Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն

Ապրիլ 26,2002 00:00

Ուխտագնացություն Հանրապետության «Ազատամարտի վետերանների միության» նախագահ Համլետ Հովսեփյանի, սոցիալական հարցերի գծով բաժնի պետ, արցախյան ազատամարտի մասնակից Ջուլիետա Գյուլնաշյանի, նրա տեղակալ, մարտերի մասնակից Հասմիկ Մաթեւոսյանի նախաձեռնությամբ միության մի մեծ խումբ ազատամարտիկներ 2002-ի ապրիլի 10-ի առավոտյան, Եռաբլուրում, զոհված ազատամարտիկների շիրիմներին թարմ մեխակներ դնելուց հետո, երբ հավաքվեցին «Անհայտ զինվորի» հուշակոթողի շուրջ, Համլետ Հովսեփյանը բարի ճանապարհ մաղթեց Շուշի քաղաքի ազատագրման տասնամյակի կապակցությամբ Արցախ ուղեւորվող ազատամարտիկ երիտասարդներին ու կանանց, իսկ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում բարձր գնահատեցին հանուն հայրենիքի նահատակված նվիրյալների սխրանքը։ Ուխտագնացների թվում էին Լեռնային Ղարաբաղում մարտնչող ազատամարտիկներին պարենամթերքով օգնողներից մեկը՝ գործարար, գնդապետ, ծովային Հայկ Ասատրյանը, Երասխավանում վիրավորված ավագ լեյտենանտ Արշալույս Հայրապետյանը, զոհվածի այրի Վիկտորյա Ստեփանյանը, մարտերի մասնակից Հրանուշ Դադյանը, Շուշիի ազատագրման մասնակից Արեւհատ Մարտիրոսյանը, թեժ մարտում վիրավորված ավագ լեյտենանտ Հասմիկ Մաթեւոսյանը, հազարապետ Ջուլիետա Գյուլնաշյանը… Հնարավոր չէ թվել բոլորին։ Ազատամարտիկներին Լեռնային Ղարաբաղ ճանապարհելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բազմաթիվ թղթակիցներ, «Պրոմեթեւս» հեռուստատեսության ստուդիայի եւ «Զինուժի» օպերատորներ, նկարահանող խմբեր։ «Հայ զինվոր» հանրապետական թերթի եւ «Զինուժի» թղթակիցները, նկարահանող օպերատորները ուխտագնացներին կուղեկցեն մինչեւ Լեռնային Ղարաբաղ։ Բարի երթ մաղթողների թվում էին նաեւ ՀՀ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Կիմ Բալյանը, ՀՀ իրավապահ մարմինների վետերանների խորհրդի նախագահ, գնդապետ Ռոման Բաբայանը, ազատամարտի ողջ ընթացքում մարտերի բովով անցած «Հատուկ գնդի»՝ այժմ փառաբանված Թամանյան դիվիզիայի անունը կրող գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հակոբ Գեւորգյանը, շտաբի պետ, մայոր Նորայր Բադանյանը, «Մոնթե Մելքոնյան» համալսարանի ռեկտոր Ժենյա Գասպարյանը, պրոռեկտոր Մելանյա Գասպարյանը մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ, Պատերազմի մասնակից կանանց միության եւ «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության ներկայացուցիչներ… Հետիոտն դեպի Լեռնային Ղարաբաղ ուխտագնացության մեկնողները Շուշի եւ Ստեփանակերտ քաղաքներ կհասնեն 2002-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տասներորդ տարեդարձի օրը։ ՌՈԲԵՐՏ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել