Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԱՆ-Ի «ԲԱՐՁՐ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

Ապրիլ 26,2002 00:00

ԱԱՆ-Ի «ԲԱՐՁՐ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ Իշխանական թերթերից մեկը կարողացել էր պարզել, որ նախորդ հանրահավաքից առաջ «ԱրմենՏելի» նոր ծառայության՝ Ինտերնետային www.armgsm.am հասցեից բջջային հեռախոսներին հաղորդագրություն ուղարկելու միջոցով հանրահավաքին մասնակցելու հրավերը բաժանորդներին փոխանցել էր «Liberal» մուտքային անվամբ ip=80,86.225.5 ինտերնետային բաժանորդը, որը նույն ինքը՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանն է։ Վերջինս «Առավոտի» խնդրանքին՝ հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը, պատասխանեց. «Նախորդ հանրահավաքից առաջ մենք՝ Աշոտ Բլեյանի հետ միասին մամուլում հայտարարություն էինք զետեղել, որ մեր կուսակցություններն իրենց համակիրներին կոչ են անում մասնակցել հանրահավաքին։ Լրացուցիչ նաեւ այս մեթոդը կամ հնարքն օգտագործեցինք տեղեկացնելու համար։ Բայց այդ թերթը հերթական կես-ճշմարտությունն էր ասել, քանի որ, որքան գիտեմ, տարբեր կուսակցությունների 5-6 գրասենյակներից նման ձեւով տեղեկացրել էին իրենց համախոհներին։ Չգիտես ինչու, միայն մեր անունն է հրապարակվել։ Դա իրենց իրավունքն է, իհարկե։ Մենք չենք թաքցրել, կրկնում եմ, նաեւ մամուլում ենք կոչ արել եւ հիմա էլ եմ անում, բոլորին, որ մասնակցեն այս հանրահավաքներին»։ Մեր հարցին, թե ինչպես է գնահատում, որ հանրահավաքային հրավերներն ուղարկելու հաջորդ օրն իսկ այդ ծառայությունը դադարեց գործել, Վիգեն Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Այլ բան կարող եմ ասել. ինտերնետային բաժանորդի համարը կարելի էր իմանալ միայն հատուկ ծառայություններից։ Հավանաբար, այդ թերթը մոտ է այդ կառույցին»։ Նշենք, որ ԼԴԿ-ն այլ նորագույն տեխնոլոգիաներ էլ է կիրառել հանրահավաքին հրավիրելու համար։ Սակայն չենք բացահայտի, որպեսզի դրանք եւս չդադարեն գործել։ Ի վերջո, հո ստիպված չե՞ն լինելու Հայաստանը կտրել Ինտերնետից եւ պարտադրել, որ մարդիկ աղավնիներով ուղարկեն իրար հաղորդագրություններ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել