Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՔԵՆԱՆ «ԿԱԼԱՆՎԵԼ Է» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Մայիս 01,2002 00:00

ՄԵՔԵՆԱՆ «ԿԱԼԱՆՎԵԼ Է» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ Ապրիլի 26-ի հանրահավաքը եւ ցուցարարների խաղաղ երթի տեխնիկական մասը սպասարկող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը հանրահավաքից հետո տարվել էր Պետավտոտեսչության տուգանային հրապարակ, պատճառաբանելով, թե իբր, ըստ օպերատիվ տվյալների նմանատիպ միկրոավտոբուսով վրաերթ է կատարվել եւ փորձաքննություն է անցկացվելու, որից հետո միկրոավտոբուսն ազատ կարձակվի։ Անցել է արդեն մոտ 5 օր, սակայն «Մերսեդեսը» շարունակում է «կալանված» մնալ։ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը մեզ հայտնեց հետեւյալը. «Հանրահավաքից հետո մեքենայի ետեւից այլեւայլ պատրվակներով եկել էին թվով մոտ 30 իրավապահներ, որոնց ամենափոքր կոչումը երեւի սերժանտն էր, իսկ ամենամեծը՝ փոխգնդապետներ էին (քաղաքի վարչության պետն էր, ՀՀ վարչության պետի տեղակալը եւ այլն), բոլորովին անհասկանալի էր, թե ինչո՞ւ երեկոյան, այդ ուշ ժամին հավաքվեցին եւ ինչպե՞ս այդքան արագ հավաքվեցին այդ խեղճ միկրոավտոբուսի գլխին։ Երբ որ տեսան, որ ես ներկա եմ, ասացին, թե որեւէ խնդիր չկա, պարզապես ժամանակին ինչ-որ չբացահայտված գործ է եղել, կասկածներ կան, որ նման մեքենայով էր, եւ խնդրեցին, որ մեքենան տարվի զննման։ Մենք կատարեցինք օրենքի պահանջը՝ տարանք մեքենան, չթողեցինք, որ ընդհարում լինի, չնայած կարող էր լինել։ Երեք օրվա ընթացքում զննումը կատարվեց եւ որոշվեց, որ տվյալ մեքենան որեւէ կապ չունի վերը նշված չբացահայտված գործի հետ»։ «Կալանված» մեքենան առայժմ ազատ չի արձակվել։ Երեկ առավոտյան մեքենան պետք է ազատ արձակվեր, սակայն ձգձգումները շարունակվում են եւ ակնհայտ է, որ մեքենան տարվել է հատուկ հրահանգով։ Երեկ արդեն թԸԼ-ի պետը չի վարանել հայտնել, որ խաղաղ երթի ժամանակ հնչած բարձրախոսները իբր խանգարել են։ Այսինքն՝ մեքենան քաղաքական պատճառներով է «կալանվել»։ Թեպետ, եթե իրավապահները օրենքները ժամանակին լավ սովորած լինեին, կիմանային, որ խաղաղ ցույցի ժամանակ կարելի է օգտագործել ե՛ւ մեքենա, ե՛ւ բարձրախոս, ե՛ւ սրտի ուզած կոչերը հնչեցնել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել