ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործով ընթացող դատավարության առանձին մասնակիցներ կարծիք են հայտնում, որ վատ բեմադրված շոուն արդեն մայիսին, թերեւս, կավարտվի: Գրեթե միանշանակ է, որ դատարանը Մ.Սաղաթելյանին մեղավոր կճանաչի նրան առաջադրված բոլոր հոդվածներով. հակառակ դեպքում անիմաստ կլիներ Քրդատօրի մի քանի հոդվածների խախտումների գնով մեղադրանքներ առաջադրել ու հետո հրաժարվել դրանցից, տապալել «թխած» գործը: Մ.Սաղաթելյանի դատավարության արդյունքն ու ելքը, ինչպես մյուս բոլոր հնչեղություն ունեցող դատավարությունների դեպքում է, կախված է միմիայն իշխանությունների եւ առավելապես Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի քմահաճույքից: Ի դեպ, Մ.Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործով՝ «ակնհայտ սուտ մատնություն», դրվագի անհեթեթություններից մեկն էլ այն է, որ «սուտ մատնության» թիրախը հիշյալ պաշտոնյաներն են, բայց տուժող չեն: Պատճառն այն է, որ այդօրինակ մեղադրանքը, ըստ Քրօրի, ուղղված է ոչ թե անձի, այլ՝ արդարադատության դեմ: Մի բան, որ, ինչպես փաստաբան Ռոբերտ Գրիգորյանն ասաց, «սուտ մատնություն» մեղադրանքը ամենեւին էլ չի համապատասխանում կամ այն չի որակում Մ.Սաղաթելյանի արարքը: Ըստ փաստաբանի, եթե իշխանությունները լիովին խիղճները չեն կորցրել, պարտավոր են հրաժարվել Սաղաթելյանին առաջադրված ինչպես այդ, նաեւ մի քանի այլ մեղադրանքներից: Ինչո՞ւ է անհիմն մեղադրանքը Ըստ Մ.Սաղաթելյանի՝ ողբերգությունը սկսվել է այն օրվանից, երբ 2001-ի սեպտեմբերի 25-ին նրան կանչել են Գլխավոր դատախազություն՝ քննիչ Հակոբ Բաբայանի մոտ՝ բացատրություններ տալու ՆԳ գործակալ, «Շեյթան» ծածկանունով Հարություն Գրիգորյանի հետ հանդիպումների մասին: Իհարկե, Մ.Սաղաթելյանը՝ դատարանում պնդելով, որ իր դեմ հարուցված քրգործը հետապնդում է, պարզաբանեց, թե դրա սկիզբը դրվել է դեռեւս 2000-ի ապրիլի 20-ին՝ իրեն ՆԳ ՔՊԻ վարչության պետի պաշտոնից՝ առանց հիմնավորման ազատելով: Մինչ այդ, 2000-ի ապրիլի 19-ին, ըստ Մ.Սաղաթելյանի ցուցմունքների՝ ՆԳ նախարար Հ.Հարությունյանն է նրան հրավիրել իր մոտ եւ հայտնել, թե Ռ.Քոչարյանն իրեն պարտադրում է աշխատանքից ազատել Մ.Սաղաթելյանին: Ընդ որում, նա ասել է, թե լավ կլինի, որ վերջինս ազատվի իր զեկուցագրով: Նախարարի ասելով՝ նախագահը դժգոհություն է հայտնել, թե Մ.Սաղաթելյանն իր ետեւից է ընկել, եւ որքան էլ նրան արգելեն «27»-ով զբաղվել, չի լսի: Ահա այստեղ հարկ ենք համարում հիշեցնել Մ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի այն դրվագը, որը վերաբերում է նույն 2000-ի փետրվարին կալանավոր Գարիկ Արզումանյանի միջոցով «27»-ի ոճրագործության կազմակերպիչներին առնչվող ինչ-ինչ տեսաերիզների որոնումներին: Միամիտ կլինի կարծել, թե իշխանություններին՝ ի դեմս Քոչարյանի, այդ դրվագը հայտնի էր դարձել միայն 2001-ի աշնանը, այն էլ՝ այն դեպքում, երբ նույն թվի մարտին Մ.Սաղաթելյանը «27»-ի կազմակերպմանը Քոչարյանի առնչությանն իր կասկածների մասին հայտնել էր հենց Քոչարյանին: Ինչեւէ: Դառնանք ցուցմունքներին: Ըստ այդմ, ամբաստանյալը չէր համաձայնել աշխատանքից ազատվելու զեկուցագիր գրել: Նախագահն էլ հերթական անգամ խախտելով կամ շրջանցելով ուժային կառույցների վարչության պետերին ՀՀ վարչապետի (այն ժամանակ՝ Արամ Սարգսյանի) համաձայնությամբ աշխատանքից ազատելու կարգը, նրան արդեն ապրիլի 20-ին ազատել էր զբաղեցրած պաշտոնից: Մ.Սաղաթելյանը դատարանում պատմեց նաեւ «Շեյթանի» հետ հանդիպման հանգամանքները, որոնք չենք կրկնի, քանզի դրանք արդեն հայտնի են: Ամբաստանյալի խոստովանությամբ, գործակալի հետ առաջին հանդիպումից հետո ինքը կասկածել եւ համոզվել էր, որ «Շեյթանը» հատուկ է ուղարկված «Հանրապետություն» կուսակցություն: «Թեեւ դա ինձ չէր վախեցնում եւ չէր էլ հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր «27»-ի մասին լուրջ տեղեկատվություն»,- խոստովանեց նա: Եվ երբ գործակալը հավաստիացրել էր, թե տեղյակ է «27»-ին առնչվող եւ դեռեւս ի հայտ չեկած իրեղեն ապացույցների՝ երկու ձայներիզի գոյության մասին եւ կարող է գտնել, Մ.Սաղաթելյանն ընկրկել էր, առավել եւս, որ նրա ակնարկած ձայներիզի գոյության մասին արդեն մի անգամ լսել էր կալանավոր Գարիկ Արզումանյանից. իր մեջ կասկած էր առաջացել, թե այդպիսի ձայնագրություն, այնուամենայնիվ, կա, եւ որոշել էր անպայման ստուգել, ստանալ այդ տվյալները: Հետագա հանդիպումներից հետո Մ.Սաղաթելյանն ավելի էր համոզվել, որ «Շեյթանն» իրեն խաբում է, բայց ինչպես ինքն ասաց՝ «27»-ի մասին այդպիսի տեղեկությունները չստուգելու ու չբացահայտելու բարոյական իրավունք չունեի»: Ի վերջո, համոզվելով, որ գործակալն իրեն խաբում է, Մ.Սաղաթելյանը նրան դրա համար ապտակել էր, իջեցրել ավտոմեքենայից եւ այլեւս չէր հանդիպել մինչեւ նրա դեմ քրգործ հարուցելը: Նա դատարանում էլ տարակուսանք հայտնեց, թե դատախազությունն՝ առանց ստուգելու Հ.Գրիգորյանի հայտարարությունները իբր 50 հազար դոլար խոստանալու, նաեւ «Սեմեյնի» ռեստորանում, իբր, Մ.Սաղաթելյանի թելադրանքով գրված հայտարարության մասին, որտեղ որպես «27»-ի կազմակերպիչներ նշված է եղել Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի անունները, քրգործ է հարուցել: Ընդ որում, երկու դեպքում էլ միակ վկան ինքը՝ «Շեյթանն» է: Չկա ոչ 50 հազար դոլարի խոստման այլ վկա, չկա նաեւ մեկը, որ հաստատի թելադրված հայտարարության գոյությունը: Նյութերում եւ ընդհանրապես՝ նման թուղթ, իրեղեն ապացույց չկա, եւ ոչ ոք չի կարող դատողություններ անել չեղած գրության տեքստի մասին: Ռ.Գրիգորյանն իր հերթին նկատեց, թե այդ մեղադրանքին օբյեկտիվ գնահատական տալու համար անհրաժեշտ է միայն կարդալ Քրդատօրի 1-2 հոդված եւ պարզ կլինի, թե «ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու» մեղադրանքը որքան անհեթեթ է: Ըստ նրա՝ նախ, սուտ մատնությունը հանցագործության մասին այն տեղեկությունն է, որը քաղաքացին փոխանցում է, որի մասին հայտարարում է բանավոր կամ գրավոր հետաքննության, նախաքննության մարմիններին, դատախազին, որոնք իրավունք ունեն քրեական հետապնդում իրականացնել: «Եթե պարզվում է, որ այդ տեղեկությունները սուտ են, միայն այդ դեպքում է մեղադրանք առաջադրվում: Մ.Սաղաթելյանն իր կասկածների մասին չի հայտնել հիշյալ որեւէ մարմնի: Նա ընդամենը կարծիք է հայտնել թերթում, ինչը երբեք չի կարող «սուտ մատնություն» որակվել: Դրանք ամենաշատը կարող էր օգտագործել նախաքննական մարմինը՝ թերթի հրապարակումը դարձնելով ստուգման հիմք: Ընդ որում, տեղեկություն տվողը պետք է լինի ֆիզիկական անձ: Սուտ մատնության սուբյեկտը չի կարող իրավաբանական անձ լինել: Այդ տարբերություններն են, որ մարդիկ չեն ուզում տեսնել: Սուտ մատնությունն, ի վերջո, ուղղված է ոչ թե անձի, այլ ՀՀ արդարադատության դեմ: Այդ եւ անձի արժանապատվությունը վիրավորելու վերաբերյալ հոդվածները միանգամայն տարբեր հոդվածներ են՝ տարբեր գլուխներում: Ինչպե՞ս կարելի է Մ.Սաղաթելյանին թերթում տված հարցազրույցի համար մեղադրել, այն էլ՝ «ակնհայտ սուտ մատնության» մեջ, առավել եւս, որ դատաքննությամբ պարզվեց, որ Մ.Սաղաթելյանը այդ հոդվածով նվազագույն պահանջվող «դիտավորությունը» չի ունեցել: Նա ցանկացել է ձեռք բերել «27»-ի կազմակերպիչների մասին ճշմարիտ տվյալներ, գործակալից կեղծ փաստաթղթեր չի պահանջել, ինչը հաստատեց նաեւ գործակալ Հ.Գրիգորյանը: Պարզվեց, որ Մ.Սաղաթելյանն ինքն է խաբված եղել գործակալի կողմից: Այդ վերջինս է կեղծ փաստաթղթեր հրամցրել նրան, երբ փոխանցել է իր հարեւանի աղջկա ձեռքով գրված, իբր, Մ.Մովսիսյանի օրագիրը»,- ասաց փաստաբանը: Այս շաբաթ Մ.Սաղաթելյանը կրկին պնդեց, թե ինքը, այո, կասկածում է Ռ.Քոչարյանին եւ Ս.Սարգսյանին «27»-ի կազմակերպման մեջ: Կասկածելը, կարծիք հայտնելը դեռեւս քրեորեն պատժելի չեն, իսկ Մ.Սաղաթելյանի, ընթերցողի խոնարհ ծառայի ու ընդհանրապես մեր հասարակության մի ստվար հատվածի կասկածները փարատելու «պատիվն» ընձեռված է իրավապահներին: Ուրեմն թող դրանով զբաղվեն ու վերջապես հիմնավոր փարատեն կասկածները: Անդրադարձ 94-ին Այս անգամ մեջբերենք միայն այս շաբաթ դատարանում տված Մ.Սաղաթելյանի ցուցմունքները: Ըստ այդմ, 94-ին Երեւանից Գորիս տեղափոխվող կալանավորները փախուստի էին դիմել: Մ.Սաղաթելյանին զանգահարել ու շտապ կանչել էր այն ժամանակ ՆԳ փոխնախարար Հայկ Հարությունյանը եւ ասել, թե ՊՆ-ից ուղղաթիռ է վերցրել եւ պետք է մեկնել Սիսիան: Սիսիանում տեղեկացել են, որ փախուստի դիմած կալանավորներից 4-ին, այդ թվում՝ Սարի Թաղի Վրեժին բռնել են, իսկ մյուսներին՝ Վ.Դորոգոնովին, Արմենին եւ Ռ.Զորոյանին ՌՈ-ն եւ ոստիկանությունը դեռ հետապնդում են: Ոստիկանատանը «2-րդ հարկում 4 կալանավորները բերանի վրա պառկած էին ու այնպես էին ծեծված, որ հնարավոր չէր տարբերել իրարից: Ճիշտ էին ծեծվել,- իր կարծիքը հայտնեց Մ.Սաղաթելյանն ու շարունակեց,- իսկ ծեծողը այն «Նիվայի» տերն էր, որին փախստականները ճանապարհին կանգնեցրել էին, ընտանիքին մեքենայից իջեցրել, մեկ տարեկան երեք ամսական երեխային ձների վրա էին շպրտել, մեքենան ձեռքից վերցրել էին: Ես այդ դեպքից մեկ ամիս առաջ էի վիրահատվել, եւ դրա մասին գիտի նաեւ Հայկ Հարությունյանը»,- ասաց Մ.Սաղաթելյանը: Անդրադառնալով արդեն Վ.Դորոգոնովին, Ռ.Զորոյանին բռնելուց հետո հանդիպման տեսարանին, Մ.Սաղաթելյանն ասաց, թե նրանց տեղավորել էին «ԶԱԿ» մեքենայում: Առաջինը մեքենա էր բարձրացել Հայկ Հարությունյանը, որպեսզի ճշտի տեղեկությունը կալանավոր Ռ.Զորոյանի ինքնասպանության մասին»: Բարձրացել, օգնել էր Մ.Սաղաթելյանին եւս բարձրանալ մեքենա, պարզել էր, որ ինքնասպան է եղել ոչ թե Զորոյանը, այլ՝ Արամը եւ շատ էր ափսոսել: Իսկ այդ պահին մենքենայի մոտ արդեն խմբված են եղել, ըստ Մ.Սաղաթելյանի՝ 50-60 հոգի, որոնցից ամենազայրացածը Խոյլունցն է եղել, որովհետեւ փախստական կալանավորները ճանապարհին վերցրել էին նաեւ նրա տեղակալի ավտոմեքենան: Ըստ Մ.Սաղաթելյանի, նրանք արդեն մեքենայում ծեծված ու քրքրված շորերով են եղել, որովհետեւ հետապնդողները նրանց սարերից 4-5 կիլոմետր քարշ տալով են բերել: Կալանավորներին տարել են Գորիս, իսկ Մ.Սաղաթելյանը Հ.Հարությունյանի հետ նույն ուղղաթիռով վերադարձել է Երեւան: Նա հերքեց, թե ընդհանրապես ծեծել է կալանավորներին, եւ պնդեց, թե անգամ այդ դեպքում այսօր դեռ իր պատիժը կրող Վ.Դորոգոնովը, որը նման վկայություն է տվել, չէր կարող դա տեսնել այն պարզ պատճառով, որ «ԶԱԿ» մեքենայի ներքին կառուցվածքը, խցերի տեղավորվածությունը դա թույլ չի տալիս. «Այստեղ շատերը լավ գիտեն դա, թող ասեն՝ հնարավո՞ր է նման բան, թե՞ չէ»,- նկատի ունենալով իրեն ուղեկցող պահակախմբին՝ հայտարարեց Մ.Սաղաթելյանը: Իսկ նրա ցուցմունքները կշարունակվեն նաեւ հաջորդ շաբաթ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ