Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցում է միայն իր երկրում

Ապրիլ 27,2002 00:00

Քաղցում է միայն իր երկրում Հոդվածը արտերկրի կյանքը գովազդելու միտում չունի, պարզապես մի կոնկրետ օրինակով ներկայացվում է իրական փաստը։ Իսկ իրականությունն այն է, որ հայը քաղցում է միայն իր հարազատ երկրում ու… ստիպված բռնում արտագաղթի ճամփան։ Արդյունքում՝ մեր վաղվա օրը կերտող լուսե մանուկները հայտնվում են օտարի հողում, սովորում օտարալեզու դպրոցներում, ուսումնասիրում նրանց պատմությունն ու մշակույթը… Հարեւանուհիս՝ տիկին Սուսաննան, անսահման բարի ու աստվածավախ է։ Նա նույնիսկ չգիտեր, որ Սիբիրում կա Խանտիմանսիյսկի մարզ՝ նույնանուն կենտրոնով, որտեղ մի օր, օրվա հացի հրամայականով, երեք երեխաների հետ միասին այնտեղ կհայտնվի դստեր ընտանիքը։ Եվ ահա, նախօրոք հոգալով ճանապարհածախսը, աղջիկն ու փեսան նրան հրավիրել էին իրենց մոտ հյուր։ Երկու ամսից ավելի վայելելով հարազատների ջերմությունն ու սիբիրյան յուրովի, իր համար անծանոթ բնությունը, օրերս տիկին Սուսաննան վերադարձավ եւ պատմում է իր տպավորությունները։ Ըստ նրա, Խանտիմանսիյսկը փոքր, մեր Վանաձորի նման քաղաք է, միայն այն տարբերությամբ, որ այնտեղ արդյունաբերական ձեռնարկություններ չկան։ Բնակչությունը, որոնց մեջ քիչ չեն հայերը, հիմնականում զբաղվում է առեւտրով։ Եվ քանի որ ժողովրդի գնողունակությունը բարձր է, եկամուտ է ապահովվում։ Ինչպես հավաստում է տիկին Սուսաննան, այնտեղ դիպլոմ ունեցող մասնագետն անգործ չի մնում, համապատասխան աշխատանք կա, իսկ աշխատել նշանակում է ընտանիքի համար նորմալ ապրուստ ապահովել։ Օրինակն ակնհայտ է՝ աղջիկն ու փեսան աշխատում են իրենց մասնագիտությամբ՝ փեսան ավտոձեռնարկությունում՝ մեխանիկ, կինը՝ բուժքույր եւ կարողանում են կերակրել, հագցնել արդեն 5 երեխաներին (երկուսը ծնվել են այնտեղ)։ Մինչդեռ Հայաստանում, այս նույն աշխատանքով, երբ դեռ երեխաները երեքն էին, կիսաքաղց գոյություն էին քարշ տալիս, թեեւ հարազատներն էլ էին օգնում։ Տիկնոջ խոսքերով՝ «ճիշտ է, այնտեղ էլ ըստ պահանջի չեն ապրում, սակայն «ոչ ոքի մուննաթին չեն»։ Որպես բազմազավակ ընտանիք, գտնվում են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում՝ 5 երեխաներն էլ նպաստ են ստանում, հաճախակի տրվում է օգնություն (թե գումարային, թե ապրանքով)։ Ամեն տոնի առիթով երեխաները նվերներ, խաղալիքներ են ստանում։ Իսկ անցյալ ամռանը դպրոցահասակ երկու երեխաները մեկ ամսով մեկնել էին Մոսկվա՝ ամառային հանգստի (քաղաքապետարանի միջոցներով)։ Ի դեպ, տիկին Սուսաննան երդվեց, որ ոչ քաղաքապետարանում ծանոթ, բարեկամ ունեն, ոչ էլ կաշառքով են այդ վերաբերմունքին արժանացել։ Իսկ իմ հարցին տիկինը պատասխանեց, որ թե աղջկա ընտանիքը, թե մյուս հայերը, ցավոք, չեն մտածում հայրենիք վերադառնալու մասին, նույնիսկ եթե այստեղ վիճակը լավանա, քանի որ արդեն սովորել են տեղի կյանքին, անհոգ են ապրում, վախ չկա վաղվա օրվա հանդեպ, թեեւ կարոտում են երկրին, հարազատներին։ Եվ միգուցե այդ կարոտի յուրովի դրսեւորումն է տեղ գտել Հայաստան չտեսած 5-ամյա թոռնուհու՝ Մարիանայի նկարներում։ Համենայնդեպս, մանկապատանեկան ցուցահանդեսի հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք գտել են, որ նրա նկարներում ճառագում է հայկական արեւը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել