Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է հավաքարար՝ կարմիր դիպլոմով…

Ապրիլ 26,2002 00:00

Պահանջվում է հավաքարար՝ կարմիր դիպլոմով… Զարմանալին մեր կողքին է, բայց մենք էլ չենք զարմանում. տոնավաճառներում առավոտից ուշ երեկո խաչբառեր են լուծում, նույնիսկ շախմատ են խաղում, գիտնականը լավ կրակ է վառում խորոված ցանկացողների համար կամ գիրք ծախում։ Բարձրացել են մեր պահանջները, ունենք համաշխարհայինին մոտիկ ստանդարտներ. բարձրագույն կրթությամբ մատուցողներ, լեզվի իմացությամբ բարետես հավաքարարներ կամ համակարգչին տիրապետող խոհարարներ։ Շատերը հենց այս աշխատանքներով էլ ապահովվում են «աշխատանքի տեղավորման գործակալություն» խոստումնալից գրասենյակների միջոցով։ Իսկ եթե փորձեք ձեր մասնագիտությամբ գործ ճարել՝ ձեզ տաժանակիր որոնումներ են սպասվում։ Օրինակ՝ «Տանժեռ»-ում կամ «Յունիլենդ»-ում իրենց բախտը փնտրող աղջիկներից մեկն ասաց. «Արփինե Սիմոնյանն եմ, 26 տարեկան, ավարտել եմ համալսարանի պատմաաշխարհագրական բաժինը։ Դիմել եմ «Յունիլենդ» աշխատանքի տեղավորման գործակալությանը, գնացել հայտարարությունների ուղղությամբ։ Գործակալություններում ընդհանրապես որեւէ հարմար աշխատանք գտնել հնարավոր չէ. միայն մատուցողուհի կամ դիսպետչերի աշխատանք։ Իսկ մատուցողուհի դառնալու համար ինչքան վուլգար տեսք ունենան աղջիկները, այնքան հեշտությամբ գործ կգտնեն։ Երեւի թե այդպես էլ գործ չեմ ճարի»։ Մեկ ուրիշ աղջիկ՝ Անահիտ Վարդանյանը (31 տ.) կարծիք հայտնեց «Տանժեռ» գրասենյակի մասին. «Ավարտել եմ Բրյուսովի անվ. օտար լեզուների ինստիտուտը, 2000թ. աշխատանք եմ փնտրում, դպրոցում աշխատել եմ, դժվար է եւ նորմալ չեն վարձատրում։ Դիմել եմ «Տանժեռ»-ին, որը առաջարկել է արդեն մի քանի աշխատանքներ՝ կրթությանս ոչ համապատասխան. առաջին անգամ ուղարկել են պիցցերիայում մենեջեր աշխատելու, ընդ որում՝ 10 հոգու միանգամից են ուղարկում նույն ուղղությամբ, թե ում կընտրի «տերը»՝ հայտնի չէ։ Երկրորդ անգամ ուղարկել են «Սյուռ կլուբ» (այն ժամանակ) նորից որպես մենեջեր աշխատելու։ Կլուբում էլ պարզեցի, որ իրենց ոչ թե մենեջեր, այլ՝ կազինոյի աշխատող է պետք։ Իսկ կազինոյի աշխատողներից մեկը զարմացած հարցրեց. «Աղջիկ ջան, քո կրթությունը ի՞նչ կապ ունի կազինոյի հետ»։ Տերյան փողոցում գտնվող մեկ այլ գործակալության դիմած 27 տարեկան Թաթուլ Գեւորգյանն ասում է. «Ավարտել եմ ԵՊՃՀ-ի «Թռչող սարքերի տեխսպասարկում» բաժինը, գործակալությունում աշխատանք կա միայն բարետես արտաքինով մինչեւ 25 տարեկան աղջիկների համար, երեւի ծանոթով ավելի հեշտ գործ գտնեմ, քան գործակալության միջոցով»։ Մի հուսահատվեք Աշխատանքի դիմելիս քթին կամ գլխին ձեռք չտաք, եթե արդեն հաջողվել է որեւէ տեղ գտնել եւ արդեն հարցազրույցի եք մասնակցում։ Որովհետեւ, ինչպես պարզաբանում է հոգեբան Ալինա Ավետիսյանը, կադրային բաժնի աշխատակիցը (որեւէ ֆիրմայում) թղթից կտրվելով՝ կհարցնի, թե ինչու եք եկել եւ ինչ է ձեզ պետք։ Դուք (եթե ամուր նյարդեր չունեք) կռիվ կանեք, դուռը կշխկացնեք ու կհեռանաք։ Չփախցնեք աչքերը, ձեռք չտաք քթին կամ մազերին, որովհետեւ դա նշանակում է, որ մարդը դժվարանում է ճշմարտանման պատասխաններ տալ։ Սթրեսային իրավիճակում ժպիտը ստացվում է ասիմետրիկ, կորչում է անկաշկանդությունը։ Այդ պատճառով էլ կարեւոր է, որ հենց սկզբից ձեզ դրսեւորեք որպես հավասարակշռված եւ կայուն մարդ։ Հաջորդ կարեւոր ասպեկտը ազնվությունն ու անբիծ կենսագրությունն են։ Եվ բնական է, որ այս հարցում էլ են «կադրայինները» ուշադիր ու զգույշ։ Կարեւոր է, որ թեկնածուն չունենա դատվածություն կամ գրանցում որեւէ հոգեբուժարանում։ Մնացածը՝ պրոֆեսիոնալիզմի, փորձի եւ դիպլոմի հարց է։ Ավելացնեմ, որ նրանք, ովքեր ունեն այս ամենը՝ ավելի լավ կլինի ինքնուրույն փորձեն գտնել իրենց համար ինչ-որ բան։ Քանի որ, ինչպես ցույց է տալիս դառը փորձը, հայտարարություններն ու գործակալությունները միայն երիտասարդ եւ բարետես օրիորդների համար են… ՄԱՐԻՆԵ ԴՈԽՈԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել