Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձորի կյանք»-ին փոխարինեց «Հյուսիսային ալիքը»

Ապրիլ 26,2002 00:00

«Վանաձորի կյանք»-ին փոխարինեց «Հյուսիսային ալիքը» Տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրությունների (մի քանի ամսից հետո) արդյունքների համար խիստ մտահոգ, Վանաձորի իշխանությունները հասան այն բանին, որ իրենց համար ոչ ձեռնտու ռադիոխմբագրից ազատվեն։ Նշենք, որ «Վանաձորի կյանք» ռադիոխմբագրությունն ավելի մեծ ակտիվությամբ էր վերհանում տեղական ինքնակառավարման մարմինների թերությունները, քան Վանաձորի պաշտոնական մամուլը՝ «Լոռու մարզը»։ Այստեղ դեր էր խաղում այն, որ «Վանաձորի կյանք» ռադիոն սկզբում Ազգային, իսկ հետո՝ Հանրային ռադիոյի մի մասն էր կազմում եւ տեղական իշխանություններից ֆինանսական կախում չուներ։ Հանրային ռադիոյում ստեղծված ֆինանսական ճգնաժամի արդյունքում «Վանաձորի կյանք» ռադիոխմբագրությունը այս տարվա սկզբին լուծարվեց (այսինքն՝ պետությունը «ձեռքերը լվաց» լրացուցիչ հոգսից՝ համայնքներին մեխանիկորեն հուշելով, թե «Դուք ձեզ համար ձեր գլուխը պահեք՝ ոնց ուզում եք, մենք էլ ձեզ հետ գործ չունենք»)։ Տեւական ընդմիջումից հետո Վանաձորում ստեղծվեց նոր ռադիոխմբագրություն՝ «Հյուսիսային ալիք» ՍՊԸ-ն, նշանակվեց նոր խմբագիր՝ նախկին կոլեկտիվի անդամներից. հնագույն լրագրող, ՀԺՄ անդամ։ Պետք է ենթադրել, որ նորաստեղծ ռադիոխմբագրության ֆինանսավորումը «խախուտ» հիմքերի վրա լինել չի կարող եւ, թերեւս, տեղական իշխանությունները կֆինանսավորեն (մանավանդ որ, ռադիոյի «վերստեղծման» կապակցությամբ տեղական մամուլով շնորհակալություն էր հայտնվել մարզային եւ քաղաքային իշխանություններին)։ Անշուշտ, շատ հաճելի է, որ վանաձորցիները աշխատանքային բոլոր օրերին տեղեկատվության ամենամատչելի միջոցով՝ ռադիոյով, կրկին կարող են քաղաքին վերաբերող տեղեկատվություն ստանալ, հայտարարությունների միջոցով իրազեկվել քաղաքում կատարվող անցուդարձին։ Խնդիրն այն է, սակայն, որ նոր խմբագրի նշանակումը տեղական հեռուստատեսությամբ պատճառաբանվեց իբր թե՝ նախկին խմբագրի «ոչ մասնագիտական» կարողություններով։ Մոռացության տրվեց ոչ միայն այն, որ նախկին խմբագիր Սուրեն Արսենյանը «Ոսկե միկրոֆոն» մրցանակի էր արժանացել 1999-ին՝ Ազգային ռադիոյի կողմից, այլեւ այն, որ վերջինս, Ազգային ռադիոյի՝ Հանրայինի վերափոխվելուց հետո էլ շարունակում է համարվել Հանրային ռադիոյի թղթակիցը՝ Լոռու մարզում եւ մինչ օրս էլ շարունակում է լուսաբանել եւ կառավարական, եւ նախագահական այցերը։ …Ցավոք, տեղական իշխանություններին այսօր հաջողվում է՝ օգտվելով սոցիալական ծանր պայմաններից եւ առաջնորդվելով «Բաժանիր, որ տիրես» կարգախոսով, լրագրողներին հրահրել միմյանց դեմ եւ հասնել այն բանին, որ նրանք, հեռանալով լրագրողական համերաշխության սկզբունքներից, հանդես գան «սադրիչ» հայտարարություններով (ինչի ապացույցը տեղական հեռուստատեսությամբ համապատասխան մեկնաբանումն էր՝ նախկին խմբագրի փոփոխման հետ կապված)։ Իսկ ամիսներ առաջ Լոռու մարզպետարանի լրատվության բաժնի վարիչը հեռուստատեսությամբ հանդես էր գալիս մարզի լրագրողների թվացյալ համերաշխության վերաբերյալ «հովվերգությամբ», ընդունելով զրուցակցի այն հաճոյախոսությունը, թե իբր իրեն հաջողվել է «լրագրողական ընտանիքում» միավորել տեղական ԶԼՄ-ներին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել