Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՔԱՅԼԵՆ ՄԱՅԹԵՐՈՎ

Ապրիլ 30,2002 00:00

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿՔԱՅԼԵՆ ՄԱՅԹԵՐՈՎ Ընկերների բախտը կարծես կրկին չբերեց՝ Երեւանի քաղաքապետարանը ՀԿԿ Կենտկոմին չի արգելել հանրահավաք եւ խաղաղ երթ անցկացնել, սակայն՝ պայմանով։ Կոմունիստները Օրբելու եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկից մայթերով, առանց երթեւեկությանը խանգարելու կարող են հասնել Հանրապետության հրապարակ, այստեղ հանրահավաք անցկացնել եւ ցրվել տները։ Մայիսի 1-ի տոնակատարությունները այսպիսով կսահմանափակվեն։ Ընդ որում, ընկերների մայիսմեկյան կոչերում չեն հնչի «Կեցցե Ռոբերտ Քոչարյանը», «Կեցցե մեր դատարանը՝ աշխարհի ամենաազնիվ դատարանը» կամ «Կեցցե ազատ խոսքի իրավունքը» կարգախոսները (հասկանալի է՝ «ուռռա՜»-ի արձագանքներով)։ Նկատենք, որ մայիսմեկյան կոչերում ՀԿԿ Կենտկոմը չի հնչեցնի նաեւ իշխանափոխության թեմաներով կոչեր։ Ամեն ինչ կարվի խիստ կոմունիստաբար։ Հնչող կոչերը կլինեն խիստ ռազմավարական. 1) «Բելառուս-Ռուսաստան» միությանը Հայաստանի անդամակցության հարցեր, 2) տնտեսության գերշահութաբեր ճյուղերի ազգայնացում, 3) ղարաբաղյան խնդրի քննարկման հրապարակայնություն, 4) արդյունաբերական ձեռնարկությունների եւ ստրատեգիական նշանակության բնագավառների սեփականաշնորհման դադարեցում, 5) շուկայական հարաբերությունների պետական կարգավորում, 6) խորհրդարանական հանրապետություն, 7) գյուղի նկատմամբ վարվող քաղաքականության արմատական վերափոխում, 8) իշխանության համակարգային փոփոխությունների պահանջ։ Սրանք են կոմունիստների պահանջները, որոնք կհնչեն նաեւ մայիսի 1-ին։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլ. Դարբինյանը թեպետ բոլորին հրավիրեց հանրահավաքի եւ ասաց նաեւ, թե այն լինելու է «համազգային», սակայն վստահաբար կարող ենք նկատել, որ հանրահավաքը լինելու է սովորական «կոմունիստական» եւ ոչինչ ավելին։ Հրավիրված են մի շարք կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ (ՀԺԿ, «Հանրապետություն» կուսակցություն, «Սպայի պատիվ» կազմակերպություն), մի շարք երկրների դիվանագիտական ծառայությունների ղեկավարներ։ Վստահ ենք, ոչ մեկն էլ այս հրավիրվածներից չի գնա մայիսմեկյան ցույցի, թերեւս երրորդական կամ տասներորդական անդամների մակարդակով մի փոքրիկ մասնակցություն կապահովվի ընդամենը։ Մեր դիտարկմամբ, չգնալու պատճառներից մեկը կլինի այն, որ Կոմկուսն էլ իր հերթին չի մասնակցում 14 քաղաքական եւ հասարակական ընդդիմադիր կազմակերպությունների հանրահավաքներին, որոնք այլեւս ընդգծված իշխանափոխության նպատակ են հետապնդում։ «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան, Կենտկոմի 1-ին քարտուղար Վլ. Դարբինյանն ասաց, որ «մենք չենք մերժում մեր մասնակցությունն իրենց հանրահավաքներին, խոսքը եթե համագործակցությանն է վերաբերում, այն պետք է կայանա որոշակի գաղափարական պլատֆորմի վրա (տես՝ վերեւի 8 կետերը- Մ. Ե.), այլապես որոշ հարցերում մենք տարակարծություն ունենք։ (…) Իշխանափոխության խնդիրն էլ… մենք գտնում ենք, որ առաջնահերթը պետք է համարել համակարգի փոփոխությունը։ Լ. Տեր-Պետրոսյանը գնաց, եկավ Ռ. Քոչարյանը, սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարվե՞ց (բա նախագահի նկատած 9,9 % տնտեսական աճը, 44.008 աշխատատեղերը- Մ. Ե.), լավ արքայի մասին չէ խոսքը, այլ՝ համակարգային փոփոխության»։ Վերջին շրջանում Կոմկուսի վերաբերյալ լուրջ կասկածներ կան, թե իշխանությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի։ Թեպետ ընկեր Դարբինյանը պնդում է, թե իրենք կուսակցության զինվորներ են եւ որ Կոմկուսը պատահական կամ սովորական կուսակցություն չէ, որից հետո հնարավոր կլինի պառակտման ցեցը ներս գցել, սակայն «ՒՈՍՑ վՈ սՌՓՏ»։ Կոմկուսը կամաց-կամաց պառակտվում է։ Երեկ Վլ. Դարբինյանի մի հայտարարությունը, թե մայիսմեկյան հանրահավաքի իրենց հրավեր-հայտարարությունը հրաժարվել են եթեր հեռարձակել Հանրային հեռուստաընկերությունը եւ «Արմենիա» TV-ին, առանձնապես համոզիչ չհնչեց։ Պատճառաբանությունը հետեւյալն է եղել՝ այդ հայտարարության մեջ քաղաքական երանգ կա։ Այսօր, երբ ամենասովորական ապուրի մեջ անգամ քաղաքական երանգ կա, այս մերժումը պարզապես զվարճալի է։ Սակայն, քանի որ լուսինը եւս երկու երես ունի, չի բացառվում, որ մերժումը ձեւական է, իբր՝ տեսեք-տեսեք, Կոմկուսը բոլորովին իշխանամետ չէ, եթե այդպիսին լիներ, երկու կարեւոր, մեծ լսարան ունեցող հեռուստաընկերություններ օրը մի քանի անգամ կհրավիրեին մայիսմեկյան հանրահավաքի։ Ինչեւէ, թեպետ մենք Կոմկուսի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ չունենք, բայց հրավիրում ենք ձեզ մայիսմեկյան երթի եւ հանրահավաքի, քանի որ հուսով ենք՝ վերջում բոլոր փուչիկները պայթելու են։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել