Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԻՄԸ ՉԻ ԵԿԵԼ

Ապրիլ 26,2002 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԹԻՄԸ ՉԻ ԵԿԵԼ Ապրիլի 26-ին սպասվում է ՌԴ նախագահի տիկնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի այցը Հայաստան։ Նա եւ ՌԴ կրթության նախարար Վլադիմիր Ֆիլիպովը պետք է մասնակցեն ապրիլի 23-ին Հայաստանում սկսված ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադային, որի հանդիսավոր փակումը տեղի կունենա ապրիլի 28-ին, Օպերայի եւ բալետի պետական թատրոնում։ Այս օլիմպիադան անցկացվում է ՌԴ առաջին տիկնոջ հովանավորությամբ։ Այս ուշադրությունը բնական է՝ հաշվի առնելով, որ նման օլիմպիադաները նպաստում են ոչ միայն ռուսաց լեզվի, այլեւ այդ երկրի մշակույթի, պատմության եւ ավանդույթների քարոզմանը։ Օլիմպիադային մասնակցում են տարբեր երկրների ազգային դպրոցների ավարտական դասարանների աշակերտները, որոնց համար ռուսաց լեզուն մայրենի լեզու չէ։ Բնականաբար, Ռուսաստանի դպրոցներն այս օլիմպիադային չեն մասնակցում։ Մասնակից երկրների ցանկը ընդգրկում է ԱՊՀ երկրները եւ մերձբալթյան պետությունները։ Այս անգամ օլիմպիադան անցկացվում է Հայաստանում, իսկ կազմակերպիչներն են «Ռուսաց լեզվի զարգացման կենտրոնը» եւ Ռուսաստանի հայերի միությունը, որը հոգում է օլիմպիադայի հետ կապված ֆինանսական ծախսերը։ Հրավիրյալ երկրներից օլիմպիադային մասնակցելու համար Հայաստան չեն ժամանել Էստոնիայի եւ Լատվիայի թիմերը, քանի որ այդ երկրներում այժմ ավարտական քննություններ են եւ աշակերտները չէին կարող բացակայել։ Չեն եկել նաեւ Թուրքմենստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, սակայն նրանց բացակայության պատճառներն անհայտ են։ Հայտնի է, եւ վերջերս դա նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական միջազգային հանդիպմանը նկատեց, որ Ադրբեջանը խուսափում է Հայաստանում անցկացվող միջազգային միջոցառումներին մասնակցելուց։ Մինչդեռ Հայաստանի պատվիրակությունները գրեթե միշտ ընդունում են Ադրբեջանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու հրավերները։ Օլիմպիադային մասնակից թիմերը կազմված են յոթ հոգուց եւ թիմի ղեկավարը։ Օլիմպիադան անցկացվում է Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը, որտեղ տեղավորված են օլիմպիադայի մասնակիցները։ Նախատեսվում են եւ թիմային, եւ անհատական մրցումներ՝ գրավոր եւ բանավոր փուլերով։ Օլիմպիադայի կանոնների համաձայն՝ երեք առաջին կարգի մրցանակները շահած աշակերտները արտամրցութային կարգով կարող են ընդունվել Ռուսաստանի հումանիտար եւ բանասիրական ուղղվածությամբ բուհեր։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի նաեւ հայոց լեզվի միջազգային օլիմպիադա, որին կմասնակցեն Սփյուռքի հայկական դպրոցների եւ հայկական ամբիոններ ունեցող բուհերի ուսանողները։ Եթե այս օլիմպիադան էլ ձեռք բերի ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի ընդգրկումն ու հեղինակությունը, կիրականանա հայոց լեզվի օլիմպիադայի կազմակերպիչների գլխավոր նպատակը՝ նպաստել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը, Սփյուռքի հայապահպան գործընթացին, հայոց լեզվի քարոզմանը եւ տարածմանը։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել