Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ԿԱՄՈՒՍՆԱՆԱ՞Ն

Մայիս 01,2002 00:00

ՀՀԿ-Ն ԵՎ ՀՅԴ-Ն ԿԱՄՈՒՍՆԱՆԱ՞Ն Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մի տարուց պակաս է մնացել, եւ բնական է, որ թե՛ ընդդիմադիր եւ թե՛ իշխանամետ դաշտերում անց է կացվում ուժերի վերջին ստուգատեսը: Կառավարման նախագահական համակարգը ենթադրում է. ա) ուժերի հստակ բաժանում՝ գործող նախագահին կողմ եւ դեմ, բ) նախագահամետ ուժերի որոշակի կոնսոլիդացիա: Ինչո՞ւ առաջին հերթին հենց նախագահամետ ուժերի. որովհետեւ նրանք արդեն իսկ օգտվում են իշխանական լծակներից (եւ, հետեւաբար, տնտեսական բարիքներից) ու լի են վճռականությամբ՝ դրանք պահպանելու: Մինչդեռ ընդդիմադիր դաշտում միշտ էլ խնդիր կա՝ ձուկը ջրում «բազառ» անելու: Ի՞նչ ուղղությամբ կարող է գնալ իշխանամետ ուժերի համախմբումը: Ես, օրինակ, շատ բնական կհամարեի, եթե Ռոբերտ Քոչարյանն իր մոտ կանչեր առանձին-առանձին ՀՅԴ-ի եւ Հանրապետական կուսակցության ղեկավարներին եւ պահանջեր, որ այդ երկու կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում նախընտրական դաշինք կազմեն՝ հետագայում պաշտոններ խոստանալով գործադիր եւ օրենսդիր իշխանության ամենայուղոտ տեղերում: Ընդ որում, նախագահը կարող է հարցը դնել իմպերատիվ ձեւով՝ կամ միավորվում եք, կամ երկուսիդ էլ «ռադ եմ անելու»՝ ինձ պաշտպանող ուժերը լիքն են: Եթե այդպիսի պահանջ հնչել է, ապա հանրապետականները նման նախընտրական միավորում ստեղծելու համար որեւէ խոչընդոտ չունեն: ՀՀԿ-ն դասական ետխորհրդային «իշխանության կուսակցություն» է, չինովնիկական նոմենկլատուրայի հավաքածու՝ առանց գաղափարների եւ առանց լուրջ շարքերի: Ժամանակին նրանք միացել են ՀՀՇ-ի հետ, այնուհետեւ՝ ՀԺԿ-ի, միայն թե մոտ լինեն իշխանական կերակրատաշտին: Նույնը չի կարելի ասել Դաշնակցության մասին: ՀՅԴ վերնախավը, կարծում եմ, դեմ չէր լինի այդ հերթական նոմենկլատուրային միավորմանը, բայց շարքային դաշնակցականները դժվար թե ոգեւորված լինեն նման հեռանկարով: Միավորմանը կարող է խանգարել նաեւ Սերժ Սարգսյանը, որը, որքան հայտնի է, խոչընդոտում է Դաշնակցության լիակատար մուտքը գործադիր իշխանություն: Եթե ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը, այնուամենայնիվ, կայանա, ապա մենք գործ կունենանք 1995-ի «Հանրապետության» կամ 1999-ի «Միասնության» հերթական տարբերակի հետ: Դրանից բխող բոլոր հետեւանքներով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել