Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՈՒՉԸ ԳԻՏԻ, ՈՐ ՆՐԱՆՔ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՆ

Ապրիլ 30,2002 00:00

ՏԵՍՈՒՉԸ ԳԻՏԻ, ՈՐ ՆՐԱՆՔ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՆ Կարիքավոր մարդու համար նախատեսվածից ավելի էլեկտրական հոսանք ծախսելու համար Գրանիա Ղազարյանին հրաժարվել են ընտանեկան նպաստ տրամադրելուց։ Որոշել են, որ կարիքավոր ընտանիքը (2 հոգուց բաղկացած) ամռան ամիսներին 208 կվտ-ից ավելի հոսանք չպետք է ծախսի։ Եթե կարողանում է ծախսել, ուրեմն ի վիճակի է վճարել։ Թեեւ՝ վճարման հանգամանքը, ըստ սոցապ նախարարության մասնագետներից ստացած մեկնաբանության, ամենեւին էլ կարեւոր չէ։ Սոցապ նախարարության նպաստի բաժնի մասնագետ Արտակ Հարությունյանի պարզաբանմամբ, ծախսված էլեկտրաէներգիայի չափը վերջնական պատճառ չէ ընտանիքին նպաստից զրկելու համար։ Սակայն տեղեկացանք, որ Գ. Նժդեհի 44 շենքի բնակչուհի Գրանիա Ղազարյանին հենց այդ պատճառով էլ մերժել են ընտանեկան նպաստ տրամադրել։ Բայց ամեն ինչ շատ խառն է։ Տիկին Ղազարյանն իր բողոքն ունի այս ամենից՝ կեղծվում են իր հաշվիչի տվյալները։ Ըստ Գ. Ղազարյանի, 703 կվտ-ի հավելագրում է կատարվել։ «Առավոտի» միջոցով էլցանցի «Բագրատունի» մասնաճյուղի տնօրենին ուղարկված դիմումում բնակչուհին նշում է. «Մեծարգո պարոն Գեոլեցյան (ըստ երեւույթին տեղյակ չէ, որ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից- Ա. Ու.), նախապես շնորհակալություն եմ հայտնում իմ նախորդ դիմումին արձագանքելու համար։ Ձեր կողմից ուղարկված հանձնաժողովը հաստատեց 703 կվտ-ի հավելագրումը եւ կազմված ակտը ուղարկվել է վճռաբեկ հանձնաժողով»։ Արդարության վերականգնման այս հազվադեպ ակտը, սակայն, նպաստի համակարգում ընդգրկվելու հարցում չի օգնել։ Ըստ նույն դիմումի. «2002թ. ընտանեկան նպաստ ստանալու համար Ձեր մոտից ստացա իմ ծախսած էլեկտրաէներգիայի էպիկրիզը եւ տեսա, որ իմ բնակարանի հոսանքազրկված ժամանակ հոսանքի ծախս է գրանցված»։ Գ. Ղազարյանը հայտնեց, որ հոսանք չի ունեցել 2000թ. հունվարի 25-ից, մինչեւ 2001թ. մայիսը։ Էպիկրիզը, սակայն, այլ բան է վկայում. բնակարանը հոսանքազրկված է եղել 2000թ. փետրվարից մինչեւ 2001թ. հունվարը։ Շուրջ 11 ամիս։ Կրկին անջատվել է հունիսից։ Այսինքն, ընտանիքը այդ երկու տարվա ամռան բոլոր ամիսներին էլ էլեկտրական հոսանք չի ունեցել։ Ավելիի մասին էլ չասած։ Ուրեմն Գ. Ղազարյանի ընտանիքն անհասկանալի տրամաբանությամբ է մերժվել։ Շենգավիթի սոցիալական բաժնի վարիչ Գրեզիա Մկրտչյանը հարցն ուսումնասիրելուց հետո հայտնեց, որ որոշակի գերածախս է գրանցվել 1999թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, «այդ ընտանիքի միավորը ցածր է (նպաստ չի կարող տրվել), սակայն տեսուչը վկայել է, որ իրոք ընտանիքը կարիքավոր է»։ Ցածր միավորներ են գրանցվել փաստաթղթային որոշ պատճառների։ Տիկին Մկրտչյանը հորդորեց Գ. Ղազարյանին գնալ բաժին եւ դիմում գրել, որից հետո, հաջորդ եռամսյակում նրա ընտանիքը նպաստ կստանա։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի անջատման ժամանակահատվածի՝ բնակչի եւ պաշտոնական տվյալների անհամապատասխանությանը, ապա կարծես թե դրանք այդպես «անհամապատասխան» էլ կմնան։ Բնակիչն ասում է, որ հարեւանները կվկայեն, որ ինքը հենց իր նշած ժամանակամիջոցում է զրկված եղել հոսանքից։ Իսկ «Բագրատունի» մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Գառնիկ Շիրինյանը (որն ընդամենը 1 ամիս է, ինչ նշանակվել է) հավաստիացնում է, որ համակարգչի տվյալները հնարավոր չէ կեղծել։ Գ. Շիրինյանն իր պարզաբանումները նեկայացրեց. հնարավոր է, որ քաղաքացին տեսուչին խոստացած լինի գումար մուծել, իսկ տեսուչն էլ նկատի ունենալով, որ կարիքավոր ընտանիք է, տանը հաշմանդամ կա, առանց պարտքը ամբողջությամբ մուծելու՝ ընդառաջած եւ հոսանքը միացրած լինի։ Ինչեւէ, քաղաքացին ասում է, որ այնքան երկար ժամանակ է առանց հոսանքի ապրել, որ արդեն սովոր է այդ կենսակերպին։ Մտածում է գոնե նպաստ ստանա։ Իսկ սրա համար վերոհիշյալ 703 կիլովատտի հավելագրման ակտն է անհրաժեշտ, որը չի կարողանում ստանալ։ «Առավոտի» տեղեկություններով՝ որովհետեւ ինչ-որ կառուցվածքային բարեփոխումներ են տեղի ունենում։ Էլցանցի տնօրենի պաշտոնակատարը խոստացավ, որ քաղաքացու բողոքը կուսումնասիրվի առավել հանգամանորեն եւ լրացուցիչ պարզաբանում կտրվի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930