Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ԵԿՄ-Ն

Մայիս 01,2002 00:00

ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ԵԿՄ-Ն Մինչ ԵԿՄ 5-րդ համագումարը, երբ երկրապահներից հետաքրքրվում էինք, թե որեւէ սուր ելույթ սպասվո՞ւմ է՝ բոլորը հիշատակում էին Վահան Շիրխանյանին։ Սակայն նա ո՛չ ելույթ ունեցավ, ո՛չ էլ ԵԿՄ վարչության առաջարկած վերընտրվողների ցանկում կար նրա անունը (ինչպես նաեւ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի, Աստվածատուր Պետրոսյանի, Դավիթ Զադոյանի եւ այլոց)։ Վահան Շիրխանյանը նախապես լրագրողներին էր բաժանել մի հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր. «ԵԿՄ վերնախավը որդեգրել է տխրահռչակ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը։ (…) Հետսպարապետյան գեներալիտետը «ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ» կարգախոսի տակ վարում է զուտ իշխանամետ, կասեի՝ իշխանապաշտ քաղաքականություն։ Սա ինձ համար խիստ վիրավորական է։ Ի դեպ, ԵԿՄ շարքային կազմը եղել եւ մնում է ժողովրդի անբաժանելի մաս։ Իշխանություն-ժողովուրդ խորը առճակատման պայմաններում, քանի դեռ այս վերնախավը չի վերադարձել դեպի ժողովուրդ, ես նրանց հետ անելիք չունեմ»։ «Առավոտի» հարցին, թե ի՞նչն իրեն մղեց այս ամենը չասել համագումարի ամբիոնից, պրն Շիրխանյանը պատասխանեց. «Համագումարի ընթացքը՝ դասավորած, կազմակերպած, որն ունենալու էր նախօրոք պայմանավորված ավարտ։ Եվ հաջորդ երկու տարիներին նույնպես ԵԿՄ-ն չի ունենալու հստակ դիրքորոշում, երկրապահական կեցվածք։ Ես համոզվեցի ընթացքից, որ այդպես է լինելու, դրա համար էլ ավելորդ համարեցի ելույթ ունենալ ու եւս մեկ անգամ կրկնել պարզ ճշմարտություններ, որոնք չեն ընկալվելու»։ Շիրխանյանի հետ զրույցը կայացավ համագումարի կեսին եւ նա կանխատեսեց, թե ինչ է լինելու ավարտը. «Անդեմ հայտարարություն, գրեթե նույն վարչության կազմը՝ բացի մի քանիսից, որոնք դեմ են եղել իշխանության վարած կուրսին»։ Պետք է նշել, որ մասամբ իրականացած կանխատեսում էր եւ հայտարարությունը մասամբ էր անդեմ, իսկ ԵԿՄ վարչությունում էլ վերընտրվեցին ե՛ւ իշխանամետներ, ե՛ւ ընդդիմադիրներ։ Ուստի եւ՝ իրոք կոմպլեմենտար է ԵԿՄ-ն։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել