Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Ապրիլ 27,2002 00:00

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ Հատվածներ վեպից «Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ»: ՔՈՐԼԻՍ ԼԱՄՈՆԹ «Հիշողություն…. մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը, որից զրկված են միայն խելագարները: Եվ երանի նրանց, քանի որ չեն կարող զգալ այն անփարատելի թախիծն ու հիասթափությունը, որը հաջորդում է բոլոր տեսակի հիշողություններին՝ անցյալը նորից ետ բերելու, ինչ որ բան նորից վերապրելու, վերափոխելու անհնարինության դաժան մտքից»: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, «Հինգ օր» Սկիզբը՝ թիվ 68-ում: Ու դա ափսոսանք էր, որ՝ ջհաննդամը, թե քարթյոժնիկ է, ու թող, որ հոքյումաթի օփեխեսեսից լիներ, թե խուլիգան-Նաջաֆը ո՛ր ջհաննդամից դուրս պրծավ ու գեղեցիկ հեքիաթի չարի սկիզբը բերեց իրենց գլխներին: Ու8230 «հոքյումաթ»-պետություններում՝ էէէ՜, սաղ քարթյոժնիկ են նստած՝ էս կաշանգ-գեղեցիկ Էրմանու զիլ պահվածքով ու խրոխտությամբ, որ թղթախաղի սեղաններին՝ մեկն իրենց նավթն է տանուլ տալիս, մյուսը բամբակն է տանուլ տալիս, ու՝ էէէ՜ բոլոր ազգերն էլ իրենց քարթյոժնիկներն ունեն իրենց պետական լծակներին նստոտած, որ մի օր էլ իրենց երկիրն են տանուլ տալու թղթախաղի սեղաններին քարթյոժնիկ իրենց հալով, որ գյադավարի են մտածում ու գործում, որ գյադավարի են փեշքյեշները վերցնում ու ստանում: Բայց այս Էրմանի քարթյոժնիկը աղայի պահվածք ուներ ու՝ պահը, իրենց խոստացած փեշքյեշները չի չարաշահել, աբուռով ու թասիբով ու աղայի նման է գործել, ու թուրքի-Աղդամի թուրքի բազարը սիրել ու հարգել է Վադոկային: Եվ շուռ եկել ու գառի խորովածը գցել ու խուլիգան Նաջաֆի հետ հաշտեցրել ու կերել-խմել-քեֆ է արել: Ու թուրքի-Աղդամի թուրքերը հիացած Վադոկայի պահվածքով ու կերպարով, իրենց քիրվայությունն են առաջարկել առանձին-առանձին: Ու ասել են, ասել են՝ ջանը՛մ, արի, մեկ-մեկ տղաներդ հետեւիցդ գցիր ու արի մեր շարքերով-քո պահվածքով ման արի՝ էլի փեշքյեշ ենք անելու, դու մեկ-մեկ հոքյումաթի նման արի ու մեր արանքներով ու մեր մեջ ու մեր դարդ ու ցավի միջով ման արի՝ մենք փեշքյեշը անելու ենք: Եվ ազգությունը կապ չունի, գրողը տանի-ստորին օղակը պիտի միշտ աղայի պարտավորվածությամբ վերեւի օղակի գյադագյուդեքին իր փեշքյեշներն անի՝ աշխարհն այդպես է մաս-մաս հավաքվել էն գլխից: Ու թագավորություններն այդպես են ձեւավորվել: Եվ սուլթանների ու արքաների թագերի ամեն մի ադամանդի փայլը՝ էէէ՜, ներքեւիններից քամված արցունքի կաթիլներից են պսպղում: Ու թուրքի գառին մոտ եկավ ու մոտ գնաց Վադոկային ու նրա տղաներին: Ու թուրքի գառին, որ երկրորդ անգամ էր ծնկին խփել ու ծկլթացել, մոտ եկավ ու մոտ գնաց Վադոկային ու նրա տղաներին ու՝ հասկացող-հիացած-թամաշայի նման Վադոկային նայում ու հասկացող ասում էր՝ գադան-ալըմ՝ ցավդ տանեմ, մենք նույնն ենք, մենք երկու տարբեր ազգի նույն ռամիկն ենք: Ու թուրքի գառին ասաց՝ է՜, մի տե՞ս- ու թուրքի գառին տարավ-բերեց ու երկու ձեռքով, հանգստացնելու, ինքն-իրեն հանգստացնելու նման, երկու ձեռքով ծնկներին զարկեց- ու հարցական, հարցնելու նման Վադոկային ասաց՝ տեսա՞ր՝ մենք տարբեր-երկու ազգի նույն ռամիկն ենք, ու մեր արյուն-երեխու ցավը տեսնելուց՝ գնդակահարված, ռմբահարված, մարտադաշտում կտոր-կտոր եղած մեր-արյուն-երեխեքի ապրած ցավը տեսնելուց, մեր երկու տարբեր ազգի նույն ռամիկ մայրերը՝ նույն ցավն ապրում ու նույն ձեւի ենք ծնկներիս տալիս, ու մեր ռամիկ մայրերի ծնկների թալկացած-ցավից է, որ ումո՛ւդ տղաներ ծնվում, որ ռամիկ տղաներ ծնվում, ու մեր-երկու-տարբեր-ազգի մեծամեծ գողերի ու ջեբկիրների ագահ ու չտես տենչանքներին՝ մեր ծնկների ու սրտերի ցավով-մեր բալեքի մատաղ կյանքներով հագուրդ ենք դարձնում: Ու թուրքի գառին ամոթը կորցրեց ու ծանր կսկիծ ուներ մեջը պահած հեռակա կարգով, ու ծանր կսկիծը հեռակա կարգով մեջը պահած-ամոթը կորցրած ձեռքը տարավ ու գլխի շալը գլխից վայր բերեց ու կռացավ ու գլուխը թափ տալով առանձին-առանձին գործած-իրար հավաքած ծամերը արձակեց ու հինայի տակ սպիտակը չթաքցրած մազերը ծեր առյուծի բաշի նման վայր բերեց ուսերին, ու հի՜ն բախտագուշակի ու Բաթու խանի հի՜ն բախտագուշակ Հաջի-Ռահիմի պայծառատեսությամբ նայում էր, ու չարագուշակ վերեւ էր նայում, ու չարագուշակ մրմնջում էր, ու ձեռքը տարավ եւ թուրքի-Աղդամի շուկայից պարզ երեւացող՝ Վադոկայի ու նրա տղաների գյուղին թիկունք կանգնած ու գյուղից վերեւ հառնած ու հայոց պատմությունն իր մեջ առած ծանրախոհ ու ազդու կանգնած Բերդ-Ուս-Քերծին ցուցանեց: Ու հեռակա կարգով տեսնում էր, ու տեսնում էր, թե նույն Վադոկան ու մնացած-հայ ռամիկ տղաներն ինչպես են Քերծից վայր շպրտում իրենց վրա եկած-իրենց նման ռամիկ թուրքի տղաներին, ու թուրքի գառին հեռակա կարգով տեսնում էր, ու հինայի տակ սպիտակին տվող մազերը ուսերին թափած, ծեր ու հոգնած էգ առյուծի նման տեսնում էր ու ձեռքերը տարավ ու հոգնած ծնկներին զարկեց ու ցավակտոր ասաց՝ Նաթի՛կ, ա՜յ Նաթիկ… Ու շուրջը խմբվել ու ամբողջ թուրքի շուկան նայում էր, ու թուրքի գառին ցավից կծկվող դեմքը Վադոկային ու նրա հայ տղերքին շրջեց ու ցավից կծկվող դեմքով ասաց՝ նույն մայրերն ենք, նույն մայրերը, բայց մեզ ո՞վ ձեզ հարեւան դարձրեց ու ցավից կծկվող դեմքով ասաց՝ մենք երկու տարբեր ազգի նույն ռամիկ մայրերն ենք՝ ռուսաստաններում, ուրիշ տեղեր իրար տեսնում-իրար ողջագուրվում, իրար օգտակար ենք լինում մեր ռամիկ զավակներով, բայց ջեբկիր՝ մեր ու ձեր մեծամեծներով՝ ո՞վ՝ մեզ ձեզ հարեւան դարձրեց, ու քարթյոժնիկ մեծամեծներով, ո՞վ՝ ձեզ մեզ հարեւան դարձրեց, ու մեր արյունը փախչում է ձերինից, ու ձեր արյունը փախչում է մերինից, ու մեր ու ձեր քարթյոժնիկները դեռ քանի՜ ռամիկ բալաներ են հոշոտելու իրենց մայրերի ծնկների թալկացմանը հագուրդ տալու համար: Ու թուրքի գառին ծերացած-հոգնած կանգնել էր թուրքի շուկայում ու շուրջը խմբվել ու իրենց թուրքերն ու Վադոկան ու իր տղաները կոտրված նայում էին վատ-անկանխատեսելի բանի կանխագուշակումով, ու թուրքի գառին վերացած շրջվել ու՝ Աղդամի շուկային, վարդերի ու ջրավազանների մեջ թաղված, խամրած մետլախը՝ պսպղուն հախճասալիկներով փոխարինված-բաղնիքներով շրջապատված տներին, բարձրահարկ շենքերին էր նայում, ու հանկարծ կծկվեց ու ցնցվեց ու ասաց, ու ձեռքերը վերեւ կարկառեց ու վերեւ նայեց մազերն ուսերին թափած ու ամբոխի վրայով դեպի վեր նայելով-վերացած ասաց, ծկլթաց՝ Նաթի՜կ, ա՜յ Նաթիկ… Ալլա՜հ, Ալլա՛հ: *** Եվ տղան իրիկունները, երբ աստիճաններին կամ պատշգամբում նստած սուրճ խմում ու ծխում է, ականջի ծայրով լսում է, թե իր հայրն օրվա իր կարդացածներն ինչպես է գեղջկավարի պատմում ռամիկ իր թաղում հավաքված 70-ամյա ռամիկ իր ընկերներին՝ Խաչ-ապային, Լարիսային, Գուրեն դայուն, Էրա-տոտային, Սերոժ-դայուն, Արտուշին, Լազր-դայուն: Ու թե ինչպես ընդհանուր ախ ու վիշի մեջ, Բոգդան Վերդյանի՝ «Ծաղիկներս մնացին հեռվում» գրքից Սողոմոն Թեհլերյանն ատրճանակը բարձրացնու՜մ ու…8230 Խաչ-ապան հանգստացած շունչ է քաշում՝ հը՛-տեե՜ք, դե գնա-մեռիր… Ու սրանք բոլորը՝ վիշտ ու ցավի, հարազատի մահ, լլկանքների ականատես… ու բոլորը կորուստ տված…8230Ու Գուրեն-դային Հովսեփ որդու մահից հետո չդիմացավ ու քաղցկեղով գնաց, ու Սերոժ-դայու Մանվել-որդու զոհվելուց հետո, Մանյա-կինը խելագարվել եւ իրեն սարից ցած նետել ու որդու մոտ է իր հանգիստը գտել, ու Խաչ-ապայի հաշմանդամ Սաքո-որդին աջ թեւը կտրած, ձախ թեւով հրացանն ուսած՝ օրերով, օրերո՜վ կաքավ-մաքավ է խփում ձորերն ընկած, որ «լուսի փողը տա», հաշմանդամ ծնողներին ու կնոջը ու չորս անչափահաս զավակներին կեր գտնի… Ու ասող-խոսող Լարիսան Հովսեփ-որդու դիակին սեւ մազերով կռացել-մայրական իր ողբն ասել ու սպիտակ է կանգնել այլեւս, եւ Հովսեփի չորս զավակները, նրա ճիտին պարտքն են այլեւս: Եվ մյուսները… Ու բոլորը՝ վիշտ ու ցավի մեջ, թուրքի-հայի կռվի ու լլկանքի անմիջական ականատեսն ու մասնակիցը, սակայն ամեն անգամ իրենց պատմություններում, հոգով-ցավով են տանում հնում՝ թուրքի արածը հայի նկատմամբ, չեչենի ոճրագործություններից են զարհուրում ռուս «սալդաթների» նկատմամբ: Ու իրենց արածը, իրենց զավակների արածը մե՜ծ բան չեն համարում, ու իրենց զավակները՝ մի մե՜ծ, նո՜ր, ազդու՜-պատմակա՛ն, հայեցի՛ գործ ու նոր պատմություն, եւ հաղթակա՛ն պատմություն են կերտել, սակայն իրենց զավակների արածը մի մե՜ծ բան չեն համարում: Ու ռամիկ իրենց հալով իրար պատմություններ են պատմում, պատմություններ են անում, իրար ուղղելով, իրար ճշտելով, եւ թե որ՝ Ալին ծեր է ու զոռով է քայլում՝ նստած տեղը քնում է, ու՝ Ռոբերտ-Արքան որսի-մորսի է գնում ու լավ լողում է եւ հեռուստացույցով մի անգամ տեսել են՝ «տրուսիկ-մայկայով հեծանիվ էր քշում»՝ պինդ ու ջահել է, եւ Ալու հախից գալու է, ու կողքի-խեթ ժպտում էր Ալու երեսին ու ինքն իրեն ասում էր՝ տեսա՞ր՝ ինչ եղավ, ու սա ամաչելով գլուխը կախել էր… Եվ պատմություններ են անում իրար՝ հանգի՜ստ, հաստատու՛ն, շիտակ, հողից ստացած ենթագիտակցությամբ, թուրքի կողմից քանդված ու իրենց կողմից նորից կառուցված, Աստվա՜ծ միայն գիտե, թե ի՜նչ չարչարանքներով նորից կառուցված իրենց պապական տների դեմը նստոտած, գավազանները ձեռքերի մեջ խաղացնելով, ուրիշի ցավին անմիջապես տեր դառնալով, իրենց ցավերն անխոս ընդունելով… Ու իրենք իրենց ձեռքով կերտած նոր պատմության կիզակետում նստած, սակայն մի մե՜ծ բան չեն համարում իրենց ու իրենց զավակների արածը: Եվ քրիստոնյա ու հեթանոս իմ պապենի երկիր: Ու հեթանոս իմ ու քրիստոնյա իմ պապենի երկիր, որտեղ Միհրանականության օրերը համընկնում են Քրիստոնեության օրերին, որտեղ այաներն իրենց սրտի պահած աղոթքներն են մրմնջում իրենց սրտի մատուռներին եւ եկեղեցիներին՝ գոնե կարմրակատար աքլորներ մատաղ անելով, որտեղ հարվածից հետո երկրորդ այտը դեմ չեն տալիս իբր թե շրջահայացի դատարկաբանությամբ եւ երկու մոր ծիծ ծծելու՝ գառի շուտ մեծանալու ու ժամանակից շուտ ոչխարանալու տափուկի ու հոգեբան-ստրուկի փիլիսոփայությամբ, այլ հեթանոսի շեշտակիությամբ շուռ գալիս ու շանսատակ են անում նախահարձակին: Որտեղ՝ էն գլխից են համամարդկային արժեքներ կրողները՝ դիմացինին ցուրտ խոսք չասելու անխոս պայմանավորվածությամբ, «մատաղ ինիմ» ժողովրդական դիվանագիտությամբ, պայծառ ու աստղով ու սպիտակ ու համակրելի-ուտվող դիմագծերով, կյանքի հարվածներից ճլորածներին՝ «լյոխ լյավ ա» հուսադրելով, Լուսավորչի՝ Ամարասի գալստյամբ ու հաստատումով, Շուշիի հին ու պատմական խորք ու հենք ունեցող մշակույթով, Գանձասարի պայծառատեսությամբ, նախահարձակին շանսատակ անելու Ասկերանի բերդի պատերի կարծր համառությամբ, պետության ու պետականության բարձր գիտակցությամբ օժտված ժողովրդով: Արցախ իմ ու պապենի երկիր իմ- ու քանի դար առաջ, ու քանի. դար հետո: Եվ դարե՜ր հետո եւ շա՜տ դարեր հետո կարծր ու պինդ կանգնած ես լինելու քո արի՛ ժողովրդով: Առանշահիկ թագավորներիդ ու Խամսայի մելիքներիդ արժանահիշատակ ժառանգների ազնվազարմ ու… ռամիկ քո ժողովրդով: Քո արի՛ ու մաքուր ու խիզախ ու ռամիկ ու կամային քո ժողովրդով: Պապենի երկիր իմ: Երկիր իմ պապենի: Որ իմ Հայկազ ու Անդրանիկ պապերին ես ծնել, որ իմ Աննուշկա ու Աթոխ տատերին ես ծնել: Որ իմ Լալազար նախապապին ես ծնել: Իմ հորն ու մորն ես ծնել: Որ իմ Խրամորթ գյուղն ես ծնել: Սահմանապահ ու պինդ իմ Խրամորթ գյուղը՝ իր ուտող-խմող, կռվարար-ծուռ, կամային ու ռամիկ ու վեհ ու հպարտ իր բնակիչներով:8221Որ գյուղ մտնող անծանոթ հյուրին զոռով քաշում-տանում-ուտեցնում-խմեցնում են, իսկ թե որ խմելուց հետո իրեն լավ չպահեց՝ ծեծում-ջարդում-ճամփու են դնում: Որ իմ մորն ես ծնել՝ պապենի իմ երկիր: Իմ մորը, որ ռմբակոծությունների տակ՝ վախի՛ց, վախի՜ց՝ թուլանում, թուլանում ու նստում ու նվազում ու դանդա՜ղ ու դանդա՜ղ դանթում էր, դանթում էր, ու ինքը վախից դանթում էր, սակայն շրթունքներն անընդհատ մրմնջում էին, անընդհատ մրմնջում էին՝ Աստո՜ւծ, Աստո՜ւծ, ինչ լինի՝ ինձ լինի, ինչ լինի՝ ինձ լինի, դու գիտես, թե ի՜նչ դժվարությամբ եմ էս երեքին պահել, էն վեցին տարել ես ու էս երեքին պահել ես՝ ինչ լինի՝ ինձ լինի… Եվ իր չքնա՜ղ, բարի՜, շատ բարի ու կամեցող մայրն՝ ուռուցքոտվե՜ց, ապրումներից ուռուցքոտվե՜ց ու թուրքից նորից հետ առնված իր քարուքանդ տունը նորից իր ձեռքերով, իր ձեռքերով հիմնովին կառուցեց… ու8230 չապրեց այդ տանը: Ու տանջվե՜ց, ու տանջվե՜ց եւ՝ մահացավ, ու իր ձեռքերով կառուցած այդ տանը չապրեց իր մայրը: Եվ քանի՜ մայրեր, ու քանի՜ մայրեր, որ կռվից հետո այդ երկրամասում քաղցկեղից հնձվում են, քաղցկեղից հնձվում են: Ու քանի՜ մայրեր, եւ քանի՜ մայրեր, որ եթե հարազատ զավակների կորուստ-կսկծանքից չեն խելագարվում, ապա՝ տառապու՜մ, տառապու՜մ ու անխոս իրենց հողի գիրկն են մտնում, ու անխոս իրենց հողի գիրկն են անցնում… *** Եվ տղան հեռակա կարգով, ավելի ուշ, մտովի ավելի ուշ իր քաղցկեղով հիվանդ մորը հիշեց, իր բարի ու չքնաղ մորը հիշեց հեռակա կարգով, որ անհույս վիրահատություններց հետո, իր անասելի ու անպատմելի ցավերն ու ցա՜վը լուռ ու անխոս տանելով, ութ ամիս սրսկվում ու քնում էր, աչքերն առաստաղին հառած, ու՜թ ամիս իր մահվանն էր սպասում… Եվ շունը գիշերները ոռնում էր, եւ լուսնահաչ տալիս ու գլուխը թաթերի արանքից դանդա՜ղ բարձրացնելով, տխուր ու երկար, լաց լինելու նման ոռնում էր, ու մայրը՝ սեւ մազերով, սեւ մազերով այդքան ապրել էր, սակայն մի քանի գիշերում մտովի նորից ապրել ու հիշել էր իր ապրած կյանքը՝ իր ցավը ներսն առած անխոս տանջվում էր, եւ մի քամի օրում՝ սպիտակեց, սպիտակե՜ց, ու հիմա իր խորաթափանցությամբ գիշերվա կեսին իրենց տնից ելած եւ խաղաղ քնած գյուղի վրա սփռվող շան ոռնոցից վատ էր զգում, նեղվում էր, ու՝ կամաց, նուրբ, հաճելի, մեղմ-հիվանդի ձայնով կանչում-սաստում էր շանը՝ լա՜յ-կ՞ա, լա՜յ-կ՛ա, չի կարելի, չի կարելի, ու շունը մթության մեջ ուշադիր իր մոր ննջասենյակի պատուհանին էր նայում տխուր, եւ իր մոր ձայնը լսելով, պոչն ուրախ խաղացնում ու կամաց կլանչում էր… Ու մահանում էր իր մայրը: Եվ տանը մի անպատմելի թախիծ ու մի մե՜ծ ափսոսանք եւ վհատություն էր տիրում: Ու քույրն ու եղբայրը հեռու ռուսաստանների կենտրոնից տղայի ահազանգով գործն ու տունը, ընտանիքը թողել-եկել էին, եւ վերջի՜ն ութ ամիսներն ուզում էին իրեց մոր հետ անցըցընել իրենց կյանքը, այնպե՜ս, ինչպես մանկական ու պատանեկան տարիներին էին անհոգ ըմբոշխնում իրենց հայի՛ օջախի համն ու քաղցրությունը: Շարունակելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել