Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարի հատուկ ռեժիմի բանտում

Ապրիլ 27,2002 00:00

20 տարի հատուկ ռեժիմի բանտում ԱՄՆ քաղաքացի, «Հայ դատի» նվիրյալ զինվոր Համբիկ Սասունյանը քաղաքական պատճառներով ցմահ բանտարկության է դատապարտված։ Հունվարի 1-ին լրացավ նրա 40 տարին, որի 20 տարին անց է կացրել Ամերիկայի հատուկ ռեժիմի բանտում։ Համբիկը երազում է ազատ կյանք եւ միայն հայրենիքում է ուզում ապրել։ Վերջերս նրա անազատ կյանքն իմաստավորվեց մեկ իրողությամբ. Համբիկը եւ Սալբին նշանվեցին Լոս Անջելեսի Լինքեստր բանտի եկեղեցում։ Սալբին շաբաթը 3 օր իր սիրելիին այցելելու հնարավորություն ունի, այն էլ աշխատանքից հետո՝ կտրելով երկար ճանապարհ։ Բանտապահների դաժան հսկողության տակ նրանք երազում են պսակադրվել Հայաստանում, մոմեր վառել Արցախի Գանձասար, Ամարաս վանքերում, այցելել Հայաստանի բոլոր նվիրական վայրերը։ Արդեն 10 տարի Համբիկի հետ նամակագրական կապեր ունի հայաստանաբնակ 73-ամյա Անժելա Շահինյանը։ Նա մեծ սիրով սպասում է Համբիկի հերթական նամակին՝ քաջալերելով նրան։ Համբիկ Սասունյանը հետեւում է հայաստանյան բոլոր իրադարձություններին, հետաքրքրվում է Արցախի ներքին կացությամբ, նույնիսկ Դավիթաշենի կամրջի բացմամբ։ «Սիրելի Անժելա, ո՞ւր է հասել Երեւանի կամրջի աշխատանքը»։ Նամակում Համբիկը գրում է. «Ներկայիս տաճարը դուր եկավ, սիրեցի նրա մեծությունը, տեսած նկարի մեջ տակավին խաչը չէին դրած վրան, մինչեւ քրիստոնեության 1700-ամյակը լրիվ պատրաստ կլինի»։ Այնուհետեւ նամակում Համբիկը մեծ ցավ է ապրում, որ Ամերիկայում այսօր կա 8000 հայ կալանավոր։ Նա գրում է. «Իմ սիրտը կարյունի, որ Ամերիկայում, մանավանդ Կալիֆոռնիայում, բանտարկված են 15-25, մինչեւ 70 տարեկան կալանավորներ, բոլորն ալ երիտասարդներ են, հայու զավակներ, եթե սրանք մնային հայրենիքում եւ շիտակ դաստիարակվեին որպես զինվորներ, մեր բանակն ավելի կզորանար։ Ես շատ եմ ցավում նրանց ծնողների համար, կրնամ երեւակայել, թե որքան կտառապին անոնց ծնողները»։ Համբիկը շատ է հիացած ցուրտ, սով, երկրաշարժ, մութ ու խավար գիշերներ տեսած հայ ժողովրդի հերոսությամբ։ Նա գրում է. «Երանի ես ալ այդ ծանր տարիներին տոկայի, մնայի անոթի, ցրտից ոսկորներս դողային։ Ես բոլորիդ հերոսներ կհամարիմ, իմ հերոսները»։ Շարունակելով նամակը, Համբիկն ապրիլի 24-ի նամակում գրում է. «Տակավին շատ քչերն են ճանչցած հայոց ցեղասպանությունը։ Բոլորն ալ կճանչնան, թերեւս 4-6 տարուց, բայց ճանչնալու են»։ Այս տարվա թարմ գրած նամակում Համբիկը երախտագիտությամբ է լցված Ֆրանսիայի առաջադեմ ժողովրդի, կառավարության, հատկապես Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի նկատմամբ, որոնք անտեսելով թուրքական բոլոր տեսակի ճնշումները, ամենաառաջինը ճանաչեցին Օսմանյան Թուրքիայի 1915 թվի կատարած դաժան ոճրագործությունը, մեծ ոճիրը՝ դատապարտելով այն ի տես աշխարհի, որ ոչ մի անգամ երբեք չկրկնվի եւ ոչ մի տեղ, իսկ Համբիկը շատ լավատես է։ Սասունյանը երազում է, որ ազատվելուց հետո իր ընտանիքի հետ պիտի ապրի Հայաստանում, իր սուրբ հողի վրա. «Ես վստահ եմ, որ մի օր կհասնիմ Հայաստան, բոլոր ընտանիքս պիտի հետեւին ինձի։ Պիտի դադրի ամոթալի արտագաղթը, սկսվի ներգաղթը»։ Կարդալով Համբիկ Սասունյանի նամակները, հայրենասիրությամբ եւ լավատեսությամբ ենք տոգորվում։ Ինչ վեհ, ազնվազարմ հայորդի է կալանավոր Համբիկ Սասունյանը։ Մեր ընտանիքին հարազատ դարձած լեռնային արծիվը բանտված է։ Հուսանք, որ մի օր ճաղերից դուրս կպրծնի, նրա ճախրանքը այս անգամ կլինի անառիկ լեռների, հայոց ջինջ, կապույտ երկնքի հովանու ներքո։ ԱՍՏՂԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ Նաղաշ Հովնաթանի արվեստի համալսարանի ժուռնալիստիկայի 3-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել