Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ Է ՄՇԱԿԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 27,2002 00:00

ՈՎ Է ՄՇԱԿԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Տնտեսության երկարատեւ կայուն զարգացման ապահովումը ամենակարեւոր ներքաղաքական խնդիրն է, որից կախված է ցանկացած պետության եւ հասարակության ապագան: Տնտեսական կայուն զարգացման միակ նախապայմանը տնտեսական քաղաքականության մշակումն ու իրագործումն է: Ցավոք, Հայաստանի անկախ պետականության տասնամյա պատմության ընթացքում երբեք չի մշակվել եւ, բնականաբար, չի իրագործվել այն, ինչ կոչվում է տնտեսական քաղաքականություն: Նշենք, որ բոլոր նման հասարակությունների համընդանուր, գերագույն նպատակը մարդու ազատությունների եւ իրավունքների առավել ապահովումն է եւ յուրաքանչյուր մարդու համար կյանքի թե՛ նյութական, թե՛ հոգեւոր եւ թե՛ կենսական առավելագույն բարենպաստ պայմանների հաստատումը: Այս տեսանկյունից ՀՀ տնտեսական նպատակները (որոնք գերագույն նպատակին հասնելու միջոց են) հետեւյալն են. առավելագույն տնտեսական աճ, տնտեսության օպտիմալ ճյուղային կառուցվածքի ձեւավորում, նվազագույն գործազրկության մակարդակ, կայուն գներ, արդյունավետ սպառում, ներքին եւ արտաքին պարտքի կրճատում, ներմուծման եւ արտահանման օպտիմալ հարաբերակցություն: Այս նպատակներին որոշակի ժամկետում հասնելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ցանկը, հերթականությունը եւ ձեւավորել պատասխանատուներին: Դրանից հետո կձեւավորվեն խաղի կանոնները եւ խաղի մասնակիցները: Այս փուլից հետո պետությունը կունենա տնտեսական ոլորտում երկու ընթացիկ ֆունկցիա. ապահովել «խաղի բոլոր մասնակիցների» հավասարությունը գործող կանոնների առջեւ եւ զբաղվել վերջիններիս կատարելագործմամբ: Ինչպես հասկանում ենք, «խաղի կանոնները» ողջ օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտն է, որը պետք է ապահովի նպատակներին հասնելու ամենակարճ եւ արդյունավետ ուղին: Սա է շատ հակիրճ «տնտեսական քաղաքականություն» հասկացության նկարագիրը: Մի բան, որը մեզանում բացակայում է, սակայն որի անհրաժեշտությունը կենսական է ու որոշիչ մեր պետության ապագայի համար: Սակայն հասկանալ եւ գնահատել տնտեսական քաղաքականություն ունենալու անհրաժեշտությունը, առավել եւս մշակել այն եւ կյանքի կոչել՝ մեծ քաղաքական գործիչների շնորհն է, ես կասեի՝ մենաշնորհը: Ժողովուրդը ըստ էության պահանջատեր է. նա պահանջում է իշխանությունից լավ եւ արդար կյանք, եւ նրան չեն հետաքրքրում այն մասնագիտական մանրամասները, որոնց կիրառմամբ իշխանությունը ապահովում է ժողովրդի պահանջը: Ժողովուրդը ընդհամենը այս կամ այն ձեւով իր դժգոհությունն է հայտնում, եթե պարզում է, որ իշխանության քայլերն անարդյունավետ են: Շարքային քաղաքացու համար «տնտեսական աճը» դատարկ հասկացություն է, եթե նա իր մաշկի վրա չի զգում կյանքի պայմանների բարելավման կայուն միտում: Այսօր շատերն են դժգոհում իշխանությունից, եւ այս դժգոհությունը, որպես կանոն, առարկայանում է այս կամ այն կոնկրետ խնդրի կամ երեւույթի շուրջը: Այսօր իշխանության քայլերը տնտեսական ոլորտում անարդյունավետ են: Դրա պատճառը, ինչպես նշեցինք, երկրի տնտեսական քաղաքականության բացակայությունն է: Իսկ վերջինիս պատճառն այն է, որ այսօր իշխանության մեջ չկան անհատներ, որոնք հասկանան եւ գնահատեն տնտեսական քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։ Չկա քաղաքական կամք, որ ձեւավորի թիմ, որը ի վիճակի լինի մշակել եւ կյանքի կոչել հստակ, իրատեսական եւ արդյունավետ տնտեսական քաղաքականություն: Այսօր միակ լուրջ տնտեսական փաստաթուղթը երկրի տարեկան բյուջեն է, որը ընդամենը գոյատեւման տարեկան ծրագիր է, որի հիմնական նպատակն է՝ ապահովել չինովնիկական ապարատի ընդլայնված վերարտադրությունը եւ այն նվազագույն սոցիալական խնդիրների լուծումը, որը թույլ է տալիս մի կերպ զերծ պահել մարդկանց ըմբոստություններից: Ցավով եմ նշում, բայց այսօր երկրի տնտեսագիտական մտքի գերակշռող մասը իշխանությունից դուրս է մղվել եւ սա արվել է միտումնավոր: Այն խաղի կանոնները, որ գործում են տնտեսական դաշտում, սահմանափակում են ազատ շուկան, ծառայում են նեղ խմբի տնտեսական եւ որպես հետեւանք՝ քաղաքական շահերին եւ պաշտպանում նրանց իրավունքները: Այլոց իրավունքների ընդլայնումը ձեռնտու չէ՝ խփում է խմբի շահերին, մյուս կողմից էլ հասարակությունը ակտիվորեն չի պաշտպանում իր շահերը: Այսինքն, ստեղծված իրավիճակը չի խրախուսում իշխանավորներին զբաղվել տնտեսական քաղաքականության մշակմամբ՝ հակառակը, նրանք ամեն գնով փորձում են պահպանել «ստատուս քվոն»: Ի դեպ, տնտեսական քաղաքականության մշակումով չի զբաղվում ոչ կառավարությունը, ոչ օրենսդիրը՝ ստեղծված պայմաններում չեն ձեւավորվել համարժեք մտավոր կարողություններով օժտված կառույցներ: Իսկ այն մարդիկ, որոնք ունեն եւ՛ համապատասխան կրթություն, եւ՛ ի վիճակի են զբաղվել այդ գործով, զրկված են այդ հնարավորությունից: Այն քաղաքական ուժը, որն ի վիճակի կլինի մշակել եւ հասարակության դատին ներկայացնել իրատեսական քաղաքականություն տնտեսական ոլորտում, կունենա ապագա: Մարդիկ կարոտ են մնացել կառուցողական գաղափարախոսությանը՝ նեգատիվիզմը եւ պոպուլիզմը այսօր մերժվում են հասարակության մեծամասնության կողմից: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել