Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ՞ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ

Ապրիլ 30,2002 00:00

ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ՞ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ Այն թիմը, որը 4 տարի առաջ իշխանության եկավ Ղարաբաղի հիմնահարցը պատրվակ դարձնելով, խոստանում էր կարգավորել այդ խնդիրը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովն այժմ պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակուղում է։ -Ղարաբաղի հարցը փակուղում է, չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների՞ն։ Ձեր կարծիքով, դրանք չե՞ն նպաստի հակամարտության կարգավորմանը։ – Ձեր հարցում մի քանի ենթահարց կա։ Համարո՞ւմ եմ, որ իրավիճակը փակուղային է։ Ինքներդ դատեք. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փաստացի չկա որեւէ որոշակի արդյունք, որը զգալի լիներ ժողովուրդների՛, ո՛չ քաղաքական վերնախավի, գործիչների կամ դիվանագետների համար։ Բայց չէ՞ որ նրանք պետք է աշխատեն ժողովրդի համար։ Ահա եւ բացի կրակի եւ արյունահեղության դադարեցումից՝ առայժմ ուրիշ ոչ մի արդյունք կարգավորման գործընթացում, ցավոք, ձեռք չի բերվել։ Ահա թե ինչու եմ ներկայիս իրավիճակն անվանում փակուղային։ Դե, եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս «փակուղի» բառը՝ եկեք ընտրենք այլ բնորոշումներ։ Բայց իմաստը չի փոխվի, չէ՞։ Պարզ է, որ կարգավորման այս գործընթացում առաջընթաց արդեն չկա, ցավոք։ Սա առաջին հարցն է։ Երկրորդ հարցը նախագահների հանդիպումն է։ Անկասկած, դա շատ կարեւոր եւ արժեքավոր ձեւ է։ Ուրիշ ո՞վ կարող է եւ ունի ավելի մեծ հնարավորություն լուծել այս խնդիրը, քան երկրի բարձրագույն ղեկավարը։ Բա՛յց։ Խնդիրն այն է, որ մինչ նախագահների հանդիպումը բանակցային գործընթացում օգտագործվել են այլ ձեւեր, որոնց միջոցով փորձել են հասնել արդյունքների։ Նկատի ունեմ մասնավորապես այն աշխատանքը, որն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երբ 1997-ի մարտին համանախագահողներն անցկացրին բանակցությունների վերջին փուլը՝ տեսան, որ հակամարտող կողմերը, ցավոք սրտի, ոչ մի կերպ չեն ձգտում գտնել փոխհամաձայնություն։ Եվ քննարկումներ են անցկացնում, ավելի շատ, քարոզչության եւ փոխադարձ կշտամբանքների, այլ ոչ թե վիճելի որոշակի հարցերի հանգուցալուծումը գտնելու համար։ Այդ ժամանակ համանախագահողները ժամանակավորապես դադարեցրին այդ բանակցությունները՝ փորձելով հակամարտող երկրների հետ աշխատանքի այլ ձեւեր գտնել։ 1997-98 թթ. համանախագահողները երեք անգամ ներկայացրին տարբեր առաջարկներ, սակայն մեկ մի կողմը, մեկ՝ մյուսն, այդպես էլ չընդունեցին այդ առաջարկներից որեւէ մեկը։ Ես հասկանում եմ միջնորդների վրդովմունքն ու վիրավորվածությունը՝ ե՛ւ բանակցություններն էին անլուրջ ընթանում, ե՛ւ նոր առաջարկներին արձագանքները երեք անգամ այնպիսին էին, որ ոչ մի կերպ հնարավոր չէր փոխհամաձայնություն գտնել, ընդսմին, ընդամենը հետագա բանակցությունների հիմքի համար։ Այդ ժամանակ էլ համանախագահներն առաջարկեցին, թե այդ դեպքում գուցե իրենք՝ նախագահնե՞րը վարեն բանակցությունները եւ փորձեն պայմանավորվել։ Այսպես սկսվեց Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ հանդիպումների այս երկար ու մեծ շարքը։ Ցավոք սրտի, դրանցից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղը, որին մենք համարում ենք հակամարտող կողմ։ Ցավոք սրտի, գրեթե 20 նման հանդիպում է կայացել, սակայն ցանկալի արդյունքների հասնել այդպես էլ չի հաջողվել, չնայած համանախագահողներն ամեն կերպ աջակցում էին այդ երկխոսությանը։ Այդ պատճառով հարց է ծագել, թե ինչ պիտի անեն հետագայում, այժմ, երբ պարզ դարձավ, որ նախագահների հանդիպումներն էլ են անարդյունավետ։ – Նախագահների ներկայացուցիչ փոխարտգործնախարարների հանդիպումնե՞րն էլ, Ձեր կարծիքով, նախապես դատապարտված են անարդյունավետության։ – Նախ, առաջիկա ժամանակաշրջանը հատկապես բարդ է եւ անհարմար կարգավորման առաջընթացի համար, քանի որ ընտրական գործընթացներ են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում։ Սա հարկադրում է նախագահներին, որոնք արդեն հայտարարել են վերընտրվելու իրենց մտադրության մասին, առանձնահատուկ զգուշավորության, որպեսզի «կողերը» դեմ չտան ընդդիմության հարձակումներին։ Բնականաբար, անմիջապես առաջանում է տպավորություն, որ առաջիկա 1-2 տարում էլ շատ դժվար է հուսալ, թե լուրջ առաջընթաց կլինի կարգավորման գործընթացում։ Մյուս կողմից, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շահագրգռությունների մեջ չի մտնում նման դադար վերցնելը՝ մինչեւ 2004 թվական։ Այդ պատճառով էլ, համանախագահողները նույնպես շահագրգիռ են, որ ինչ-որ ձեւով շարունակվի բանակցային գործընթացը։ Այդպես ծնվեց փոխարտգործնախարարների հանդիպումների գաղափարը։ Դրանց, իմ կարծիքով, պիտի մասնակցեին նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, քանի որ ԼՂ-ն ԵԱՀԿ շրջանակներում վաղուց ճանաչված է որպես հակամարտող կողմ (դեռեւս 1994-ի դեկտեմբերից, Բուդապեշտի հանդիպման որոշմամբ)։ Եթե այս բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ շրջանակներում, ապա դրանք պիտի ինչ-որ հիմք ունենան։ Չկա՛ որեւէ այլ հիմք, ավելի բարձր պայմանավորվածություն (քանի որ այն ընդունել են 52 երկրների ղեկավարներ), քան 1994-ի դեկտեմբերին Բուդապեշտում ընդունված որոշումն է։ Դրանից հետո բանակցային մեխանիզմը ոչ մի կերպ չի փոխվել, այլ որոշումներ չեն ընդունվել, ուստի ուժի մեջ է մնում Բուդապեշտյան որոշումը։ Այնուամենայնիվ, եթե նախագահները, շուրջ 20 անգամ հանդիպելով, չկարողացան պայմանավորվել, կարո՞ղ ենք արդյոք հույս ունենալ, թե հաջող կլինեն արտգործնախարարների տեղակալների հանդիպումները։ Ընդ որում՝ նախընտրական շրջանում։ Ահա թե նաեւ ինչու եմ հոռետեսորեն վերաբերվում այս սխեմային, բացի նրանից, որ այն չի համապատասխանում բուդապեշտյան հանդիպման որոշումներին։ Ուստի՝ համանախագահողների սխալն եմ համարում, որ փոխարտգործնախարարների հանդիպումների այս շարքն անվանեցին «բանակցային մեխանիզմ»։ Իրենք՝ համանախագահողներն, իմ կարծիքով, հազիվ թե իրավասու են որոշել այդ մեխանիզմը։ Այն հաստատվում է ԵԱՀԿ բարձրագույն մարմինների որոշումներով։ Շփումների մեխանիզմ՝ այո՛, բայց՝ ոչ ավելին։ – Հայաստանում ունեցած Ձեր վերջին ելույթում հայտարարեցիք, թե այն, որ հասարակությունը պատրաստ չէ զիջումների, երկրի ղեկավարության եւ քաղաքական վերնախավի մեղքն է։ – Իհարկե, հիմա էլ կպնդեմ։ Ինչպե՞ս պիտի պատրաստ լինի հանրային կարծիքը, եթե բանակցություններն ունեն խորհրդապահական բնույթ, եւ հասարակությունը տեղեկացված չէ դրանց բովանդակությանը։ Ու հանկարծ հանրության վրա միանգամից «փլվում» է տեղեկատվություն, թե իրենց ղեկավարն ինչ-որ խոշոր զիջումներ է արել։ Հասկանալի է, թե այդ առաջնորդի նկատմամբ ինչ դժգոհություն եւ բողոք է առաջանալու։ Մի կողմից՝ խորհրդապահական բնույթն, իհարկե, բարդացնում է հասարակական կարծիքի նախապատրաստումը, բայց առաջնորդները գիտեն, չէ՞, ինչի մասին են իրենք այնտեղ խոսում, ո՞ր հարցերում են փորձում գտնել փոխհամաձայնություն։ Եվ ի՞նչ են նրանք ասում իրենց ժողովուրդներին։ Չէ՞ որ կարելի էր ասել, որ իրենք փորձում են հասնել հայերի եւ ադրբեջանցիների պատմական հաշտության, որ չեն կարող տասնամյակներ ու դարեր շարունակ պատերազմել իրար հետ, որ պետք է հասկանալ՝ նույնիսկ ինչ-որ փոխզիջումների գնով պարտավոր ենք իրար հետ լեզու գտնել, հաստատել կայուն խաղաղություն։ Ես հատուկ խնդրել եմ, որ ինձ տրամադրեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարի ելույթները։ Գիտե՞ք, մի քանի արտահայտություններ գտա հայ-թուրքական հարաբերությունների մասին, իսկ հայ-ադրբեջանականի մասին այդպես էլ ոչինչ չգտա։ – Դուք ենթադրել էիք, որ մեր ղեկավարների վճռականության համար կաշկանդող հանգամանք է ներքաղաքական հենարանի բացակայությունը։ – Դե, նրանց քաղաքական հենարանն անհուսալի է։ Իհարկե, շատ ուժեղ են ընդդիմադիր տրամադրվածությունները, շարժումները եւ այլն։ Այս ամենն իրականում կա, ցավոք սրտի, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում։ Ամենապարզ իրավիճակն, այս առումով, հենց Ղարաբաղում է։ Ադրբեջանում վիճակը գուցե ավելի բարդ է, քան Հայաստանում։ – Ձեր նշած մեկ այլ գործոնն էլ սա է՝ այս երկու ղեկավարներից յուրաքանչյուրը խաբում է իր ժողովրդին, թե ժամանակն աշխատում է հենց իր օգտին։ – Սա ցանկալին իրականություն ներկայացնել է։ Իհարկե, ամեն կողմը ցանկանում է, որ ժամանակն իր օգտին աշխատի։ Ադրբեջանը հուսով է, թե կամրապնդվի, ոտքի կկանգնեցնի իր տնտեսությունը՝ նավթի, գազի պաշարների, արտասահմանյան ներդրումների շնորհիվ։ Այդ ժամանակ էլ կուժեղացնի իր բանակը եւ կթելադրի հաշտության իր պայմանները հայերին։ Սա մի հաշվարկ է, որ ինքնախաբկանք է։ Ի վերջո, այս սխեման պահանջում է տասնամյակներ։ Այն էլ՝ եթե իրո՛ք լինեն խոշոր պաշարներ, ներդրումներ ու դրանք չգողացվեն, այլ իրոք տրամադրվեն պետության ուժեղացմանը… Հեշտ հաջողության սպասելիքները շատ խաբուսիկ են։ Իրականում, նավթի պաշարների հետազոտումը ցույց տվեց, որ դրանց ծավալն այնքան մեծ չէ, ինչպես սպասվում էր։ Թե ինչպես կբաշխվեն եկամուտները՝ դեռ պետք է տեսնել եւ այլն։ Հայերն էլ իրենց հաշվարկն ունեն, որ եթե պահպանեն ներկա ստատուս-քվոն՝ կարող է եւ հաշտվեն, թե այսպես է ստացվել եւ այլեւս ոչինչ չի փոխվի, այսպես էլ կմնա ամեն ինչ։ Իսկ ժողովուրդը շահե՞լ է այս ամենից։ Մի իմաստով, այո՛, որ այլեւս չի հեղվում արյուն։ Ուրի՞շ ինչ է շահել։ Ժողովուրդն առաջվա պես կրում է տնտեսական դժվարություններ։ Այս տարածաշրջանում արտասահմանյան խոշոր ներդրումներ գործնականում հնարավոր չեն, քանի որ բոլորն այն համարում են պայթունավտանգ, հղի հնարավոր նոր բախումներով։ Ներդրողներն իրենց կենթարկե՞ն նման վտանգների։ Այդ պատճառով էլ ասում եմ՝ սա ինքնախաբկանք է։ – Դուք բացառո՞ւմ եք, որ ադրբեջանցիներն իրոք կարող են հաշտվել այն մտքի հետ, թե երբեւէ իշխանություն չեն ունենա Ղարաբաղի նկատմամբ։ – Այստեղ երկու տարբեր հարց կա՝ Ղարաբաղը եւ գրավյալ տարածքները, որոնք նախկին ԼՂԻՄ սահմաններից դուրս են։ Չգիտեմ՝ ինչ կլինի Ղարաբաղի հետ, 100%-ով վստահություն չունեմ։ Բայց գրավյալ այդ տարածքների կորստի հետ, ես վստահ եմ, որ ադրբեջանցիները չե՛ն հա՛շտ- վի՛։ Եվ այդ հողերը, որ դուք «անվտանգության գոտի» եք անվանում՝ իրականում «վտանգի գոտի» են եւ առավել վտանգավոր, քան ինքնին Լեռնային Ղարաբաղը։ Գտնում եմ, որ պատմականորեն անխուսափելի գործընթաց է. հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները, եթե չվերացնեն իրար դեռեւս չսպառված այս թշնամանքի հետեւանքով՝ այլ հեռանկար չեն ունենալու, քան հաշտությունը, խաղաղ գոյակցությունը եւ նույնիսկ ինչ-որ համագործակցությունը։ Իրար կողքի եք ապրելու՝ հայերը չեն հեռանա Հեռավոր Արեւելք, իսկ ադրբեջանցիները՝ Լուսին։ Մնալու եք իրար կողքի։ Եվ ինչքան էլ գազազեն շովինիստները, բորբոքեն թշնամությունն այլ երկրի նկատմամբ՝ այլընտրանք չկա հաշտեցմանը։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել