Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՆՁԵԼԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ապրիլ 26,2002 00:00

ՆԱԽԱՆՁԵԼԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ Երեկ կառավարության նիստի մանրամասները ներկայացնելու նպատակով բրիֆինգի եկած պաշտոնյաներից լրագրողների մոտ առանձնապես «պահանջարկ էր վայելում» հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Ա. Ջանջուղազյանը կառավարության նիստում ներկայացրել էր 2001թ. պետբյուջեի կատարողականը, ըստ որի, բյուջեն կատարվել է 97%-ով։ Սակայն մինչ այդ՝ առավել հրատապ հարցերի մասին։ Ապրիլի սկզբին, երբ դրամի փոխարժեքը սրընթաց անկում էր ապրում տարադրամի (մասնավորապես՝ դոլարի) նկատմամբ, ԿԲ-ն պատճառաբանել էր, որ դա պայմանավորված է 3,5 մլրդ կանխիկ դրամի ծախսով, ինչի պատճառով էլ դրամի ծավալն իբր մեծացել էր, դոլարի պահանջարկը նույնպես մեծացել էր, իսկ դրամինը՝ նվազել։ Փաստորեն, անուղղակիորեն մեղադրվել է նաեւ այս գերատեսչությունը՝ դրամը ոչ համաչափ շուկա հանելու մեջ։ Սրա վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին գլխավոր գանձապետը պատասխանեց. «Գնահատականներից արժե ձեռնպահ մնալ։ Սա միայն մի գործոնով պայմանավորել դժվար կլինի, բազմագործոնային որոշակի հետեւանքային կապ դժվար կլինի գտնել, առանց խորանալու այդ գործոնի առաջացման կամ փոփոխության պատճառների մեջ։ Իմ կարծիքով, սա՝ որպես միանշանակ պատճառ, դժվար է գնահատել»։ Փոխնախարարի հայտնած տվյալներից դատելով, կառավարությունն անցած տարի որեւէ երկրի համար արձանագրել է նախանձելի ցուցանիշներ (եթե հավատանք դրանց ամբողջությամբ)։ Ըստ այդմ, հաշվետու՝ 2001թ. ընթացքում ՀՆԱ-ն կազմել է 2,1 մլրդ դոլար, գրանցվել է 9,6% տնտեսական աճ, առեւտրի հաշվեկշռի բացասական մնացորդի նվազում, որը պայմանավորված է ներմուծման ծավալների կրճատմամբ եւ արտահանման աճով (14%)։ Եկամուտների եւ ծախսերի բացասական դեֆիցիտը՝ 50,8 մլրդ դրամ, պրն Ջանջուղազյանի խոսքերով, ծածկվել է ներքին (18,7 մլրդ դրամ) եւ արտաքին (32 մլրդ) աղբյուրներից։ Բյուջեի թերակատարման փոքրիկ տոկոսն, ըստ նրա, պայմանավորված է որոշ ապրանքների եւ ծառայությունների վճարման, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների ծրագրով նախատեսված ծախսերի չկատարմամբ։ «Զգալի թերակատարում է արձանագրվել հարկային եկամուտների մասով, որը փոխհատուցվել է այլ եկամտատեսակների գծով գերակատարման շնորհիվ. պետտուրքի մուտքերը գերազանցել են նախատեսված ցուցանիշը 33%-ով։ Սա պայմանավորված է դատարան տրվող հայցերի թվի աճով»,- ասաց գլխավոր գանձապետը։ Հարկային բարեփոխումների փաթեթը ներկայացնելիս, որպես հիմնավորում ներկայացվում էր հարկային եւ մաքսային մուտքերի ակնկալվող աճը։ Սակայն արձանագրվել է, որ մուտքերի աճը ապահովվել է ոչ թե ակնկալվող ոլորտից, այլ դատական գործերի թվի աճից։ Դատական հայցերի թվի աճը խոսուն վկայությունն է մեր կյանքում տեղի ունեցող իրողությունների, սակայն խոստովանենք, գանձված պետտուրքը շատ ավելին է, քան կարելի էր պատկերացնել։ Այնքան ավելի, որ իր «ավելցուկով» ծածկել է հարկային մուտքերի «պակասորդը»։ «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս իրողությունը, պրն Ջանջուղազյանը պատասխանեց. «Հասկանում եմ, որ եթե խոսում ենք հարկային բարեփոխումների մասին, ապա բոլոր տեսակի տուրքերը հանդիսանում են այդ բարեփոխումների մաս՝ մի կողմից, եւ մյուս կողմից, մենք որեւէ բարեփոխում կատարելիս չենք ակնկալում, որ մեզ ցույց է տրվելու այն կախարդական անջատիչի տեղը, որը միանգամից հնարավորություն կընձեռի զգալի փոփոխություններ ակնկալել հենց տվյալ տարվա բյուջետային ցուցանիշներում։ Երբեմն գիտակցելով մենք գնում ենք կորուստների։ Կա բարեփոխումների մաս, որի հետեւանքով կարճաժամկետ հատվածում կորուստ է արձանագրվում, իսկ երկարաժամկետ հատվածում՝ ավելացում»։ Նկատենք, սակայն, որ բարեփոխումների «հետեւանքի» մասին տարբեր գերատեսչությունների ղեկավարների եզրակացություններն ու ներկայացրածը տարբեր են։ Գլխավոր գանձապետը հայտնեց, որ բյուջեն առանձնապես «փայլել» է սոցիալական ծախսերի կատարմամբ՝ «աշխատավարձերը ֆինանսավորվել են ամբողջ ծավալով, ընտանեկան նպաստները՝ ամբողջ ծավալով»։ Ըստ գլխավոր գանձապետի, հնարավորություն է նաեւ ընձեռվել նախորդ տարվա ընտանեկան նպաստի 3 ամսվա պարտքի մեկ ամիսը մարել։ Ինչպես նաեւ դրական ցուցանիշ է արձանագրվել կենսաթոշակների գծով՝ ոչ միայն 100%-ով վճարվել են զինծառայողների կենսաթոշակները, այլ նաեւ մարվել է նախորդ տարիներից կուտակված 200 մլն դրամի պարտք։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել