Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԷՐ ԿՈՓՎՈՒՄ ՏԱՎԱՐԸ

Ապրիլ 30,2002 00:00

ԻՆՉՊԵՍ ԷՐ ԿՈՓՎՈՒՄ ՏԱՎԱՐԸ Հայտնի է, որ դատարանները Հայաստանում անկախ են: Դրանք միշտ էլ այդպիսին էին, այդ թվում նաեւ՝ Խորհրդային Միության ժամանակ: Խորհրդային ժամանակաշրջանում նույնիսկ ավելի անկախ էին, քանի որ դատավորներն ընտրվում էին աշխատավորների կողմից, այսինքն՝ չափազանց ժողովրդավարական ճանապարհով: Եթե 37 թվականին ԽՍՀՄ-ը Եվրոպայի խորհրդի անդամ լիներ, ապա Ստալինը բաց ճակատով կարող էր ելույթ ունենալ Ստրասբուրգում եւ ասել, որ գնդակահարված եւ համակենտրոնացման ճամբարներ նետված միլիոնավոր մարդիկ դատապարտվել են տարբեր քրեական հանցագործությունների համար՝ աշխարհի ամենաարդար եւ անկախ դատարանի կողմից: Դատախազ Վիշինսկին էլ եվրոպական փորձագետներին կներկայացներ պահանջված քրեական գործերի պատճենները եւ շատ համոզիչ կապացուցեր, որ ըստ այդ գործերի, հիշյալ մարդիկ կրել են իրենց արդարացի պատիժը: Մի խոսքով, «իրավական դաշտը» այն ոլորտն է, որտեղ ցանկացած իշխանություն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Նրանք պետք է վերջին տավարը լինեն, եթե չկարողանան զանազան օրենքներ վկայակոչելով՝ ապացուցել, որ մածունը սեւ է, որ ժողովրդի թշնամիները պարբերաբար դավեր են նյութում ընկեր Ստալինի դեմ, կամ որ Գրաքննության հանձնաժողովը գործել էր օրենքի սահմաններում: Հույս ունենալ, որ լուսավոր Եվրոպան կամ ազատամիտ Ամերիկան կփորձեն ազդել այդ չարաբաստիկ «իրավական դաշտի» վրա, ծայրահեղ հիմարություն է: Նրանց պետքն էլ չի: Շատ-շատ՝ կասեն, թե «անհրաժեշտ է բարելավել օրենսդրությունը»: Իշխանություններն էլ կբարելավեն, եւ այդ բարելավված, եվրոպական ստանդարտներին միանգամայն համապատասխանող օրենսդրությամբ այնպիսի որոշումներ կկայացնեն, որից Վիշինսկու աչքերը ճակատին կթռնեին: Իշխանությունների սիրած «իրավական դաշտը» իսկապես իրավական կդառնա միայն այն դեպքում, եթե դա ցանկանանք մենք՝ քաղաքացիներս, հասարակությունը՝ որպես գործող համակարգ: 70 տարի մարդկանց դաստիարակել են տավարի հոգեբանությամբ. ուր քշես՝ այնտեղ էլ կգնան: Այդ ընթացքում ընտրությունը շատ փոքր էր, եւ իշխանության գծած «իրավական դաշտին» հակադրվում էին մի քանի, հիրավի, հերոսական անհատներ: Այսօր մենք՝ 70 տարվա ստրուկների երեխաներն ու թոռները, ապրում ենք միանգամայն այլ պայմաններում: Իշխանություններն իրենց «իրավական դաշտով» մնացել են նույնը, բայց մենք իսկապես ընտրելու հնարավորություն ունենք՝ լինել տավա՞ր, թե՞ քաղաքացի: Այդ ընտրության արդյունքները գրված են ամեն մեկիս ճակատին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել