Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարը թանկ հաճույք է»

Ապրիլ 27,2002 00:00

«Պարը թանկ հաճույք է» Օրերս Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արայի դանս շոու» ժամանակակից պարերի համույթի տասնամյակին նվիրված «Աշխարհի ռիթմերը» խորագրով համերգային ծրագիրը։ Զրուցում եմ «Արայի դանս շոու» դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարեն Միքայելյանի հետ։ – Ինչպե՞ս ծնունդ առավ «Արայի դանս շոուն»։ – Ես խմբի հիմնադրի հետնորդն եմ, քանի որ «Արայի դանս»-ի ստեղծման գաղափարը պատկանում է Կ. Կիրակոսյանին։ 92թ., երբ Կ. Կիրակոսյանը մեկնեց ԱՄՆ, խումբն արդեն ցրվել էր։ Ես հավաքեցի նոր խումբ՝ պահպանելով խմբի անունը։ 92թ. «Արայի դանս»-ի վերածննդից հետո, խումբը վերակազմավորվեց դպրոց-ստուդիայի, որն այսօր էլ հաջողությամբ կատարում է իր առջեւ դրված խնդիրները։ Ի դեպ, աշխատում ենք առանց հովանավորների։ 1999- ից Պարարվեստի միջազգային խորհրդի անդամ ենք։ – Ներկայացրեք, խնդրեմ, «Արայի դանս շոու» դպրոց-ստուդիան։ – Մեզ մոտ հիմնականում ուսուցանվում են ժամանակակից լատինաամերիկյան եւ ստեպ պարեր՝ տարիքային երեք խմբերում. կրտսեր՝ 3-10 տարեկան, միջին՝ 10-16 տարեկան եւ ավագ՝ 16-25 տարեկան։ Ունենք նաեւ սիրողական խումբ՝ 30-65 տարեկան անձանց համար։ Նշեմ, որ մենք այսօր ունենք ավելի քան 100 սան։ Դասավանդող պարուսույցներն, առանց բացառության, իմ սաներն են։ – Վերջին տարիներին «Արայի դանս»-ի նախաձեռնությամբ կյանքի կոչվեցին փոփ եւ ռեպ ժամանակակից պարերի մրցույթ- փառատոներ։ Բացի այդ, խումբը մի շարք մրցույթ-փառատոների մրցանակակիր է։ Անդրադարձեք, խնդրում եմ, նաեւ դրանց։ – 1994-ից Արվեստի հանրապետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել եւ անցկացրել ենք փոփ եւ ռեպ ժամանակակից պարերի 10 փառատոն, որոնց շնորհիվ էլ մեր պարային խմբերն այսօր այսքան աճել են թե՛ որակապես, թե՛ քանակապես։ 1996, 98, 99 թվականներին մեր փոքրիկ սաները «Արծաթե բանալի» հեռուստամրցույթներում շահեցին երեք «Մեծ» բանալի։ 2000թ. «Դո-ռե-մի» միջազգային մանկական մրցույթում մեր միջին տարիքի սաներն արժանացան «Պարային լավագույն խումբ» մրցանակին։ 1999թ. «Դարավերջյան աստղ» փառատոնի հարցման արդյունքում «Արայի դանս»-ը ճանաչվեց լավագույն պարային խումբ։ «Պրեմիերա» հեռուստածրագրի կողմից արժանացանք «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակին։ Այնուհետեւ, «Կռունկ-2000- 2001» փառատոներում դարձանք դափնեկիր։ «Երգ-2000» եւ «Երգ- 2001»-ին ճանաչվեցինք լավագույն ժամանակակից պարային խումբ։ – Խոսեք նաեւ համերգային ծրագրերից ու հյուրախաղերից։ – Քանի որ խումբն աշխատում է ինքնաֆինանսավորմամբ, իսկ սեփական ծախսերով հյուրախաղերի մեկնելը կապված է խոշոր գումարների հետ, մեր մի շարք հրավերներ չեն իրականացվել։ Ինչ վերաբերում է համերգներին, ապա ասեմ, որ մեր առաջին համերգային «Նոն սթոփ» ծրագիրը հանդիսատեսին ներկայացրինք 1999թ., որն ավելի շատ շնորհանդես էր։ Անցյալ տարի հանդես եկանք մենահամերգով, այս տարի՝ հոբելյանական տոնական ծրագրով։ Ի դեպ, հուլիսի վերջին տեղի կունենա մեր հաշվետու համերգը եւ ստուդիան կունենա իր առաջին ավարտական դասարանը։ Բոլոր պարային խմբերին մաղթելով հաջողություն, իսկ ծնողներին՝ համբերություն, չեմ կարող չնկատել, որ պարը շատ թանկ հաճույք է։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել