ չունեն, ամսական 2 մլն դոլարի չափով գումար տրվում է որպես ապառքներ եւ տոկոսներ՝ ընդհանուր 50 մլն դոլար պարտքի դիմաց։ Համակարգում կատարված կրճատումները եւս մի ավանդական խնդիր ունեն լուծելու՝ հսկիչներին մանեւրելու քիչ տեղ թողնելու։ Այս տարի 79 քրեական գործ է հարուցված չարաշահման փաստով, իսկ դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի միայն 10%-ն է վերականգնված՝ մոտավորապես 32 մլն դրամ։ Եվս 33 մարդու գործ նախարարի սեղանին է։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել