Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՃԵԼԻ» ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2002 00:00

«ՀԱՃԵԼԻ» ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Արդեն քանիցս ռադիոյով հաղորդվում է, թե Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում կառուցվում է եկեղեցի՝ Զվարթնոցի տաճարի նմանակը։ Նույնիսկ ասվում է, որ նախագծի հեղինակն է ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը։ Եվ քանի որ Զվարթնոցի տաճարը ժողովրդի մեջ պատկերվում է ճարտարապետ-գիտնական Թորոս Թորամանյանի հիանալի վերակազմության նախագծի ձեւով, լուրը հաճույքով ընդունվում եւ բերնեբերան տարածվում է բնակչության շրջանում՝ որպես հաճելի նորություն։ Թյուրիմացության մեջ են թե՛ այդ տեղեկությունը ռադիոյով հաղորդողները, թե՛ բերնեբերան տարածողները, քանի որ կառուցվող եկեղեցին Զվարթնոցի հետ ոչ մի կապ չունի։ Տեղին եմ համարում թերթի ընթերցողներին հայտնի դարձնել հետեւյալ նախապատմությունը։ Դեռեւս 1988թ. արժանահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը բարի միտք էր հղացել, որ Երեւանում կառուցվելիք Արարատյան թեմի մայր եկեղեցին՝ Գրիգոր Լուսավորիչը, կառուցվի Զվարթնոցի ճարտարապետությամբ ու չափերով (տես «Սովետական Հայաստան», 15.11.1988թ.), երեւի նկատի ունենալով նաեւ այն, որ դեռեւս 643-652թթ. Ներսես Գ Շինող կաթողիկոսի կառուցած չքնաղագեղ Զվարթնոցը կրում էր Գրիգոր Լուսավորչի անունը։ Հիշեցնենք, որ հայոց հռչակավոր Գագիկ Ա Բագրատունի թագավորը դեռ 10-րդ դարի վերջում միտք էր հղացել իր թագավորության մայրաքաղաք Անիում կառուցել Զվարթնոցի կրկնօրինակը՝ նույնպես Գրիգոր Լուսավորիչ անունով։ Համաձայն նրա ժամանակակից Ասողիկ պատմիչի վկայության, մինչ այդ Զվարթնոցը արդեն կործանված էր։ Ըստ երեւույթին, Գագիկ թագավորը, մինչ Զվարթնոցի ավերվելը, տեսած է եղել հռչակավոր տաճարը, հիացել նրա չնաշխարհիկ տեսքով, որոշել վերակերտել, ինչը եւ իրականացվեց Գագկաշենի կառուցմամբ։ Նախքան Գագիկը, դեռեւս 652թ., պատմիչ Մովսես Կաղանկատվացու հաղորդման համաձայն, բյուզանդական կայսր Կոստանդը, որը ներկա է եղել Զվարթնոցի օծմանը՝ կաթողիկոս Ներսես Գ-ի կողմից, հիացած լինելով Զվարթնոցի գեղեցկությամբ, վերադառնալիս իր հետ տանում է Զվարթնոցը կառուցած ճարտարապետին, որ Կոստանդնուպոլսում, իր պալատի հարեւանությամբ եւս կառուցի Զվարթնոցի կրկնօրինակը։ Սակայն ճանապարհին մահանում է ճարտարապետը՝ կայսեր ցանկությունը թողնելով անկատար։ Եվ ահա մեր օրերում վեհափառն ուզում էր, որ Երեւանն ունենա իր Զվարթնոց-Գրիգոր Լուսավորիչը։ Ցավոք, կաթողիկոսի այդ ցանկությունը մնաց անկատար։ Այդ հարցում իր որոշակի դերն է ստանձնում նաեւ ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը։ Նա, լինելով Աթոռի շինարարական խմբի քարտուղարը, փոխանակ արձանագրելու, որ ճարտարապետական բաժինը, կատարելով կաթողիկոսի հանձնարարությունը, քննելով Զվարթնոցի կրկնօրինակի նախագիծը, հաստատել է այն, իր կողմնակիցներով համոզում է գործի տերերին, որ Զվարթնոցը փոքր է, պետք է կառուցել ավելի մեծը։ Այսինքն՝ նոր նախագծով, ինչպես որ եղավ իրականում։ Ճարտարապետ Արզումանյանը տողերիս հեղինակին՝ որպես նախագիծը ներկայացնողի, առաջարկում է Զվարթնոցի նախագծում մեծ տեղ զբաղեցնող մայր մույթերը փոխարինել երկաթբետոնե բարակ սյուներով։ Իսկ հետագայում էլ որոշում է, որ կարելի է Զվարթնոց կառուցել նաեւ առանց սյուների։ Եվ հղանում է այն նախագիծը, որն այժմ իրականացվում է Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում։ Այդ եկեղեցու նախագծում շատ քիչ բան կա հայկական ճարտարապետությունից, մասնավորապես՝ Զվարթնոցից, եթե չլիներ նրա եռաստիճան ծավալատարածական հորինվածքը։ Ճարտարապետը ավելի է գնահատել ներքին մեծ տարածությունը, քան ներքին բովանդակությունը, որով եւս հայտնի են հայկական պակաս ծավալով տաճարները։ Հայտնի է, որ աշխարհում քիչ չեն բոլորակ հիմքով եռաստիճան կենտրոնագմբեթ տաճարները, բայց դրանք, վերջին հաշվով, Զվարթնոց չեն եւ չունեն այն բարեմասնությունները, որոնցով հարուստ է հիշյալ կոթողը։ Եթե Երեւանի Գրիգոր Լուսավորիչը կառուցվեր Զվարթնոցի թորամանյանական նախագծով, գուցե համարվեր Վերածնություն։ Մենք կունենայինք մեր ժողովրդի դեռեւս 7-րդ դարում կառուցված այդ գլուխգործոցը եւ, միաժամանակ, գործող եկեղեցի, մանավանդ որ, դրա համար կար անհրաժեշտ գումար։ Մեր օրերում կառուցվող եկեղեցիները բոլորովին էլ կարիք չունեն մեծ տարողության։ Որքան էլ մեծ կառուցես, մեկ է, բոլորին չես տեղավորի։ Ավելի գնահատելի է չափավոր աղոթասրահը, որ սովորական օրերին լիքը կլինի մարդկանցով, քան մեծը, բայց կիսադատարկը։ Այս առումով շատ տեղին է մտաբերել Թումանյանի հայտնի «Աղավնու վանքը» լեգենդը, ուզում եմ նկատել, որ կարեւորը հարազատ մնալն է եկեղեցական ավանդույթին, երբ հավատացյալները եկեղեցում աղոթում են կանգնած-հոտնկայս, ժամերով չեն նստում։ Եվ անընդհատ հոսանքը ներս է մտնում ու դուրս գալիս։ Ա՛յս պետք է չմոռանալ։ ՏԻՐԱՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ Ճարտարապետության դոկտոր, վաստակավոր շինարար Ճարտարապետության թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը հայտնեց, որ կառուցվող եկեղեցու նախագիծը դեռեւս իրենց թանգարանում չկա, քանի որ նախագծի հեղինակ Բաղդիկ Արզումանյանը վախճանվել է, իսկ ժառանգները արխիվը դեռ չեն փոխանցել թանգարանին։ Ա. Գրիգորյանը նույնպես այն կարծիքին է, որ նոր կառուցվող եկեղեցին բոլորովին էլ Զվարթնոցի տաճարի նմանօրինակը չէ, այլ «պարզապես հորինվածքն է փոքր-ինչ հիշեցնում այն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել