Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺՎԱՐ Է ՄԵԿ ՔԱՅԼՈՎ «ՄԱՏ» ԱՆԵԼ

Ապրիլ 27,2002 00:00

ԴԺՎԱՐ Է ՄԵԿ ՔԱՅԼՈՎ «ՄԱՏ» ԱՆԵԼ Բայց հնարավոր է, քանի որ գերագույն հրամանատարը ժողովուրդն է Ի պաշտպանություն մեր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների, մամուլի եւ խոսքի ազատության եւ ընդդեմ Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձերի հերթական ուրբաթօրյա հանրահավաքը երեկ կրկին բազմամարդ էր։ Հարթակից միայն մեկ անգամ հայտարարություն հնչեց, որ Ապարանից հանրահավաքի եկողների ավտոբուսներին արգելել են մտնել մայրաքաղաք։ Հանրահավաքի կազմակերպիչներն այլեւս անթաքույց հայտարարեցին, որ իրենք, «Ա1+»-ը բացելուց բացի, այլ՝ հեռուն գնացող, նպատակներ ունեն, եւ շարժումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ սահմանադրական ճանապարհով տեղի չի ունեցել իշխանափոխությունը։ Հանրահավաքային կոչերում արդեն ոչ մի խոսք չեղավ «Ա1+»-ն «անհապաղ» կամ «մեկ շաբաթից» բացելու մասին, նույնիսկ նախորդ օրը «Ա1+»-ի հայցի խայտառակ մերժման մասին գրեթե չխոսվեց։ Միահամուռ պահանջը իշխանափոխությունն էր։ Թեպետ, արդեն օրվա վերջում, «Ա1+»-ը «բացվեց»։ Հանրահավաքի մասնակիցները խաղաղ երթով ուղղվեցին դեպի ՆԳՆ եւ ԱԱՆ։ Վերոհիշյալ նախարարությունների մոտ բազմությունը չէր դադարում «ամոթ» գոռալ, իրավապահներից պահանջում էին ինքնամաքրվել եւ միանալ ժողովրդին։ Ազգային անվտանգության նախարարության մոտ բարձրախոսից հնչեց. «Մեր երկրի ազգային անվտանգությունը խարխլվեց հոկտեմբերի 27-ին։ Ձեր արդարացումը գլխավոր հանցագործների բացահայտումն է։ Մաքրեք ձեզ մեղքերից ու մաքրված միացեք ժողովրդին»։ Երթից հետո բազմությունը կրկին վերադարձավ Ազատության հրապարակ եւ Օպերայի շենքին ամրացված ճերմակ պաստառի օգնությամբ դիտեց «Այբ-Ֆե» լրատվականը։ «Այբ-Ֆե»-ի ազդականչերը մարդիկ ընդունեցին ծափահարություններով, «եթերաժամի» ընթացքում հրապարակում քար լռություն էր, լսվում էր միայն Դիանա Մարկոսյանի ձայնը։ Զրուցակիցներից մեկը դիպուկ նկատեց՝ «Այս «Այբ-Ֆե»-ն հազար հատ միտինգ արժե»։ Մի պահ «Այբ-Ֆե»-ի եթերում երեւաց նախագահ Քոչարյանի պատկերը, եւ նա սկսեց բացատրություններ տալ «Ա1+»-ի վերաբերյալ, ժողովուրդը սկսեց սուլել։ Լրատվական-վերլուծական ծրագիրն անդրադարձավ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի եւ Մուշեղ Սաղաթելյանի գործով ընթացող դատավարություններին։ Երբ Մուշեղ Սաղաթելյանը դատարանում հայտարարեց, որ ինքը չի կասկածում, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչներն են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, «Այբ-Ֆե»-ն դիտող միտինգավորները միահամուռ ծափահարեցին։ Վերադառնալով բուն հանրահավաքին՝ նշենք, որ սկզբում ընթերցվեց «Ա1+»-ի հայտարարությունը, որի մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր բոլորիս համախմբում է լրջագույն մի խնդիր։ Դանդաղ, բայց հաստատուն կերպով մեզ զրկում են մեր սահմանադրական իրավունքից։ Այս ամենն արվում է, այսպես կոչված՝ օրինականության եւ ժողովրդավարության անխափան սկզբունքների անվան ներքո։ Մենք՝ «Ա1+»-ի աշխատակիցներս, փոքրիկ ջոկատ ենք՝ ՀՀ լրագրողների մեծ եւ ազնիվ բանակում։ Այսօր մենք անհանգստացած ենք մեր ապագայի համար։ Սկսել ենք պայքարը։ Իշխանությունները համառորեն ուզում են բաժանել իրարից ժողովուրդը եւ չորրորդ իշխանությունը։ Մենք ենք չորրորդ իշխանությունը եւ մենք ընտրել ենք մեր ճանապարհը։ Այդ ճանապարհը չի բաժանվում ժողովրդի ուղուց, այն ժողովրդի, որին փորձում են լռեցնել եւ համր դարձնել։ Մենք ասում ենք՝ ո՛չ սանձարձակ անօրինականությանը։ Ո՛չ կույր կամակատարներին, որոնք ամենուր տարածում են ինքնիշխանության չարիքը»։ 14 կուսակցություններն այսուհետ փոխելու են իրենց տակտիկան։ Քաղաքական պայքարի «պիկը» կլինի մայիսի 10-ին։ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց. «Բավականաչափ խոսեցինք, եկել է գործելու ժամանակը։ Երկու հարց կա՝ ի՞նչ անենք եւ ինչպե՞ս անենք։ «Ի՞նչ անենքը» շատ հստակ է՝ պետք է Հայաստանում հաստատենք ժողովրդի իշխանությունը»։ Ակնհայտորեն՝ «ինչպե՞ս անելը» եւս պարզ է, քանի որ «Հանուն ժողովրդավարության» կուսակցությունների համագործակցությունը հաստատեց իր պայքարի սահմանադրական ճանապարհը։ Թերեւս չի բացառվում, որ խորհրդարանում որոշ ժամանակից կվերսկսվի նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքը։ «Հանուն ժողովրդավարության» կուսակցությունների համագործակցությունը երեկ տարածեց հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Երկրում խորանում է համընդհանուր ճգնաժամը, արժեզրկվում է պետականության գաղափարը, արտասովոր ավանդույթ են դարձել պետական բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանությունները, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում խաթարվել է ներքաղաքական հավասարակշռությունը, եւ ողջ իշխանությունը կենտրոնացել է Ռ. Քոչարյանի վարչախմբի ձեռքում։ Իրավապահ մարմինները բռնության գործիք են դարձել գործող ռեժիմի ձեռքին, ինչի հետեւանքով հնարավոր դարձան «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած ոճիրը, բռնաճնշումներն ընդդիմադիր որոշ գործիչների դեմ։ Հետեւողականորեն իրականացվում է ազատ լրատվամիջոցներին լռեցնելու քաղաքականություն, ինչի դրսեւորումն են «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերի անօրինական ընդհատումը եւ նախագահի կամակատար դատարանի կողմից այդ անօրինականության վավերացումը, ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակող օրենքի ընդունման փորձերը»։ «Հանուն ժողովրդավարության» կուսակցությունների համագործակցությունն առաջնահերթ է համարում Ռ. Քոչարյանի վարչախմբի հեռացումը եւ ազատ ընտրությունների միջոցով օրինական իշխանության հաստատումը։ Իսկ նպատակներին հասնելու համար հարկավոր է «հասարակության եւ քաղաքական ուժերի սերտ համագործակցություն՝ ընդհուպ մինչեւ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրումը»։ Երկուշաբթի, ժամը 11-ին «Համագործակցության» կուսակցությունները ժողովրդին հրավիրեցին ԱԺ-ի մոտ, որպեսզի միասնական ուժերով արգելվի նոր ընտրական օրենսգրքի ընդունումը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել