Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՅԱՑՎԵԼ ԷՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Ապրիլ 26,2002 00:00

ԿԱՅԱՑՎԵԼ ԷՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ Դատական նիստը ձեւական էր Երեկ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց ՀՀՇ կուսակցության հայցով ընթացող դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՀՀՇ-ն իր հայցով պահանջում էր վերացնել Տավուշի ՄԸՀ-ի անգործությունը, ապրիլի 14-ի նիստում թույլ տված անօրինականությունները եւ թիվ 75 ընտրատարածքում Վանո Սիրադեղյանին գրանցել պատգամավորության թեկնածու։ Փաստորեն դատարանը պետք է փորձեր պարզել՝ իրո՞ք Տավուշի ՄԸՀ-ն անգործություն է հանդես բերել եւ եթե՝ այո, ուրեմն ինչպե՞ս պետք է վարվել Վանո Սիրադեղյանի գրանցման հետ։ Նախորդ (ապրիլի 22) նիստից բացակայում էին ՄԸՀ-ի այն անդամները, ովքեր ապօրինություններ էին թույլ տվել։ Դատավոր Սուսաննա Ներսիսյանը վճիռ կայացնելուց առաջ ուզել էր անպայման լսել բոլոր կողմերին։ Երեկվա նիստից վերադառնալով, ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը կարճ հարցազրույց տվեց մեր թերթին։ Հասկանալի է, որ ՀՀՇ հայցը դատարանը մերժեց։ Անդրանիկ Հովակիմյանի ներկայացմամբ՝ դատարանը լսեց բոլոր կողմերի փաստարկները, լսեց նաեւ ՄԸՀ անդամ Արծրուն Ղալթախչյանին։ ՀՀՇ-ի ներկայացուցիչները (Ա. Հովակիմյան եւ Շ. Քոքոբելյան) պատասխանող կողմից ուզեցին պարզել, թե Օրենսգրքի ո՞ր կետի հիման վրա ՄԸՀ-ն չի քննարկել եւ չի քվեարկել Վանո Սիրադեղյանին պատգամավորության թեկնածու գրանցելու կամ չգրանցելու հարցը։ Պատասխանող կողմը հարցին դժվարացել է պատասխանել։ Ինչպե՞ս պատասխանի, երբ Օրենսգրքում որեւէ կետ չի համապատասխանում ՄԸՀ նման պահվածքին եւ նման իրավասություն չի տալիս վերջինիս։ Ի դեպ, քանի որ, ըստ ՀՀՇ-ի՝ ՄԸՀ-ն անգործության է մատնված եղել եւ որոշումն ընդունվել է քվորումի բացակայության պայմաններում (ՄԸՀ արձանագրության մեջ նշված է, որ նիստն ավարտվել է ժամը 18-ին, այնինչ ժ. 15.30-ի սահմաններում քվորում չի եղել), հետեւաբար, գրանցված չեն կարող համարվել նաեւ պատգամավորության մյուս երեք թեկնածուները։ ՀՀՇ հայցում բազմաթիվ օրինախախտումների հետ նշված էր նաեւ, որ թեկնածուների փաստաթղթերում անճշտություններ են եղել, մասնավորապես՝ Իլյիչ Բեգլարյանի կողմից ներկայացված ստորագրությունները չէին ստուգվել։ Ըստ երեւույթին, դատարանն այնքան էր ոգեւորված հերթական պատվերի կատարումն ապահովելու հնարավորությունից, որ առանձնապես ջանք չի գործադրել արդարադատություն իրականացնելու գործում եւ պարզապես ուշադրության չի արժանացրել վերոհիշյալ խիստ կարեւոր մեղադրանքը։ Դատարանը խնդիր է ունեցել եւ կատարել է այն, այսինքն՝ ուշադիր լսել է բոլոր կողմերին, սակայն, այն, ինչ լսել է, ի սկզբանե որոշել է հաշվի չառնել եւ կատարել է պատվերը։ Անդրանիկ Հովակիմյանի գնահատականը. «Երեկվա դատական նիստն ամբողջությամբ անօրինական էր, որովհետեւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 1-ին կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը պարտավոր էր վճիռը կայացնել 5-օրյա ժամկետում, այնինչ հայցը ներկայացվել է ապրիլի 16-ին, իսկ երեկ ապրիլի 25-ն էր։ Այս ամենը գնահատում եմ՝ ընդհանուր խայտառակությունների մի շղթա։ Ուղղակի կայացվել էր քաղաքական որոշումը՝ պատգամավորության թեկնածու չգրանցել Վանո Սիրադեղյանին, ընդ որում՝ ամեն գնով, նույնիսկ օրենքի բացահայտ խախտումներով։ Ակնհայտ է իրավիճակի աբսուրդը, նույնիսկ ջանք չեն թափում մերժումը ձեւակերպել գոնե օրենքի շրջանակներում»։ ՀՀՇ-ն մտադիր է ՀՀ գործող օրենքների շրջանակներում շարունակել իր պայքարը, եւ վճիռը բողոքարկել բոլոր հնարավոր ատյաններում։ Այս հետեւողականության նպատակն է նաեւ՝ ցույց տալ, թե որքան աբսուրդ իրավիճակներ են իրենք իրենց համար ստեղծում իշխանությունները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը, անդրադառնալով չորեքշաբթի (ապրիլի 24-ին) ԿԸՀ անդամ Աշոտ Սարգսյանի հետ մեր հարցազրույցին, մասնավորապես ասաց, որ ինքը չի պատասխանի Աշոտ Սարգսյանի ասածներին, քանի որ, «ի տարբերություն Աշոտ Սարգսյանի, մենք որեւէ բան անելուց երբեք ձեւ չենք անում։ Մենք շատ ավելի ազատ մարդիկ ենք եւ եթե ուզում ենք ինչ-որ բան անել՝ անում ենք»։ Իսկ ԿԸՀ անդամ Աշոտ Սարգսյանին, Անդրանիկ Հովակիմյանի տեղեկացմամբ, պատրաստվում է պատասխանել ՀՀՇ իրավական ծառայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել