Օրինախախտումներ՝ առանց սահմանների «Ա1+»-ը փակելու իշխանությունների ցանկությունն իրականացնելու համար Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային անձնաժողովը դիմել է զանազան օրինախախտումների։ Ավելին՝ շատ անգամ լիովին է դուրս եկել օրենքի շրջանակներից։ Օրինակ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում հստակ սահմանված են այն 4 չափորոշիչները, ըստ որոնց պիտի որոշվեր 37 կապուղու արտոնագրատերը։ Սակայն Ազգային հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները, որոնք փորձել են հրապարակավ հիմնավորել իրենց գնահատականները, ապացուցել են, որ կիրառել են օրենքում չսահմանված 5-րդ չափորոշիչ՝ հեռուստաընկերության հետագա ծրագրերը, առաջիկա 7 տարում զարգացման ուղղությունը։ Կամ՝ թեեւ այս տարվա հունվարի 25-ին Ազգային հանձնաժողովի իսկ հրապարակած ամբողջական ցանկից հայտնի դարձավ, որ կան չհատկացված եւ մրցութային արտոնագրման ենթակա չորս դեցիմետրային հաճախություններ՝ օրենքը զանցառելով, մրցույթ չանցկացվեց նախեւառաջ այդ ազատ կապուղիների համար։ Հանձնաժողովի կատարած մեկ այլ ակնհայտ օրինախախտման մասին հայտնի դարձավ տնտեսական դատարանում ընթացած քննության «շնորհիվ»։ Ազգային հանձնաժողովը 2002թ. փետրվարի 19-ի թիվ 13 որոշմամբ սահմանել է ստանդարտ արտոնագրային վճար՝ առանց հաշվի առնելու հաղորդչի հզորությունը։ Ըստ այդմ, խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 53-րդ հոդվածը («Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից եւ սփռման հնարավոր տարածքից») եւ հանձնաժողովի կանոնակարգի 53 հոդվածը։ Դատաքննության ընթացքում «Ա1+»-ի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հարց ուղղեց Ազգային հանձնաժողովի փաստաբան Սուրեն Պետրոսյանին, թե երբ արտոնագրային վճար են սահմանել 400 հազար դրամի չափով, ինչո՞վ են ղեկավարվել՝ Երեւանի բոլոր հաճախությունների համար սահմանելով այդ նույն վճարը (մարզերի համար՝ 250 հազար դրամ)։ «Այսինքն, գտնում եք, որ հաղորդիչների հզորությունը Երեւանում նո՞ւյնն է»,- հետաքրքրվեց Լեւոն Բաղդասարյանը։ Դատեք ինքներդ, թե Ազգային հանձնաժողովի փաստաբանի պատասխանը որքանո՞վ կապ ուներ տրված հարցի եւ մասնավորապես՝ արտոնագրային վճարը՝ ըստ հաղորդչի հզորության սահմանելու օրենքի դրույթի խախտման հետ։ «Հաղորդակի հզորությունը պետք է լիներ այնպիսին, որպեսզի թույլ տար հեռարձակում իրականացնել համապատասխան սփռման տարածքում»։ «Ա1+»-ի փաստաբանը չվհատվեց. «Այսինքն, ընդունո՞ւմ եք, որ Երեւանում գործող եւ ապագայում գործելիք հեռուստաընկերություններն ունենալու են տարբեր հզորությունների հաղորդիչներ»։ «Ընդունում եմ»,- պատասխանեց Սուրեն Պետրոսյանը։ «Այդ դեպքում ինչո՞ւ է նույն գինը սահմանվել, երբ օրենքի պարտադիր պայման է դիտվում՝ հաշվի առնել հզորությունը եւ սփռման տարածքը»,- հերթական անգամ փորձեց պատասխան կորզել Լեւոն Բաղդասարյանը։ «Որովհետեւ մրցույթ հայտարարելիս հանձնաժողովը չէր կարող կանխատեսել, թե ինչպիսի ընկերություններ եւ ինչ հզորությամբ հաղորդիչներով կարող են մասնակցել այդ մրցույթին»,- վերջապես փոքրիշատե ըստ էության պատասխան տվեց հանձնաժողովի փաստաբանը։ Սակայն այս պատասխանն էլ նոր հարցերի տեղիք տվեց։ Ըստ այդմ, օրենքի այս հոդվածի տրամաբանությունից եւս չի բխո՞ւմ, որ մրցույթին կարող են մասնակցել միայն այնպիսի ընկերություններ, որոնք արդեն իսկ ունեն սեփական հաղորդակը, ուստի դրանց հզորությունը գուշակելու հարկ չկա։ Սակայն չփորձենք անել այն, ինչ անընդունելի ենք դիտում Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների պարագայում, որոնք ՍԴ-ի հացը խլելով՝ մեկնաբանում եւ վերլուծում էին օրենքը։ Ընդունենք, թե հանձնաժողովն իրոք չէր կարող կանխատեսել այդ հանգամանքը եւ, թերեւս, օրենքի թերություններից մեկն էլ նման դրույթ արձանագրելն էր։ Թերությունը սեփական որոշումներով կարկատելու եւ դրանցով օրենքը զանցառելու փոխարեն՝ բավարար ժամանակ եւ հնարավորություն ունեին շտկելու օրենքը, ասենք՝ որեւէ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության միջոցով։ Նույնը կարելի է ասել նաեւ այլ դեպքերի մասին, երբ հանձնաժողովն իր գործողություններով խախտել է օրենքը։ Գտնում են, թե անհրաժեշտություն կարող է առաջանալ, որ դիմեն պատկան մարմիններին՝ խնդրելով դադարեցնել այս կամ այն ալիքի հեռարձակո՞ւմը։ Թող դիմեն ԱԺ եւ փորձեն ստանալ նման իրավասություն, որ այժմ չունեն։ Թող փորձեն նաեւ օրենքում սահմանել այն դեպքերը, երբ հանձնաժողովը կկարողանա իր լիազորությունների մի մասն իրականացնել, իսկ մյուսը՝ ոչ։ Թող առաջարկեն օրենքից հանել տեխնիկական հավաստագրի առկայության, հնարավոր ֆինանսական աղբյուրների, աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության եւ մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ տեղեկություններ հանելու պարտադիր պահանջները եւ այլն (պարզ է, որ «Շարմը» չէր կարող ներկայացնել այս ամենը)։ Բայց քանի դեռ օրենքում նման փոփոխություններ եւ լրացումներ չեն եղել՝ Ազգային հանձնաժողովը երբեք իրավասու չէ օրենսդրական սահմաններն անցնել, առաջադրել այլ պահանջներ։ Եվ հանցավոր է այն հանձնաժողովը, որն օրենքի պահանջների ոտնահարմամբ մրցույթ է անցկացնում եւ եթերից զրկում գործող հեռուստաընկերությանը։ Այդ հանցագործությունն անվանվում է առնվազն ինքնիրավչություն։ Եվ հանցավոր՝ հանցագործության պարտակող է այն դատավորը, որն իր վճռով հաստատում է նման ակնհայտ ապօրինի որոշումները։ Ու վաղ թե ուշ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, ե՛ւ նրանց հանցագործությունը կազմակերպողը պատասխան կտան։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ