Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստան-Սփյուռք» համաժողովին

Ապրիլ 24,2002 00:00

«Հայաստան-Սփյուռք» համաժողովին Հայկական հարցի լուծման համար հույժ կարեւոր է, որպեսզի ՄԱԿ-ը եւ համայն մարդկությունը ճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունն ու Հայ դատի մեր պահանջատիրությունը։ Այդ ուղղությամբ «Հայաստան-Սփյուռք» համաժողովը իր վճռական դիրքորոշումը պետք է մշակի Թուրքիայի հետ մեր պետական արտաքին քաղաքականության ասպարեզում։ Կից ներկայացնում ենք այդ հարցի կարգավորման մեր տարբերակը՝ «Բաց նամակ Թուրքիայի Հանրապետության նախագահին» փաստաթղթի ձեւով։ Պարոն Ախմետ Նեջդեթ Սեզեր Թուրքիան եւ Հայաստանը հարեւաններ են հավերժ ժամանակներով։ Այստեղից՝ առաջնակարգ հարցը մեր երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը պետք է լինի։ Ցավոք, երկու ժողովուրդների պատմությունը մռայլված է ողբերգական իրադարձություններով, որոնք տեղի են ունեցել անցյալ դարի սկզբին։ Հայերը չեն կարող եւ իրավունք չունեն մոռանալ իրենց պատմության սեւ օրերը։ Հավասարապես Թուրքիան նույնպես չի կարող հրաժարվել իր անցյալից։ Սակայն XX դարաշրջանը ականատես է այնպիսի օրինակների, երբ բանականությունը հաղթել է խելազուրկ թշնամանքին։ Հայ ժողովուրդը դեռ հույս է տածում, որ կգա մի օր, երբ թուրքական պետության որեւէ առաջնորդ կգիտակցի իր ժողովրդի ազգային մեղքը եւ կարեւոր ներդրում կմտցնի մեր երկրների միջեւ վստահություն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գործում։ Բայց, ավա՜ղ… ի պատասխան մեր համբերության՝ ստացանք ցեղասպանության ակտերի մի նոր ոլորտ աննախադեպ վանդալիզմով՝ Լեռնային Ղարաբաղում ու Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում եւ Ադրբեջանի ողջ տարածքում, այնուհետեւ լիովին հայաթափվեց Նախիջեւանը եւ ամենադաժան շրջափակման մեջ առնվեցին Արցախն ու Հայաստանը։ Իր հերթին Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք ու ռազմամթերք, միաժամանակ ծրագրվում է զինված միջամտություն հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Այս բոլոր գործողությունները 1915թ. հայերի ցեղասպանության շարունակությունն են հանդիսանում եւ վկայում են այն, որ Թուրքիան մի նոր հերթական փորձ է անում «Մեծ Թուրանի» ստեղծման՝ իր պանթուրքիստական վաղեմի քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ, նորից միլիոնավոր հայերի զոհերի գնով։ Համայն մարդկության դեմ այդ հրեշավոր ծրագրի իրականացման գործում Ադրբեջանը լոկ հլու-հպատակ գործիք է հանդիսանում։ Այդ են վկայում ադրբեջանական առաջնորդների սադրիչ ելույթներն ու պառակտիչ քայլերը ղարաբաղյան հիմնահարցի լուծման ասպարեզում։ Հենց Թուրքիայի եւ նրան հնազանդ Ադրբեջանի ղեկավարության մեղքով է, որ այդ հարցի կարգավորման ուղղությամբ պետությունների ջանքերը ԵԱՀԽ-ի եւ այլ միջազգային համագործակցությունների շրջանակներում անարդյունավետ են դառնում։ Պարզապես շարունակվում են հայ ժողովրդի դեմ մեկ դար ի վեր իրականացվող ցեղասպանության ակտերը։ Ներկայացնելով Ձեզ սույն նամակը, հավատ ենք տածում Ձեր անշահախնդիր մասնակցությանը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ մահվան օջախի վերացման գործին՝ հանուն մեր գալիք սերունդների երջանկության ու բարգավաճման։ Ոչ ոքի չի հաջողվի ծնկի բերել Ղարաբաղին։ «Ատամներ ցույց տալու» եւ «ուժի դիմելու» բոլոր փորձերն այդ հարցի լուծման ասպարեզում դատապարտված են փլուզման, իսկ այդ տարածքում խաղաղություն հաստատելու համար Ձեր անշահախնդիր ու հետեւողական դիրքորոշումը վճռական դեր կարող է ունենալ։ Միաժամանակ, հայ ժողովրդի նկատմամբ անցյալում թույլ տրված պատմական անարդարության ճանաչումը բուն Թուրքիայում կարող է ծառայել համաշխարհային ընկերակցության մեջ Թուրքիայի հեղինակության բարձրացմանը, իսկ Ձեր ջանքերն այդ ուղղությամբ, պարոն նախագահ, ռեալ հեռանկարներ կբացեն մեր երկու պետությունների միջեւ բարիդրացիական եւ փոխվստահության հաստատման գործում։ Հայ ժողովրդին խորթ են վրեժխնդրության զգացումները։ Ուստի, արդարությանը ընդառաջ Ձեր ողջամիտ քայլերը ըմբռնումով եւ երախտագիտությամբ կընկալվի մեր ժողովրդի, ինչպես նաեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Դեռ ժամանակ կա խորհելու մեր երկու ժողովուրդների ճակատագրային այդ հարցերի շուրջ, թեպետ յուրաքանչյուր ժամ իր բացասական դերն է կատարում մեր երկրների բարգավաճման գործում։ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության՝ ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի եւ աշխատանքի վետերանների միության նախագահ ԻՈՍԻՖ ԱՐԱԲՅԱՆ Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոկտոր, պրոֆեսոր ՀՐԱՆՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ ԻԼՅԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գրող, հրապարակախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել