Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՏՏՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՈ՞ՒՐՋ

Ապրիլ 27,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՏՏՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՈ՞ՒՐՋ Վերջերս խմբագրությունում Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետության հավակնելու մասին նյութ էր մուտքագրվում եւ համընդհանուր «Օ-լա-լա՜», “ծց Ռ ՊՈ” բացականչությունների մեջ, մեկը («Առավոտի» ղեկավարներից է), տարակուսած հարցրեց. «Չհասկացանք, Սերժն էլ անվերջ նախարա՞ր է մնալու»: Իրոք, Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակումը այս երկրում թվում է, չասենք՝ անխուսափելի, համենայնդեպս՝ անհրաժեշտություն: Ընդսմին՝ որքան էլ պարադոքսալ թվա, եւ՛ այն դեպքում, եթե Քոչարյանը որոշի նախագահության թեկնածու առաջադրվել, եւ՛ այն դեպքում, եթե որոշի չառաջադրվել: Եթե Քոչարյանն առաջադրվում է… Կարծում եմ, ոչ ոք առայժմ չի կարող վստահաբար ասել, թե Քոչարյանը երկրորդ անգամ կառաջադրվի նախագահության թեկնածու։ Այն, որ դեռ անցյալ աշնանը Քոչարյանը սպառնացել էր ի հեճուկս ընդդիմության առաջադրվել, թվում է ավելի հակազդեցություն էր պաշտոնանկության կոչերին, քան կշռադատված մտադրություն: Նույնիսկ դաշտային հրամանատարը, երբ ստանձնում է նախագահական պաշտոն, հայտնվում է պատմության հոլովույթում. այդուհետեւ նրա քայլերը չեն կարող ինչ-որ հակազդելու մղումներով կատարվել: Իսկ պատմության հոլովույթում Քոչարյանը թվում է մեկ՝ կյանքի գործ դարձրած առաքելություն ունի՝ ղարաբաղյան հակամարտությունում կնքել խաղաղություն՝ իրեն առավելագույնս նպաստավոր թվացող պայմաններով։ Նա այս ուղղությամբ ջանացել է ամբողջ 4 տարի: Առայժմ, որքան տեսանելի է՝ ապարդյուն: Գուցե նույնիսկ Քոչարյանն արդեն գիտակցել է, որ սեփական կամքը աշխարհին թելադրելու հույսը պատրանք է։ Կամ թեեւ կատարելապես անհավանական է, բայց, ո՞վ գիտե, գուցե այս ընթացքում ինչ172ինչ ձեռքբերումներ է ունեցել, որոնք առայժմ հայտնի չեն հասարակությանը։ Ինչեւէ… եթե Արեւմուտքի շահագրգռությունը, ճնշումները դեր կատարեն, եւ Փարիզ-քիուեսթյան գործընթացը 2002172ին ավարտվի խաղաղության հաստատումով, ապա հազիվ թե Քոչարյանը նախագահ վերընտրվելու ծրագրեր կազմի։ Առավել հավանական է, նա կասի. «Արեցի այն՝ ինչ կարող էի, մնացյալը թող անեն ուրիշները» եւ կհեռանա ասպարեզից։ Ի դեպ՝ ճիշտ ժամանակին: Եվ երկրին մի կողմնակի ծառայությունն էլ մատուցած կլինի՝ հնարավորություն թողնելով հաջորդ նախագահին՝ նոր էջից պատմություն գրելու: Իսկ եթե, այնուամենայնիվ, 2002172ին ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, կամ Քոչարյանը համարի, թե ինքն այս երկրում դեռ անելի՜ք ունի, կամ ոչ այս, ոչ այն, ուղղակի հավատարիմ իր գավառական հաստատակամությանը՝ որոշի երկրորդ անգամ առաջադրվել… ի՞նչ է սպասելի այդ դեպքում: Այն, որ Հայաստանում Քոչարյանը մերժվող ֆիգուր է՝ նորություն չէ։ Այդտեղ ոչ միայն ի սկզբանե եւ համառորեն հասարակության կողմից չընդունվելու խնդիրն է, այլեւ «ծանրացուցիչ դեպք հանցանաց»՝ Քոչարյանի պաշտոնավարությունը ամենեւին էլ չբարելավեց մարդկանց կյանքը՝ չնայած 44.048 աշխատատեղ բացելու սխրանքին, բարոյահոգեբանական կացությունն էլ երկրում վատթարացավ ահաբեկչություններով: Հետեւաբար, որպեսզի Քոչարյանը երկրորդ անգամ ընտրվի նախագահ, հարկավոր կլինի գործադրել ուժային եւ վարչական մեթոդներ։ Խոսքն առայժմ բռնությունների մասին չէ, այլ առկա վարչական հնարավորությունները մոբիլիզացնելու։ Հասկանալի է, որ համերկրային հասարակական զորաշարժ կարող է կազմակերպել ու վերահսկել միայն գործադիր լծակներ եւ ազդեցություն ունեցող, այլ կերպ ասած՝ բուրգի գագաթին գտնվող անձը։ Ի պաշտոնե նման լծակների տիրապետում է վարչապետը, բայց այդ ո՞ր վարչապետը Հայաստանում կարող է հավակնել ազդեցության, մանավանդ ուժային կառույցներում, քանի ասպարեզում է Սերժ Սարգսյանը՝ հիշյալ կառույցներում իր պաշտոնավարման շրջապտույտով եւ պահպանած կապերով: Այլ կերպ ասած, հասարակության նախընտրական «վերբովկան», միեւնույն է, իրականացնելու է Սարգսյանը: Հետեւաբար նրան պաշտպանության նախարարի պաշտոնում թողնելը էական խնդիր կստեղծի նախընտրական արշավում: Որքան էլ Սերժ Սարգսյանը քաղաքական ֆիգուր է, միեւնույն է, ի պաշտոնե պաշտպանության նախարարի ազդեցությունը ուժային ճնշում է նշանակելու ե՛ւ Հայաստանի հասարակության, ե՛ւ միջազգային հանրության համար, այդտեղից բխող ոչ-լեգիտիմության ու մնացյալ բարդություններով: Ահա թե ինչու, եթե Քոչարյանը որոշում է առաջադրվել նախագահ, ապա Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոն առաջարկելը կամ համոզելը, որ այն ստանձնի, վերածվում է անհրաժեշտության: Եթե Քոչարյանը չի առաջադրվում… Նախընտրական տարում Քոչարյանի մյուս որոշումը կարող է լինել նախագահության թեկնածու չառաջադրվելը: Եթե Քոչարյանին հաջողվի ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծել, կամ նա համոզվի, թե հաջորդ նախագահն էլ դա կանի իրենից ոչ վատ, կամ ցանկություն առաջանա այս երկրում իսկապես ազատ եւ արդար ընտրություն անցկացնել՝ առանց արդյունքներ խեղաթյուրելու. բոլոր այս դեպքերում Քոչարյանը պիտի որ նախընտրի չառաջադրվել նախագահության թեկնածու։ Ի դեպ, ընտրությունների խնդիրը… Այս երկրում 95172ից ի վեր պերմանենտ կերպով վիճարկվում են բոլոր խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ ընտրությունները հասարակության մեջ ավելի բեւեռացում են ստեղծել եւ առճակատում, քան համերաշխություն ու միավորում։ Ընդսմին, գուցե արդեն ապրիորի, հասարակությունը հակված է կարծելու, թե ցանկացած իշխանություն ինքնապահպանման բնազդով ոտնահարելու է ընտրությունների արդարությունը։ Հետեւաբար, հանուն վստահության վերականգնման, թե այս երկրում հնարավոր է հասարակության ազատ կամքի արտահայտում եւ այդ կամքը կրող իշխանության ձեւավորում, արժե իշխանական լծակներ գործադրելուց ձեռնպահ մնալ: Կարելի է, նույնիսկ, չառաջադրվել, որպեսզի հասարակությունը մնացյալ՝ արտոնյալ պայմաններում չգտնվող թեկնածուներից ընտրություն կատարի։ Ազատ եւ արդար ընտրության նախադեպ ստեղծելը (եթե հույս լինի, որ այն կվերածվի ավանդույթի) ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ համեմատելի ծառայություն կլինի այս երկրին: Ինչեւէ… ենթադրենք, այս կամ գուցե այլ նկատառումներից ելնելով, Քոչարյանը իրոք որոշի չառաջադրվել։ Ծագելու է հաջորդ խնդիրը՝ ինչպե՞ս հեռանալ: Քոչարյանն այս երկրում չունի ո՛չ սոցիալական, ո՛չ քաղաքական հենարաններ, որոնք նրան անձեռնմխելիություն երաշխավորեին։ Ավելին, Քոչարյանի օրոք այնքան ահաբեկչություններ, դատավարություններ ու հալածանքներ են եղել, որ իներցիայով հալածանքները կարող են իր դեմ ուղղվել։ Իսկ քաղաքականության մեջ խոստովանություններով ու երդումներով հարցեր չեն լուծվում: Հետեւաբար եւ ինքնաբերաբար դարձյալ ծագում է անձի խնդիր, ով կարողանար իշխանության ժառանգականություն եւ փոխանցում ապահովել։ Դա նույնպես միայն վարչապետը կարող է անել, որովհետեւ, եթե Քոչարյանը չի առաջադրվում նախագահ, գործադիր ողջ իշխանությունը եւ լծակները հայտնվում են վարչապետի ձեռքում, եւ ով էլ ընտրվի հաջորդ նախագահ՝ ինչ-որ տեղ շնորհակալ է լինելու վարչապետին՝ առնվազն իր ընտրությանը չխոչընդոտելու համար։ Քանի որ Քոչարյանը նախագահականից բացի այլ պաշտոն անձամբ չի կարող զբաղեցնել, մնում է, որ վարչապետի աթոռը առաջարկվի դարձյալ Սերժ Սարգսյանին։ Վերջիվերջո եւ ըստ էության, միայն վարչապետի աթոռ զբաղեցնող Սերժ Սարգսյանը կարող է անձեռնմխելիության երաշխիք լինել Քոչարյանի համար եւ առանց առճակատման իշխանության ժառանգականություն ապահովել այս երկրում: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել