Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 27,2002 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՆՎՈՒՄ Է Դեպքեր, երեւույթներ կան, որ միայն Հայաստանում կարող ես տեսնել: Օրինակ, չլսված բան է, որ մի ամբողջ ժյուրիի կողմից բարձրագույն գնահատականներով հաղթող ճանաչված նկարիչ-մոդելյորի ձեռքից խլեն դրամական մրցանակը: Դա պատահել է նկարիչ-մոդելյոր Զառա Արսենյանի հետ, որի ներկայացրած հագուստի հավաքածուն հաղթող էր ճանաչվել 2001թ. «Հայկական ուրվագիծ-2» մրցույթի ժամանակ: Դրամական մրցանակից՝ 250.000 դրամից նրան զրկել է «Սթայլ» նորաձեւության ֆիրմայի եւ Մոդելյորների միության նախագահ Զառա Մխեյանը: 2001թ. մայիս-հունիս ամիսներին կայացած «Հայկական ուրվագիծ-2» մրցույթին Զ. Արսենյանը առաջին տեղն է զբաղեցնում, որից հետո ԱՄՆ-ում հայ մոդելյորներին ներկայանալու առիթ է ստեղծվում: Մի քանի երիտասարդ հայ մոդելյորների, այդ թվում՝ Զ. Արսենյանին, հնարավորություն է տրվում Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ ցուցադրել թեմատիկ հավաքածուներ: Այդ հարցը, սակայն, խափանվում է, եւ ոչ ոք չի մեկնում: Փոխարենը՝ այդ մոդելյորներից շատերը կարողացան մասնակցել Երեւանում կայացած «Ռուսական ուրվագիծ» մրցույթին: Զ. Արսենյանը այս մրցույթին ներկայացնում է իր երկու հավաքածուների աշխատանքներից, որոնցից մեկը արված էր ԱՄՆ-ի համար: «Ռուսական ուրվագիծ»-ը, սակայն, երիտասարդ մոդելյորի համար ավարտվեց ծանր հետեւանքներով: «Ռուսական ուրվագիծ»-ում Զ. Արսենյանը արժանացել էր «Թեմայի բացահայտման համար» նոմինացիային: Նշենք նաեւ, որ այս մրցույթին մասնակցությունը տարիքային սահմանափակում ուներ՝ մինչեւ 30 տարեկան եւ, փաստորեն, դա Զ. Արսենյանի վերջին շանսն էր: Իսկ ո՞ր հայ մոդելյորը չէր ցանկանա մասնակցել այդ մրցույթին: Այդ մասնակցությունից հետո Զ. Արսենյանը հեռացվեց «Սթայլ» ֆիրմայից եւ Հայ մոդելյորների միությունից՝ զրկվելով նաեւ «Հայկական ուրվագիծ-2»-ի դրամական մրցանակից: Միության նախագահ Զ. Մխեյանի՝ թերթերից մեկում արված պատճառաբանությամբ, նա Զ. Արսենյանին այդ ամենից զրկել է՝ իբրեւ «պատիժ», այն պատճառով, որ վերջինս առանց իրեն տեղյակ պահելու ԱՄՆ-ի համար նախատեսված հավաքածուն ցուցադրել է «Ռուսական ուրվագիծ»-ում: Իրենց գլխից նոր օրենքներ հորինելու հատկությունը, չգիտես ինչու, միայն հայերին է տրված: Նախ, Զ. Արսենյանի հավաստմամբ, ինքն այդ մասին տեղյակ պահել է, եւ երկրորդ, ո՞վ է թույլ տվել կամ որտե՞ղ է գրված, թե որեւէ մեկը կարող է մեկ ուրիշին զրկել իր ստեղծագործական մրցանակից, որը նրան տրվել է բազմանդամ ժյուրիի կողմից: Զ. Արսենյանից, ինչ խոսք, ոչ ոք չի կարող խլել առաջին տեղը զբաղեցնողի ոչ անունը, ոչ էլ իր ստեղծագործական ինքնատիպ ոճն ու ձիրքը: Զ. Մխեյանը նրան կարող էր, իբրեւ վատություն, զրկել միայն մրցանակի դրամական մասից, ինչը եւ արել է: Մանրախնդրության այդ դրսեւորումը, ցավալի է, որ կատարվում է Հայաստանում դեռ նոր-նոր ձեւավորվող նորաձեւության ասպարեզում, այն էլ՝ Հայ մոդելյորների միության նախագահի թեթեւ ձեռքով: Նման երեւույթը, բնականաբար, առաջին հերթին հիասթափեցնում է հենց երիտասարդ մոդելյորներին, որոնք ստեղծագործում են՝ կարծելով, թե միությունն իրենց կսատարի, կաջակցի, նորանոր ցուցադրությունների հնարավորություններ կստեղծի, այնինչ, պարզվում է՝ խաբվում են հենց իրենց միության նախագահի կողմից, այն էլ՝ այդքան էժանագին կերպով: Լ. ՄՈՎՍԻՍՅԱՆ Լուսանկարներում պատկերված հավաքածուի հեղինակ՝ Զ. ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել