Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շառ-շուռ»

Մայիս 01,2002 00:00

«Շառ-շուռ» Գեներալ Մանվել Գրիգորյանը սովորաբար «տելեվիզորդ տար մի կողմ» է ասում՝ տեսնելով ձայնագրիչով լրագրողներին։ Ուստի եւ անակնկալ էր, որ երեկ պաշտպանության այս փոխնախարարը, վերընտրվելով վարչության նախագահի պաշտոնում, նույնպես մասնակցեց համագումարի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսին։ Համագումարը հայտարարություն ընդունեց, որում արձանագրված է. «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտականությունները հստակ կատարեին պետության անվտանգության ապահովմանը կոչված մարմինները»։ «Առավոտի» դիտարկմանը, թե այդ մարմիններից մեկն էլ ԱԱՆ-ն է, որի տվյալ շրջանի ղեկավարի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի, ուղերձը համագումարին երեկ երկրապահները ընդունեցին ծափերով, իսկ ԵԿՄ վարչության նախագահն էլ նրա ստորադասն է՝ նախ արձագանքեց ԵԿՄ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանը. «Անվտանգության ապահովմանը կոչված մարմինները միայն դա չէ, այլ նաեւ ՆԳՆ-ն, դատախազությունը»։ Այստեղ միջամտեց Մանվել Գրիգորյանը. «Իմիջիայլոց, տվյալ հսկողությունը ՆԳՆ-ի վրա էր եւ ոչ թե անվտանգության։ Էսքան գնում եք այնտեղ, չե՞ք իմանում՝ ով է հսկողություն սահմանում»։ Հետաքրքրվեցինք՝ այսինքն, ԱԱՆ-ն պատասխանատո՞ւ չէ դավադրությունը չկանխելու համար։ «Ազգային անվտանգությունը բոլոր տեղերում էլ պատասխանատու է։ Բայց տվյալ պահին շենքում ՆԳՆ-ն էր ծառայություն կատարում,- արձագանքեց Մանվել Գրիգորյանը։- Ո՞նց կարա ԱԱՆ-ն երկրում պատասխանատու չլինի»։ Հայտարարության մեջ նաեւ նշված էր. «ԵԿՄ-ն անբարոյականություն է համարում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի վարկաբեկմանն ուղղված քաղաքական որոշ ուժերի եւ առանձին անհատների քարոզչությունը»։ Խնդրեցինք որոշակիացնել, թե ովքեր են այդ «որոշ»-ները եւ «առանձին»-ները։ Մյասնիկ Մալխասյանը փորձեց խուսափել պատասխանից. «Մամուլը լավ տեղյակ է։ Դուք մեզանից լավ գիտեք, որ մամուլում հաճախակի նման հոդվածներ են տպվում ու նաեւ հեռուստատեսային հաղորդումներում է դրանց մասին խոսվում։ Դրանց ավելի որոշակի չենք կարող այժմ անդրադառնալ»։ Մանվել Գրիգորյանը, սակայն, հստակեցրեց, թե ում նկատի ունեն. «Ով որ գրել է թերթի մեջ։ Անկախ նրանից, թե ով է՝ ինչ տարբերություն։ «Գոլոս Արմենիին» է, «Հայոց աշխարհը»…»։ Հետաքրքրեց նաեւ Մանվել Գրիգորյանի տեսակետը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի պնդումների վերաբերյալ, թե ԵԿՄ վարչության անդամների ընտրության ժամանակ ապօրինություններ են եղել. «Սխա՛լ է ասել… Նստած տեղից եթե չի ելել՝ ո՞նց է իմացել»։ «Առավոտը» հիշեցրեց Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի կշտամբանքները ԵԿՄ վարչությանը, որ հետեւողական եւ սկզբունքային չեն եղել։ Քանի որ վարչությունը հիմնական մասով վերընտրվեց՝ նշանակում է, թե այդ կշտամբանքներն անտեղի՞ էին համարում։ «Տո շատ բաներում ճի՛շտ էր ասում»,- պատասխանեց Մանվել Գրիգորյանը։ Նկատեցինք, թե, մեր կարծիքով, այդ կշտամբանքներն առաջին հերթին իրեն էին ուղղված. «Դե, որ ընձիկ էր՝ ավելի լավ։ Ես ընդունում եմ»։ Քիչ անց մեկ այլ լրագրող հարց տվեց Գրետա Սարգսյանի ելույթի մասին, ու Մանվել Գրիգորյանը պնդեց. «Սա, շատ լա՛վ ա արել, ինչ ասել ա։ Ասինք՝ լավ ա արել, տեղին ա ասել։ Էլ թազա ինչ եք… Վայ թե՝ քիչ ա ասել դեռ։ Պիտի էթանք՝ առանձին էլ ասի»։ Մի հարց էլ եղավ, թե ԵԿՄ-ն ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելու համար, եւ պաշտպանության փոխնախարարը մատնացույց արեց ԵԿՄ վարչության մեջ վերընտրված (ընդամենը 382 ձայնով) վարչապետին, թե ինքը կանի. «Կընդառաջի ու կաշխատի՝ ինչքան լավ բան կա՝ մեր համար անի»։ Հիշեցրինք, թե Արմեն Սարգսյանը դժգոհեց, որ անցած 2 տարում Անդրանիկ Մարգարյանը 1 անգամ է մասնակցել վարչության նիստին. «Մեկ անգամ չէ, մի քանի անգամ է։ Ինքն էլ ա։ Ուշ-ուշ են եկել, իրար չեն տեսել»։ Ասուլիսի գրեթե վերջում ԵԿՄ-ի «Մեր հաղթանակը» հաղորդաշարի ներկայացուցիչը շնորհավորեց նորընտիր վարչությանը։ «Տո, հազի՛վ,- զվարթացավ Մանվել Գրիգորյանը։- Թե չէ՝ մենակ շառ-շուռ եք ուզում ման գաք, որ մի բան սարքեք»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել