Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերներն անհետանում են Եգիպտոսում

Ապրիլ 27,2002 00:00

Ստվերներն անհետանում են Եգիպտոսում Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ յուրաքանչյուր ամիս մայրաքաղաքի Սպանդարյան շրջանի խաղատներից ընդամենը 50 միլիոն դրամի հարկեր է հավաքվում: Այս թիվը, սակայն, հեռու է խաղատների եկամուտների իրական պատկերը ներկայացնելուց, քանի որ ազարտային խաղերի սիրահարները նմանատիպ «խաղեր» են տալիս նաեւ պետությանը հարկեր վճարելու պարտավորության ժամանակ: Մեր ճարպիկ խաղամոլները եկամուտների ելակետային տվյալները՝ մի թիվ են տալիս, իսկ հարկային մարմիններին ներկայացնում են մեկ ուրիշ թիվ: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, խաղատներից եւ շահումով խաղերից ստացված եկամուտների ընդամենը 50 տոկոսն է մտնում պետական բյուջե, իսկ մնացած 50 տոկոս թաքցրած եկամուտները գրպանում է ՀՀ պետական եկամուտների փոխնախարար Սարգիս Գրիգորյանը՝ հենց այն պատճառով, որ ինքն է այդ նախարարությունում կոորդինացնում խաղատների նկատմամբ պետական վերահսկողությունը: Ավելի մանրամասնելով՝ մեր աղբյուրը հայտնեց, որ հայտնաբերվել է 20 չլիցենզավորված խաղատուն, որոնցից մայրաքաղաքի հենց կենտրոնում գտնվող «Տատյանա» ՍՊԸ-ն ունենալով 120 մլն դրամի ակտ՝ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին աշխատեցրել է 16 ապարատ, 2 սեղան: «Տատյանան» նման շռայլություն «վաստակել» է շնորհիվ փոխնախարար Գրիգորյանի հովանու: Թերեւս, չհամարձակվեինք հավատալ հարգարժան փոխնախարարի մասին տարածված այս «ասեկոսեներին», եթե մեր ձեռքի տակ չունենայինք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ այս տարվա ապրիլի 11-ին կայացած խորհրդակցության արձանագրությունը: Այնտեղից մասնավորապես տեղեկանում ենք, որ ուժային եւ տնտեսական բլոկի նախարարների ու նաեւ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունն ամբողջությամբ նվիրված է եղել շահումով խաղերի եւ խաղատների գործունեությանն ու լիցենզավորման հարցերին: Քննարկման արդյունքում որոշվել է «Շահումով խաղերի եւ խաղատների գործունեության վերահսկողությունը պետական մարմինների կողմից համարել ոչ բավարար եւ թերի»։ Ի դեպ, այս խորհրդակցությունը հետեւել է նախագահի վերահսկողության ծառայության կողմից խաղատներում իրականացրած ստուգումներին, որոնց արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն եղել: Ընդ որում, խորհրդակցության արդյունքում, ի շարս այլ հանձնարարականների, ՀՀ նախագահը հանձնարարել է իր վերահսկողության ծառայության ղեկավար Ֆ. Ցոլակյանին՝ «շահումով խաղերի եւ խաղատների գործունեության ուսումնասիրություն՝ արդյունքների մասին պարբերաբար զեկուցելով ՀՀ նախագահին»: Միաժամանակ, ՀՀ նախագահը հանձնարարել է ՀՀ ներքին գործերի, ՀՀ պետեկամուտների նախարարներին եւ ՀՀ գլխավոր դատախազին՝ «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ լիցենզիա չունեցող շահումով խաղերի եւ խաղատների գործունեության դադարեցման ուղղությամբ: Արդյունքների մասին 20-օրյա ժամկետում զեկուցել ՀՀ նախագահին»: Նշենք, որ ՀՀ նախագահի այս խորհրդակցությունից անմիջապես հետո ՀՀ պետական եկամուտների նախարար Երվանդ Զախարյանը ձեռնարկել է օպերատիվ միջոցներ՝ փոխնախարար Գրիգորյանին ուղարկելով արձակուրդ։ Հավանաբար առաջնորդվելով հայտնի «Իջիր ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը» կարգախոսով: Ասում են՝ օգտվելով «վաստակած» հանգստից, փոխնախարար Գրիգորյանը ներկայումս «խաղեր» է տալիս Եգիպտոսում՝ մարմինը կոփելով ծովային կազդուրիչ արեւի տակ՝ այն հաստատ համոզումով, որ Հայաստան վերադարձից հետո կշարունակի աշխատանքը ՀՀ պետեկամուտների նախարարի տեղակալի պաշտոնում: Զ. ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել