Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր քաղաքը մեր տունն է»

Ապրիլ 30,2002 00:00

«Մեր քաղաքը մեր տունն է» Շատ սեփականատերերի նման, «Անուր» ՍՊԸ-ն եւս որդեգրել է այս կարգախոսը։ Եվ իր «օջախում», տանտիրոջ իրավունքով, ինչ ուզում՝ անում է։ Իսկ մինչ Մաշտոցի թիվ 20 շենքի բնակիչները 2001թ. սկսած դիմում են տարբեր ատյաններ՝ իրենց շենքի բակում ընթացող ապօրինի շինարարությունը կանխելու խնդրանքով, սեփականատերը նոր խախտումներով 2003-ին նախատեսում է ավարտել այն։ «Առավոտն» իր «Վաճառվել է Մաշտոցի 20 շենքի արեւն ու օդը» եւ «Նույն տեմպերով առաջ է ընթանում» հրապարակումներում արդեն անդրադարձել է ի վնաս բնակիչների կատարվող ապօրինությանը։ Հիշեցնենք, որ նշյալ շենքի բակում կառուցվող 9 հարկանի բնակելիի շինարարությունը գրավել էր ոչ միայն շենքի բակը, այլ նաեւ փակել էր բնակիչների բնական լույսը, բակի կողմից՝ հրշեջ մեքենաների ճանապարհը։ Նշենք նաեւ, որ բնակիչների բազմաթիվ դիմումներին ի պատասխան, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանը պատասխանել էր, որ կառուցապատողին առաջարկվել է հանել Մաշտոցի 20 շենքից 4,2 մ հեռավորությամբ նախատեսված մասնաշենքը եւ նվազեցնել կառուցվող շենքի բակային հատվածի հարկայնությունը 2 հարկով։ Ինչպես նաեւ թողնել անցում (դալան) Բուզանդի փողոցից դեպի Մաշտոցի 20 շենքը։ Բնակիչների հավաստմամբ, պրն Կոտոլիկյանի պատասխանի կետերից մեկով էլ իրենց խոստացել էին Բուզանդի փողոցի 55 տնից մինչեւ նոր կառուցվող շենքը 3 մ տարածությունում ոչինչ չկառուցել։ Օրերս «Առավոտը» կրկին եղավ շինարարության վայրում։ Այն, ինչին ականատես եղանք, փաստում էր, որ պարոն «կառուցապատողը» ոչ միայն քամահրանքով էր մոտեցել վերոնշյալ վարչության կողմից արված «սիրալիր առաջարկությանը», այլեւ կառուցվող շենքին գումարել էր եւս 3 հարկ, դալանը՝ փակել։ Իսկ խոստացված 3 մ ազատ տարածության փոխարեն թողնվել էր 1,5 մ, որտեղ էլ կառուցվել էին պատշգամբներ՝ 1-ին հարկի բնակիչներին լրիվ զրկելով արեւից ու լույսից։ Այդքանով չբավարարվելով՝ շինարարության սեփականատեր Ս. Սուքիասյանը վերջերս հերթական անակնկալն էր մատուցել Մաշտոցի թիվ 20 շենքի բնակիչներին, հայտարարելով, որ նախատեսում է կառուցել նաեւ 4,2 մ տարածության վրա գտնվող մասնաշենքը։ Հույսները կտրած՝ բնակիչներն այս անգամ դիմել էին ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանին՝ ակնկալելով, որ վերջապես հսկողություն կսահմանվի, ինչպես իրենք են ասում, «չարաբաստիկ» շենքի կառուցման վրա։ Բոլորովին այլ էր տեսարանը Մաշտոցի պողոտայի կողմից, որտեղ պատահական անցորդի աչքը շոյում էր «Անուր» ՍՊԸ-ի կողմից կիսակառույցին փակցված ցուցատախտակը. «Մեր քաղաքը մեր տունն է։ Այստեղ կառուցվում է բնակելի շենք՝ բարձրահարկ եւ հարմարավետ» բովանդակությամբ։ Իսկ բնակիչների հետ զրույցի ընթացքում իմացանք, որ ոմանք, ովքեր բոլորից շատ էին տուժել «բարձրահարկ եւ հարմարավետ» կառույցից, պատրաստվում էին վաճառել սեփական բնակարանները։ Սակայն, ինչպես նշեցին նրանք, դա էլ հարցի լուծում չէր։ Մտավախություն կա, որ արեւից ու լույսից զրկված բնակարաններն իրենց գինը կորցրել են։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930