Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Ապրիլ 26,2002 00:00

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ Ամեն բան կպարզվի պատասխան խաղերում Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բարսելոնին»՝ «Նոու Քամփ» ստադիոնում։ Այս երկու ակումբների մրցակցությունն առանձնակի կարեւորություն ուներ երկու թիմերի համար ոչ միայն այն պատճառով, որ այդ օրը կարող էր որոշվել, թե ով է ավելի արժանի եզրափակիչում պատվավոր գավաթը վիճարկելուն, այլեւ այն առումով, որ այս երկու իսպանական ակումբները անհիշելի ժամանակներից սկզբունքային պայքար ունեն Իսպանիայի առաջնությունում թիվ մեկը համարվելու հարցում։ Եվ այս մրցակցությունը սկզբունքային էր, քանի որ «Ռեալը» վերջին 18 տարիների ընթացքում ոչ մի անգամ մրցակցի դաշտում առավելության չէր հասել։ Այնպես որ, 2։0 հաշվով տարած հաղթանակը «Ռեալի» համար, գործնականում, եզրափակիչ մտնելու լավագույն նախապայման ստեղծելուց բացի, բարոյական ու մարզչական այլ չափանիշներ ունի։ Այն, որ այդքան տեւական դադարից հետո «Ռեալը» վերջապես կարողացավ «Նոու Քամփում» հաղթանակ տանել, արդեն իսկ երեւույթ է, որն ընդունում են բոլորը։ Իսկ այս հաջողությունը պատճառ դարձավ եւս մեկ անգամ ընդգծելու, որ արքայական ակումբում խաղում են, իրոք որ, համաշխարհային առաջին մեծության աստղեր՝ ի դեմս Զիդանի եւ Ռաուլի։ Առաջինը, որպես հաղթանակը գրանցող, երկրորդը՝ որպես հաղթանակը կռող ֆուտբոլիստ։ Ճիշտ է, Զիդանը բաց արեց հաշիվը, իսկ այն ամրապնդեց Մաքմանամանը։ Սակայն երկու դեպքում էլ աչքի ընկնելու հնարավորությունն ընձեռողը Ռաուլն էր։ Ինչեւէ, «Ռեալը» 2։0 հաշվով շատ կարեւոր հաղթանակ տարավ, եւ նրա մուտքը եզրափակիչ այլեւս ոչ ոք կասկածի տակ չի առնում։ Եթե «Բարսելոն»-«Ռեալ» պայքարի վերջնական ելքը այլեւս ոչ մի կասկածի տակ չի առնում, նույն բանը չի կարելի ասել «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բայեր» հակամարտության մասին։ Լեւերկուզենցի ֆուտբոլիստները շատ-շատերի համար անսպասելի «Օլդ Թրաֆֆորդ» ստադիոնում ցուցադրեցին պայքարելու աննկուն կամք ու դաշտի տերերի, որն աշխարհում անգերազանցելի ակումբի համարում ունի, դաշտում ոչ-ոքիի հասան։ Եվ ամեն անգամ հյուրերը կարողացան հաշվի մեջ հավասարակշռություն հաստատել։ Այնպես որ, գրանցված 2։2 հաշիվը մարզական առումով խոսում է «Բայերի» օգտին։ Սակայն այս մակարդակի մրցումներում «սեփական» եւ «մրցակցի» հարկ հասկացությունն այնքան էլ վճռորոշ չէ։ Ուրեմն, ստիպված ենք սպասել պատասխան հանդիպումներին, որոնց ավարտից հետո միայն կարելի է արձանագրել, թե ով է ավելի արժանի Չեմպիոնների գավաթը՝ Եվրոպայի ամենահեղինակավոր մարզական ավարը, վիճարկելու։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել