Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակ են «հարգում»

Ապրիլ 26,2002 00:00

Հիշատակ են «հարգում» Ապրիլի 15-ը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրն էր, որը յուրաքանչյուր հայ հարգում եւ հիշում է յուրովի։ Հայոց եկեղեցիները պատարագ են մատուցում, իսկ բարձրաստիճան անձինք ու կուսակցությունների լիդերները, ժամանակավորապես կտրվելով աշխարհիկ վայելքներից, շտապում են իրենց բաժին ծաղկեպսակները Ծիծեռնակաբերդում տեղադրելու՝ այդպիսով իրենց պարտքը զոհերի առաջ կատարած համարելով։ Իսկ բուհերում ու դպրոցներում բավարարվում են 1-2 միջոցառում կամ հուշ-ցերեկույթ կազմակերպելով՝ դրանցում անպայման նորից ու նորովի հնչեցնելով Սեւակի «Անլռելի զանգակատունը»։ Թերեւս դրանց մեջ կարելի էր առանձնացնել միայն Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսեցիների կազմակերպած «Մեծ լռություն» ներկայացումը։ Ապրիլի 24-ին սրտատրոփ սպասում են հատկապես երիտասարդները՝ նախօրոք պատրաստվելով իրենց խոսքով՝ «եղեռն գնալու» համար։ Ու նրանց համար «եղեռն գնալը» (նկատի ունեն Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը) վերածվում է ընկեր-ընկերուհիներով միմյանց հանդիպելու ու մինչ Ծիծեռնակաբերդ զբոսանք-շրջայց կատարելու հաճելի առիթի։ Իսկ Ցեղասպանության զոհերի հիշատակը «հարգելու» իրենց «վսեմ» նպատակը նրանք հաճախ իրականացնում են խմբեր կազմած՝ ծամոն ծամելով, արեւածաղիկ չրթելով, չենք ուրանա՝ ծաղիկներ էլ են լինում ձեռքներին։ Երիտասարդներից «հնարամիտները» գերադասում են չչարչարվել ու արեւից չսեւանալ, այլ տներում հանգիստ նստած՝ հեռուստացույցով դիտել «խոր վիշտ ապրող» ու «սգացող» իրենց տարեկիցների ինքնագոհ դեմքերը՝ երբեմն նրանց բազմության մեջ իրենց ծանոթ-բարեկամներին հայտնաբերելու ցանկությամբ։ Թե ինչ գիտի մատաղ սերունդը Եղեռնի մասին, փորձենք պարզել Կենտրոն եւ Շենգավիթ համայնքների դպրոցների բարձր դասարանցիների շրջանում անցկացված փոքրիկ հարցման միջոցով։ Իսկ հարցմանը մասնակցել է ավագ դպրոցի 100 աշակերտ։ Պարզվում է, նրանցից 50-ը բավականին ծանոթ է մեր պատմության արյունոտ էջին եւ ցավ է զգում կատարվածի համար։ 10-ը համարյա ոչինչ չգիտի, նույնիսկ շփոթում է 1915թ. Եղեռնը Հայրենական պատերազմի, լավագույն դեպքում՝ Ավարայրի ճակատամարտի հետ, Եղեռնի զոհերի շարքում դասելով Վարդան Մամիկոնյանին։ Նրանցից 15-ին զարմացնում է մի հանգամանք, որ «մի քանի հրացանավոր մեծաքանակ բազմությանը տեղահան է արել, կոտորել ու բռնաբարել, իսկ նրանք լուռ ու մունջ հնազանդվել են՝ ակամա հաշտվելով նահատակվելու մտքի հետ»։ Հարցվածներից 15-ը Եղեռնի մասին տեղյակ է այնքանով, որ հիշում է միայն տարեթիվը։ 5-ը համոզված է, որ Եղեռնի զոհերի թիվը շատ ավելի մեծ է (3, 4, նույնիսկ 5 մլն մարդ), քան ներկայացված է պատմության դասագրքերում եւ դա, չգիտես ինչու, նրանց մեջ հպարտություն է առաջացնում։ 5-ի կարծիքով Եղեռնի մանրամասները եւ զոհերի թիվը ճշտելը, մեր պատմության կնճռոտ հարցերի շուրջ վիճելն ու կարծիք հայտնելը պատմաբանների ու դիվանագետների խնդիրն է։ Նրանք նաեւ գտնում են, որ սգալուց բացի, պիտի ուղիներ փնտրել հայկական հարցը վերջապես լուծելու ու պատմական հողերը վերադարձնելու համար։ Ի դեպ, վերջիններս նաեւ լավատես են. հավատում են, որ մեծ ու հզոր Հայաստան ունենալը նույնիսկ իրատեսական է։ ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել