Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ հաց են երազում

Ապրիլ 27,2002 00:00

Սպիտակ հաց են երազում «Մեր հանդիսատեսը քիչ է՝ լավագույն դեպքում 10 հոգի»,- ասում է երիտասարդ կինոգործիչների ասոցիացիայի նախագահ Արամ Եղիազարյանը։ Վերջերս Երեւանի Կինոյի տանը անցկացվեց «Եկա» նոր հայկական կինոփառատոնը, որին մասնակցում էին 30 հայ երիտասարդ կինոգործիչների ֆիլմեր։ Մասնակիցները հիմնականում Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի, Մանկավարժական համալսարանի ուսանողներն էին, բայց ներկայացված էին նաեւ բոլորովին այլ մասնագիտություն ունեցող մարդկանց ֆիլմերը։ Դրանց մեծամասնությունը նկարահանված էր սիրողական տեխնիկայով, իսկ ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմի համար ծախսվել էր 600 ԱՄՆ դոլար։ Չնայած կինոփառատոնն ուներ ինֆորմացիոն հովանավորներ, կարելի է ասել, որ այն աննկատ անցավ։ Նույնիսկ այն, որ փառատոնի մուտքը ազատ էր, չօգնեց, որ Կինոյի տան փոքր դահլիճը լցվի։ Դահլիճում ներկա էին միայն ֆիլմերի հեղինակները եւ նրանց ընկերները, որոնք հիմնականում գոհ էին փառատոնից. «Հետո էլ ասում են հայ կինոն մեռել է, չկա. տեսաք, որ այն կա»,- ասաց նրանցից մեկը, որը դահլիճից դուրս էր եկել, որովհետեւ ցուցադրության կեսից հոսանքն անջատվել էր։ «Ես շնորհավորում եմ իմ ընկերներին, ամեն ինչ լավ էր, միայն շատ վատ էր կազմակերպված»,- ավելացրեց մյուս հանդիսատեսը։ Մշակույթի նախարարության արվեստի բաժնից տեղեկացանք, որ նրանք գիտեն, որ նման միջոցառում է կազմակերպվել, բայց ոչնչով չեն աջակցել կազմակերպիչներին, որովհետեւ վերջիններս նրանց չեն դիմել։ Կազմակերպիչները պատճառաբանեցին այսպես. «Մենք արվեստագետ ենք, կազմակերպիչ չենք, մենք չգիտենք ում դիմել, ինչպես կազմակերպել, ամբողջ սեւ աշխատանքը մեզ վրա էր»։ Երիտասարդ կինոգործիչներին անտարբերությամբ էին վերաբերվել նաեւ հայ պրոֆեսիոնալ կինոգործիչները եւ նրանցից ոչ մեկը չէր մասնակցել փառատոնին նույնիսկ որպես հանդիսատես։ «Մենք նույնիսկ գրանտների հույս չունենք, որովհետեւ մշակույթի եւ արվեստի ծրագրում ասվում է, որ կինոն բիզնես է, բիզնեսի ծրագրում՝ արվեստ»։ Բայցեւայնպես, Երիտասարդ կինոգործիչների միությունը դեռ շատ ծրագրեր ունի. «Ուզում ենք այս փառատոնը գոնե տարին երկու անգամ անցկացնել, որ բոլոր ցանկացողները մասնակցեն։ Ուզում ենք նաեւ պատրաստել տեսաժապավեններ «Նոր հայկական ֆիլմեր» վերնագրով»։ «Ճիշտ է, հիմա քչերն են օգնում, իսկ պետական աջակցություն ընդհանրապես չկա, բայց ինձ թվում է, վաղ թե ուշ մեզ մոտ կհասկանան կինոյի նշանակությունը»,- կարծում է միության նախագահը, որը նաեւ փառատոնի կազմակերպիչն էր։ Նա եզրափակեց իր խոսքը մի ճապոնական առակով. «Երկու մուրացկան սպասում են դռան մոտ։ Մեկին սկզբում չոր եւ սեւ հաց են տալիս, վերցնում-գնում է, մյուսը սպասում է երկար եւ ստանում է տաք, սպիտակ հաց…»։ ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել