Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎԻԶԱՆ՝ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑԻՉ

Ապրիլ 27,2002 00:00

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎԻԶԱՆ՝ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑԻՉ Ապրիլի 22-ին Հայաստանում Ամերիկայի դեսպանատունն ինձ մերժեց տրամադրել Ամերիկա մուտք գործելու վիզա։ Ես հրավիրված էի Գլենդելում կենտրոնակայան ունեցող Հայաստանի եւ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնախմբի միջոցառումներին, որոնցից մեկը նվիրված էր մեր երկրում խոսքի ազատության տագնապալի վիճակին, մասնավորապես՝ «Ա1+» հեռուստաընկերության փակմանը։ Հրավիրողները հույս ունեին, որ հեռուստաընկերության թղթակիցը ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի եւ հարակից նահանգների հայ համայնքին կտեղեկացնի «Ա1+»-ի խնդիրներին։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոս Լիլի Կոժերը ինձ հրավիրեց զրույցի։ Զրույցի տեխնիկական մասն այսպիսին է։ Հյուպատոսը գտնվում է քառակուսի, մոտ 20 սմ լայնության եւ 40 սմ երկարության մի պատուհանի հակառակ կողմում։ Նա նստած է, իսկ դու այս կողմում կանգնած պարտավոր ես պատասխանել նրա հարցերին։ Ընդ որում, առաջին հայացքից էլ պարզ է, որ այդտեղ հյուպատոսը կամ հարցաքննողներն ընդունում են հատկապես երկրից արտագաղթողներին։ Այս պատկերը ծանոթ է հատկապես բանտերում իրենց հարազատներին այցելողներին, այն տարբերությամբ, որ ե՛ւ բանտարկյալը, ե՛ւ նրա հարազատը միմյանց հետ զրուցում են նստած։ Այդպիսի հինգ պատուհան կար այդ սենյակում։ Դրանցից մեկի վերեւում կարծեմ կապույտ տառերով գրված է, որ փաստաթղթերը կեղծած կամ անձի մասին սխալ տեղեկություններ հայտնողներին ընդմիշտ կարգելվի մուտք գործել ԱՄՆ։ Հյուպատոս Լիլի Կոժերը պաշտոնական հրավերով ԱՄՆ մեկնելու հույս ունեցող լրագրողիս հայերենով ուղղեց հարցեր, որոնց միջոցով «Ավետյաց երկրի» ներկայացուցիչը նույնիսկ հակառակ իր ցանկության եւ քաղաքավարության, պարտավոր է պարզել քո արտագաղթող լինելու հավանականությունը։ Ընդ որում, նա ոչ թե ցանկություն ունի իմանալու արտագաղթո՞ղ ես, թե՞ հրավիրյալ, այլ՝ ինչքանո՞վ ես արտագաղթող։ Հարցերը, որոնք նա տալիս է, իրենց պատասխաններն ունեն քո նախապես լրացրած եւ դեսպանատուն հանձնած փաստաթղթերում։ Ընդ որում՝ անձնագրով հանդերձ։ Առաջին հարցով Լիլի Կոժերը (ես նրան չեմ նկարագրի) փորձեց պարզել, թե որտեղ եմ աշխատում։ «Ա1+»-ում։ «Բայց «Ա1+»-ը փակված է»,- վստահեցրեց հյուպատոսը։ Ես տեղեկացրի, որ մեր հեռուստաընկերությունը փակվելու որոշում չի կայացրել, որ «Ա1+»-ի գործը գտնվում է դատարանում։ Ավելացրի նաեւ, որ ինտերնետում մենք սայթ ունենք եւ դեռեւս աշխատում ենք մեր լրատվությունը տարածել մարզերում։ Հյուպատոսը գլխի մերժողական շարժումով հասկացրեց, որ փաստարկները համոզիչ չեն։ Ես հիշեցի, որ մոտ երկու շաբաթ առաջ դեսպանատունը դատապարտել էր «Ա1+»-ի հանդեպ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը, որը հանգեցրեց այդ հեռուստաընկերության եթերազրկմանը, ոչ թե փակվելուն։ Առաջին հարցի պատասխանից հետո հյուպատոսը դադարեց աչքերիս մեջ նայել։ Երկրորդ հարցով նա փորձեց տեղեկանալ, թե Հայաստանից բացի ո՞ր երկրներում եմ եղել։ Ոչ մի։ Երրորդ հարցով նա հույս ուներ իմանալ՝ ամուսնացա՞ծ եմ, թե՞ ոչ։ Բնականաբար՝ ոչ։ Չորրորդ հարցը հետեւյալն էր՝ ի՞նչ նպատակով եմ մեկնում Միացյալ Նահանգներ։ Առանց պատասխանին սպասելու, հարցին զուգահեռ հյուպատոսն անձնագրիս մեջ խփեց իմ մուտքն Ամերիկա արգելող կնիքը։ Հիշեցնեմ, որ բոլոր հարցերին պատասխանել եմ անկեղծ։ Ավելացնեմ նաեւ, որ ինձ հետ նույն հրավերի շրջանակներում դիմած եւս ոչ լրագրող վեց հոգու դեսպանատունը թույլատրեց մտնել Ամերիկա։ Այսպիսով, իբրեւ անցանկալի անձ, ինձ հյուպատոսը կասկածեց 1) խաբեբա լինելու մեջ։ Խաբելու ընդունակ մարդը բնականաբար սրիկա է։ Այսինքն, ես սրիկա եմ։ Այսինքն, ես խաբում եմ հյուպատոսին, ես ոչ թե հրավերին արձագանքելով եմ մեկնում Միացյալ Նահանգներ, այլ հավիտյանս այնտեղ մնալու նպատակով։ Փակվել է «Ա1+»-ը, ինչպես նշեց հյուպատոսը։ Ամուսնացած չեմ։ Ծնողներ եւ սեփականություն չունեմ (փաստաթղթում նշված է)։ Ի՞նչն է ինձ պահում այս երկրում։ Քանի որ «Ա1+»-ը չկա, ես ինձնից նույնիսկ քաղաքական ապաստանի պիտանի մարդ չեմ ներկայացնում։ Ինձ ճնշել են, փակել են եւ դրանով հարցը վերջացել է։ «Ա1+»-ը վերադարձել է այն կարգավիճակին, որն ունեցել է բացվելուց առաջ։ Այսինքն, չի եղել։ Այսինքն, ես չեմ կարող ներկայացնել մի հիմնարկ, որը երբեւէ չի եղել։ Սա է հյուպատոսի առաջին տրամաբանությունը։ Ի՞նչ կարիք կա արտագաղթել Ամերիկա։ Քանի որ դու փակված ես, այս երկրում քեզնից վտանգ չես ներկայացնում, իսկ քանի որ վտանգ չես ներկայացնում, ուրեմն Ամերիկային պետք չես։ Հյուպատոսն ինձ կասկածեց նաեւ 2) ահաբեկիչ լինելու մեջ։ Երբեք չես կարող վստահ լինել, որ մարդկային հրավերով Ամերիկա մտնող մարդը հենց քեզ այդ երկիր հասցնող ինքնաթիռով չի մխրճվի, ասենք, Մանհեթենի ներկայումս ամենաբարձր երկնաքերի մեջ։ Ես հասկանում եմ հյուպատոսին։ Հրապարակախոսական եւ գեղարվեստական ութ գրքի հեղինակ, ամերիկյան գրականության երկրպագու լինելը, ասենք, այդ երկրի ժողովրդավարական ինչ- ինչ արժեքներով հիանալը ճակատիդ գրած չէ։ Իսկ այ, ահաբեկիչ լինելն այնքան պարզ է գրված ճակատիդ, որ գանգամաշկդ քերելով էլ չես պրծնի։ Եվ, վերջապես, հյուպատոսն ինձ կասկածեց հենց 3) արտագաղթող լինելու մեջ։ Այսինքն, ես պատրաստ եմ գետնով տալ լրագրող լինելու հանգամանքը, որով ես այստեղ եմ ինձնից ինչ-որ բան ներկայացնում։ Ընկերներիս պատրաստ եմ թողնել հանուն ինձ կես մարդով չսպասող Ամերիկայի։ Ես պատրաստ եմ իմ անկողինը փոխել, ասենք, Գլենդելի կամ Լոս Անջելեսի փողոցների հետ։ 30 տարեկանում։ Ուիլյամ Ֆոլքներ, Շերվուդ Անդերսոն կամ Թոմաս Վուլֆ հայերենով կարդալու հնարավորությունը պատրաստ եմ փոխել հիշյալ քաղաքների բարեգործական ճաշարանների անգլերեն ցուցանակները կարդալ սովորելու հետ։ Եվ այս ամենը ես եմ։ Սակայն իմ անձնագրի մեջ, բացի Ամերիկա մտնելն արգելող կնիքից, Լիլի Կոժերը խփեց եւս երկու կնիք, որոնք ֆիզիկական աչքեր ունեցողներից զատ կտեսնեն միայն նրանք, ովքեր հոգեբանության աչքերով կնայեն անձնագրի այդ էջին։ Առաջինն այն է, որ ցանկացած երկրի հյուպատոս, որի հայրենիք հանկարծ մուտք գործելու հրավեր կունենամ, բացելով անձնագրի այդ էջը եւ տեսնելով Կոժերի կնիքը, պարտավոր է մտածել, որ իր երկիր մտնելու համար ես առանձնապես վստահելի մարդ չեմ։ Ինձնից սպասելի է ցանկացած օյինբազություն։ Տվյալ երկրի հյուպատոսն իբրեւ իր հայրենիքի ցանկացած քաղաքացու արժանապատվության խտացում, վայրկյան առաջ ինձ կասի, որ «քեզ երբեք չի թույլատրվի մուտք գործել մեր երկիր» (այս խոսքերը Կոժերը նույն ապրիլի 22-ին ասել է ՍԻՄ կուսակցության մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի խորհրդական Ռուզաննա Ջավադյանին)։ Հենց այս կնիքով եմ ես ծիծաղի առարկա դառնում այն հացթուխի առաջ, որն Ամերիկա է արտագաղթել լրագրողի անվան տակ։ Նա գիտի, որ հացթուխի մասնագիտությամբ ես ավելի վստահելի չեմ լինի ազատ տեղաշարժման իրավունքի ջատագով այդ երկրի ցանկացած քաղաքացու համար։ Հենց այս կնիքով իմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելս հավաստող այս փաստաթուղթը, այսինքն, անձնագիրս, ողջ կյանքիս ընթացքում ինձ կհիշեցնի, թե միայն այն պատճառով, որ ես ոչ մի երկրում չեմ եղել, որ «Ա1+»-ը փակվել է կամ ես ամուսնացած չեմ, ինձ կասկածել են խաբեբա, ահաբեկիչ կամ արտագաղթող լինելու մեջ։ Երկրորդ անտեսանելի կնիքով ինձնից խլվեց Բաղրամյան պողոտան, որտեղ էլ գտնվում է հենց այն շենքը, որի ներսում ինձ կասկածել են խաբեբա, ահաբեկիչ կամ արտագաղթող լինելու մեջ։ Այդ պողոտան շրջանցելն ավելի արդյունավետ չէ, քանի որ այդպիսով ձեռք ես բերում այդ պողոտայից սարսափողի բարդույթ, որն արդեն հոգեկան խանգարման նշան է, քանի որ պողոտան իր ողջ կիսաասֆալտով իշխում է քեզ։ ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել