Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ

Ապրիլ 26,2002 00:00

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ Գավառական ճեպանկար Մաշտոցի պողոտայի այն հատվածը, ուր գտնվում է Ժամանակակից արվեստի թանգարանը, միշտ մարդաշատ է։ Սպիտակ «գազելներն»՝ առանց իրար հերթ տալու, զբոսաշրջիկներ է, որ հա՛ բերում ու բերում են։ Բազմության գերակշիռ մասի նպատակը լավ էլ հայտնի է։ Նրանք ուղղակի Էջմիածին են մեկնում. մեկնում են հենց լավ ծանոթ «Գազել»-ներով, որոնց վարորդները նույն ինքնավստահությամբ կարող էին Լուվրի դիմաց «պասադկա» անել։ Առաջին անգամ Էջմիածին մեկնողներին անկեղծ զարմանք է պատճառում «պասադկայի» պրոբլեմների առատությունն ու բարդությունը։ Նախ՝ մեքենան կանգնում է՝ թե չէ, մի անասելի զանգվածային իրարանցում է սկսվում, որին անհնար է անմասն մնալ. կամ քեզ են հրում, կամ հրում ես դու։ Իսկ ինչ անել՝ փորձառու ուղեւորին հայտնի է։ Մինչեւ հաջորդ մեքենայի գալը, ամբոխը կկրկնապատկվի։ Ջնջվում է սեռերի եւ տարիքների ցանկացած տարբերություն, աշխատում են գոյապայքարի օրենքները։ Հրմշտոցի ընթացքում չեն բացառվում մարմնական վնասվածքները։ Երբ մարդիկ աղյուսների պես շարվում են իրար վրա (ի դեպ, 13 ուղեւորի համար նախատեսված մեքենան երբեք չի շարժվի, մինչեւ ամենաքիչը 16 մարդ իրար գլխի չլցվեն), «դիսպետչեր» հորջորջվող, 4-ամյա կրթությամբ բեղավորը գանձում է գումարը՝ 250 դրամ, իսկ Մաշտոցի պողոտայից մինչեւ Էջմիածին քաղաքի առաջին կանգառը 17 կմ է։ Սակայն դա որեւէ նշանակություն չունի. Փարաքար գյուղում իջնողն էլ է նույնքան վճարում, մինչեւ վերջ գնացողն էլ։ Այնուհետեւ նույն ինքը՝ դիսպետչերը, կտրոնի վրա նշում է ուղեւորների թիվը, որպեսզի հանկարծ խեղճ վարորդը չհամարձակվի ավելի ուղեւոր վերցնել եւ ուղեվարձը դիսպետչերից թաքցնել։ Վերջում, ուղեւորությունն ավելի տպավորիչ ու հիշարժան դարձնելու համար, դիսպետչերը մի երկու բերան քյալլա է տալիս գրկին 8-9 տարեկան երեխա ունեցող ու երեխայի համար վճարել չցանկացող մայրիկի հետ, հերոսաբար պոկում գումարը ու շրխկացնում դուռը։ Գնացինք։ Գորշ ու քարքարոտ ճանապարհի հրապույրին գումարվում է ուղեւորության ողջ ընթացքում հնչող ախորժալուր, հարազատ ռաբիսը։ Ուղեւորներին ռաբիսի կարկառուն դեմքերի հետ ծանոթացնելը մտնում է ուղեվարձի մեջ։ Ներկայանում են այնպիսի անուններ՝ Արամ եւ Արտաշ Ասատրյաններ, Սաքո, Արմենչիկ, Ուզբեկ, Բոկա, որոնց համեմատությամբ Թաթան ակադեմիական դասական է։ Երախտապարտ ունկնդիրների քաղցր անուրջներն անսպասելի ընդհատվում են. մեքենան կտրուկ արգելակում է։ Վարորդն իջնում է մեքենայից ու մոտենում ուղեւորների ուշադրությունը գրաված սպիտակ «բուդկային», որը հասարակ ժողովրդի շրջանում հայտնի է որպես «տամոժնյա», «Էջմիածնի դեսպանատուն», իսկ վարորդներն՝ իրենց «մասնագիտական» ժարգոնից օգտվելով, դրան «դիսպետչերսկի» բարձրագոչ անունն են տվել։ Հենց այդ տեղից դուրս է գալիս ու մեքենային է մոտենում մի աժդահա։ Նա վեր է տնկում մատն ու մեկ-մեկ հաշվում ուղեւորներին, ինչպես մեր եզդի եղբայրները մանր եղջերավոր անասուններին կհաշվեին։ Քանի որ գործը դժվար է եւ պատասխանատու, մտավոր լարում է պահանջում, այն կատարվում է մի քանի անգամ։ Ստացած թիվը նորից ու նորից համեմատում է վարորդի ներկայացրած կտրոնի թվին, ապա, դեմքին կարեւորագույն արտահայտություն տալով, վերցնում է հաշվիչն ու հանրահաշվական խառնափնթոր գործողություններ կատարում։ Կանգառը երկարում է։ Շտապող մի ուղեւոր արագ իրենց քանակը 250-ով բազմապատկում ու հաղորդում է հաշվիչը կոնցեպտ-տեխնիկայի վերջին ճիչը համարող «խելոքին», որը մեծահոգաբար ճանապարհը շարունակելու թույլտվություն է տալիս։ Մեքենան շարժվում է։ Քիչ անց, աջից հառնում է «Զվարթնոց» համալիրը. ոչ, ոչ, տաճարը չէ, այլ Ճոյտանոցը՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանի «օբյեկտը», ուր լեցուն գրպաններով էջմիածինցիներն ու քաղաքի հյուրերը կարող են հագուրդ տալ իրենց ամենաէկզոտիկ ցանկություններին։ Հասնում ենք Արագածի զանգված, ուր պանելային տձեւ մարդաբների կույտի կանաչազուրկ պատկերն ամբողջացնում են «բժոների» ցաքուցրիվ խմբերը։ Վերջապես հասանք։ Ոչ տեղացի ուղեւորներից մեկն անհամարձակ փորձում է հայտնել իր դժգոհությունը, ինչը բնավ էլ չի հուզում կենսուրախ վարորդին, որը կարծես գրպանից հանում է պատրաստի, բազում անգամներ իրեն արդարացրած պատասխանը. – Քուր ջան, էս դու՝ էս էլ դեպուտատ Հրանտը, հարց ունես՝ իրա հետ լուծի։ – Հրանտն ո՞վ է,- զարմանում է ուղեւորուհին։ – Գեներալ Մանվելի ախպոր տղեն ա,- հետեւում է անտարբեր պատասխանը։ – Մանվելն ո՞վ է,- չի նահանջում համառ ուղեւորուհին։ – Վա՜յ, քո յուրտը չփլվի,- համարյա նեղանում է վարորդը,- Մանվելն ա, ո՞վ ա, մի Էջիմածին, մի Մանվել. գարաժը, ավտոները, դիփ իրանն ա։ Հրանտն էլ տեր ա կայնում։ Իսկ անտեղյակ ուղեւորուհին տարակուսանքով մտածում է. «Տեսնես իսկապե՞ս այս ամենի հետեւում հանրահայտ գեներալ Մանվել Գրիգորյանն ու նրա եղբորորդի, պատգամավոր Հրանտ Գրիգորյանն են կանգնած, թե՞ ժողովուրդն այս անգամ էլ ֆիլմը սեփական սցենարով է նկարահանել»։ Վերջնականապես հալից ընկած ուղեւորներին դիմավորում է Հայոց Սրբավայրը՝ անհրապույր փողոցներով, շենքերով, դեմքերով ու շնից շատ շներով։ Դե՜, ինչ արած, ունենք այն, ինչ որ ունենք։ ԱՐՏՈՒՇ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել