Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ»

Մայիս 01,2002 00:00

«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ» ԵԿՄ V համագումարում լավագույն ելույթը Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանինն էր։ Այլ ելույթների կանդրադառնանք առաջիկայում՝ դրանք համադրելով նախորդ՝ 1999 թ. դեկտեմբերի համագումարում նույն անձանց ասածներին։ Գլխավոր ելույթը, թերեւս, պիտի լիներ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանինը, բայց ահա թե մասնավորապես ինչ ասաց նա. «Մենք ունենք պրոբլեմներ մեր Սպարապետի հետ կապված։ Բայց եթե մենք հույսներս չդնենք մեր վրա եւ չիրականացնենք Սպարապետի ծրագրերը մեր պետության, երկրի, ժողովրդի ամրապնդմանը, պետական սահմանների պաշտպանությանը, ես համարում եմ, որ դա մեր կողմից հարգալից չի լինի Սպարապետի նկատմամբ»։ Կամ՝ վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ Անդրանիկ Մարգարյանի խոսքն էլ այսպիսին էր. «Քանի Հայաստան պետությունը կա՝ մենք հիշելու ենք «27»-ը։ Քանի դեռ չի բացահայտվել։ Ու պարտադիր չի միայն գոռանք, որ հարկավոր է բացահայտե՜լ, հարկավոր է բացահայտե՜լ… Գիտենք՝ ովքեր են, կարող ենք՝ դնենք-գնդակահարենք։ Հետո՞ ինչ։ Մեր համար կարեւորն այն է, թե ինչի՞ համար եղավ դա, չէ՞։ Պատճառներն են կարեւոր։ Եվ եթե մարդիկ կան հետեւները կանգնած, ապա ովքե՞ր էին։ (…) Եվ դա պետք է բացահայտվի։ Ե՞րբ կբացահայտվի՝ ես չեմ կարող ասել։ Ընթացքը ցույց կտա։ Ոչ մեկս չի կարող ասել։ Ոչ մեկը մարգարե չէ»։ Իսկ այժմ համեմատենք այս տղամարդկանց ելույթները կնոջ՝ տիկին Գրետայի հատու խոսքի հետ։ Նրան բեմ հրավիրեցին անակնկալ։ Վազգեն Սարգսյանի մայրը նախ այլոց պես ողջույնի խոսք ասաց. «Ուրախ եմ, որ այսօր բոլորդ էլի միասին եք, ի մի եք բերել ձեր ուժերը։ Վստահ եմ, որ միասին պիտի մնաք, քանզի չարախոս թերթերը, չարախոս ու նենգադավ մարդիկ շատ էին ուզում ձեզ տեսնել պառակտված»։ Բայց հետո կշտամբեց, թե չգիտի՝ ի՞նչ որդ է ընկել երկրապահների մեջ, ինչո՞ւ վերջին երկու տարում մի տեսակ կողմ քաշվեցին. «Չեմ կարող չասել, որ ողջունելու շատ քիչ բան ունենք, քանզի 1999-ի այդ չարաբաստիկ օրվանից հետո անցել է 2,5 տարի՝ ես ձեր իսկական դեմքը, ուժը չզգացի, որ պիտի ցույց տայիք։ Ամենից առաջ՝ չսատարեցիք, տեր չկանգնեցիք «Հոկտեմբերի 27»-ին։ Եղան հատուկենտ ինչ-որ արձագանքներ, բայց դա շատ քիչ էր։ Դուք պե՛տք է տեր կանգնեիք «27»-ին։ Դուք տեր չկանգնեցիք ժողովրդին այս արհավիրքի, տնտեսական ու սոցիալական վիճակի պահերին։ (…)։ Էս ո՞ւր ենք հասել։ Բացահայտորե՛ն, ծեծելո՛վ մարդ են սպանում «Պապլավոկում»՝ չեն կալանավորում, դատը 2-3 օր է տեւում եւ ազատ են արձակում։ Իսկ Մուշեղ Սաղաթելյանը, որ 95 թե 96 թվերին ինչ-որ մեկին ծեծել է (լավ է արել, պետք է եղել՝ ծեծել է։ Ո՞ւր էին՝ թող չթողնեին։ Կարո՞ղ է՝ իրենք հեռու էին այդ ժամանակ) կալանավորում են։ Այնքա՜ն վտանգավոր հանցագործ է, որ պիտի հեռու պահեն Մուշեղին։ Քանի ամիս է՝ անհիմն ձերբակալված է, դատավարությունը տեւում է քանի՜ օր։ Ոչ մի պատճառ չունեն դատելու, բայց ձգձգում են։ Ի՞նչ է անում «Երկրապահը»։ Գոնե մի անգամ հայտարարությունով հանդես գալի՞ս է՝ ի պաշտպանություն իր ընկերների, ԵԿՄ-ի պատիվը պաշտպանելու։ Ո՛չ մի անգամ, ո՛չ մի հարցով։ Բա ո՞վ պիտի ձեզ պաշտպանի։ Եթե չեք կարողանում հիմա ձեզ պաշտպանել՝ հույս ունենա՞մ, որ վաղը-մյուս օրը կարող եք երկիրը պաշտպանել։ Ինչո՞ւ չեք ըմբոստանում»։ Պետք էր տեսնել, թե տիկին Գրետային ինչպես էին լսում նույն Մանվել Գրիգորյանն ու Անդրանիկ Մարգարյանը՝ կաս-կարմիր կտրած։ Եվ պետք էր տեսնել համագումարին ներկա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դեմքը (փքված, շրթերն ուռեցրած), երբ Վազգեն Սարգսյանի մայրը սկսեց խոսել նախկին քաղաքապետի մասին. «Ձեր փոխնախագահ Ալբերտ Բազեյանին անհիմն ձեւով ազատեցին եւ անբարո թերթերն ինչեր ասես գրեցին այդ տղայի մասին։ Չէ՞ որ նա ձեր պատերազմական ընկերն էր, ձեր կողքին կռված, վիրավորված։ Դուք գիտեիք, ինչ ազնվագույն մարդ է նա։ Պաշտպանեցի՞ք նրան։ Չպաշտպանեցիք։ Ինչո՞ւ եք էդպես վախկոտ դարձել։ Ի՞նչ է պատահել ձեզ։ (…) Ճիշտ է, ասում ենք՝ երկրապահը քաղաքականությունից հեռու է, բայց տեղ կա, որ պիտի նրա մի մասը գոնե մասնակցի դրան։ Բայց դուք լռեցիք։ Երեք օր շարունակ հավաքվեցիք Երեւանում, չգիտես ինչ հայտարարություն պետք է ընդունեիք։ Ընդունեցի՞ք։ Չընդունեցի՛ք։ Ո՞րը թվեմ։ Մեր գերազանց պաշտպանության նախարարին ազատեցին անհիմն ձեւով. սատար կանգնեցի՞ք, պատասխան պահանջեցի՞ք՝ գոնե մեկ անգամ, ձեր ամբիոնից, թերթերի միջոցով, թե ինչո՞ւ եք ազատում (…) Ոչինչ չարեցիք։ Այս երկրի, ժողովրդի համար պատասխանատու մարդիկ, ովքեր պիտի պատասխան տային՝ չտվեցի՛ն։ Դուք պահանջեցի՞ք երբեւէ։ Նույնիսկ ԱԺ պատգամավորները խորհրդարանի ամբիոնից որեւէ մեկից պատասխան չպահանջեցին, երբ իրենք 5 ժամ պառկած էին մնացել։ Որեւէ մեկը պիտի պատասխան տա՞ այս երկրի, ժողովրդի համար, թե՞ չպիտի տա։ Ընդհակառա՛կը, պատասխան տալու փոխարեն՝ վերեւ քաշվեցին։ (…) Չպահանջեցի՛ք պատասխան։ Բա ո՞վ է այս երկրի, ժողովրդի տերը։ Այ դրա համար էլ ասում եմ՝ ողջունում եմ ձեզ՝ համագումարի համար, բայց ողջունելու առայժմ բա՛ն չկա։ Սթափվե՛ք, ուշքի եկե՛ք, տե՛ր կանգնեք այս երկրին ու ժողովրդին»։ Վազգեն Սարգսյանի մոր ելույթը համագումարում արժանացավ հոտնկայս ու երկարատեւ ծափահարությունների։ Նման բուռն (բայց քիչ ավելի մեղմ) ծափերի արժանացան նաեւ այն ընդդիմադիր երկրապահները, որոնք ելույթ ունեցան երեկ այս համագումարում։ Թեեւ, ճիշտն ասած, ո՛չ Ալբերտ Բազեյանը, ո՛չ Արամ Սարգսյանը եւ այլք չունեին տիկին Գրետայի խոսքի ուժգնությունը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել