Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՈՒ-ն վաճառեց դրոշը

Ապրիլ 30,2002 00:00

ՀԱՈՒ-ն վաճառեց դրոշը Սամալյոտի միսը կերան, ոսկորները վաճառեցին Պաշտոնական հիմնավորում ստացած եւ արդեն մոռացված 40 հազար աշխատատեղերի ու սպառնացող եւս 25 հազարի ֆոնի վրա ընդամենը առաջիկա ամսվա ընթացքում հայ գործազուրկների բանակը կհամալրվի եւս մի քանի հարյուր մարդով։ Դա տեղի կունենա հայկական ավիացիայի հերթական «մեծ ձեռքբերման» արդյունքում։ Ապրիլի 24-ին ՔԱԳՎ պետ Հովհաննես Երիցյանը «Հայկական ավիաուղիների» համար կնքեց դարի գործարքը. փաստացի՝ ՀԱՈՒ-ի դրոշը վաճառելով բելգիական VG նորաթուխ ավիաընկերությանը։ ՀԱՈՒ-ի նվաճում-պայմանագրի արդյունքում մայիս ամսի վերջին բացվելիք Երեւան-Լոս Անջելես-Երեւան նոր չվերթն իրականացնելու «ծանր բեռն» իր ուսերին է վերցրել այդ ավիաընկերությունը, ինչի արդյունքում Հայաստանը կանգնում է հերթական սոցիալական խնդրի առջեւ. օդաչուների, բորտ-ուղեկցորդուհիների եւ անձնակազմի մյուս անդամների աշխատատեղերը փակվում են, քանզի VG ընկերությունն, ըստ Երիցյանի, «իր ինքնաթիռներով եւ անձնակազմով» պետք է թռիչքներ իրականացնի։ Ոլորտի մասնագետներն արձանագրում են հերթական անկումը. «Ավիացիոն փոխադրումների շուկան վաճառվում է, այն էլ մոնոպոլ իրավունքով»։ Դա, ըստ Չիկագոյի կոնվենցիայի, 6-րդ ազատության օգտագործումն է՝ օտար երկրին, առանց մրցակցության, օգտագործման է տրվում ներքին շուկան։ Նման դեպքերում, սովորաբար, շուկան օգտագործելու հավելյալ վճար է մուծվում տվյալ շահագործողի կողմից։ Այս պարագայում, դատելով Երիցյանի միայն մեր պարտավորությունների մասին հայտարարություններից, նման պայման չկա։ 1994-ին, ի դեպ, շուկան գրավելու մի անհաջող փորձ իրագործեց «Էկոնոտրանս» ավիաընկերությունը՝ դարձյալ նույն չվերթով։ Բայց, բարեբախտաբար, փորձն անհաջող էր։ Ըստ մասնագետների, «ԱրմենՏելի» պատմությունը կրկնվում է»։ Ի դեպ, ըստ հավաստի աղբյուրների, պայմանագրի կետերից մեկով Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթին սպասվում է Ամստերդամի չվերթի ճակատագիրը։ Չի բացառվում, որ Փարիզի չվերթը եւս այդ բախտին արժանանա, քանզի այդ չվերթերն օգտագործվում էին ոչ միայն Եվրոպա, այլ նաեւ ԱՄՆ տեղափոխումների համար։ Այսօրինակ «փայլուն» հեռանկարի արդյունքում մասնագետները առաջիկայում ՀԱՈՒ-ի լուծարումը չեն բացառում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե բելգիական ընկերությունը ամիսներ հետո որոշի պայմանագիրը չեղյալ հայտարարել։ Ի դեպ, VG բելգիական ընկերությունը վերակազմավորվել է ամիսներ առաջ՝ բանկրոտի ենթարկված «Սաբենա» ընկերությունից մնացած ժառանգության հիման վրա։ Ընկերությունը շահագործողի սերտիֆիկատը (լիցենզիա) ստացել է ապրիլի 11-ին եւ մինչեւ օրս որեւէ ուղղությամբ որեւէ թռիչք չի իրագործել։ Նահանգներ թռչելու թույլտվություն դեռեւս չունի, բայց մեծ եւ հաստատ հույս ունի այն մայիսի սկզբներին ստանալու։ Ընկերությունն ունի «Airbus»-A330-200 տեսակի երեք ինքնաթիռ։ Այս տեղեկատվությունը վերցված է VG ընկերության ինտերնետային էջից։ Սա՝ ի հեճուկս քաղաքակրթության եւ բարձր տեխնոլոգիաների ջատագով ՔԱԳՎ պետի եւ «այ սենց պարկած» Լոս Անջելես թռչող բիզնես-կլասի ուղեւորների։ Իսկ առաջիկա համարներում խոստանում ենք ներկայացնել ՀԱՈՒ-ի «մեծ նվաճման» (պայմանագրի) մանրամասները, նաեւ ճշտել, թե որքանով են հավաստի մեր այն տեղեկությունները, որ ՀԱՈՒ-ի աշխատակազմը դեմ է այդ պայմանագրին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել