Լրահոս
Օրվա լրահոսը

«Տերեւից վերեւ էլի տերեւ էր»

Ապրիլ 24,2002 00:00

«Տերեւից վերեւ էլի տերեւ էր» «Ընտանիքիս գոյությունը պահելու համար գնացել էի վերնիսաժ՝ դարձել չարչի։ Էսօրվա լեզվով ասած՝ փոքրիկ բիզնեսմեն։ Բայց իմ տարածքում փոքրիկ իշխան էի զգում։ Գիշերները պատմվածքներ էի գրում, ցերեկները՝ առեւտուր անում։ Կայսերը կայսերն էի տալիս, Աստծունն՝ Աստծուն». ինքնակենսագրական պատում հիշեցնող իր նոր «Ուզում եմ ասեմ՝ աշխարհն իմանա» ստեղծագործության մեջ գրում է հայտնի ու անհայտ արձակագիր Լեւոն Ջավախյանը։ Ինչո՞ւ եմ «հայտնի» ու «անհայտ» բառերը գրում կողք կողքի։ Որովհետեւ նրա պատմվածքներում, մասնավորապես այս վերջին ստեղծագործության մեջ հեղինակը մեզ թվացյալ հայտնի աշխարհի անհայտ հունն է բացում եւ, հետեւաբար, հեղինակը հայտնի է այնտեղ, ուր… անհայտն է, մեր ապրած ժամանակը, օրերը, զգացումները, մարդիկ, պատկերները։ «Մարդու բանական կյանքը միգուցե սկսվում է այնտեղից, որտեղից ինքն իրեն է հիշում», գրում է նա։ Որտեղի՞ց էր Լ. Ջավախյանը ինքն իրեն… հիշում. կանաչ-կապույտ երկիր-երկնքից, իրենց ձորից, որ «աշխարհի վրա բացված մի խոր վերք էր», երազից, որն իր անդրանիկ սերն էր… Մի դեպքում իրական-այսաշխարհային կյանքն է, իր մանկության քաղաքի տխուր եւ ուրախ դեմքերով. «Շրջկոմի Գրիգորյանով, Շաշ Սիրանով, Ագենտ Իշխանով, Խմբագիր Պասկալով, Վայենռուկ Ֆանֆան Տյուլպանով, Գեբելսով, Հիտլերով, Ստալինով, Չերչիլով, Աբիզատել Սերոժով, Ակուլայով, Կլյաուզնիկ Դարչոյով, Նիհար Անդոյով, Չաղ Գալուստով…», մյուս դեպքում՝ այներկրային, Երազից «քամված» ճանապարհը, ուր մահն է, որտեղ… ինքը չկա։ Լեւոն Ջավախյանի այս ստեղծագործությունը որեւէ ժանրի մեջ «խցկել» չես համարձակվի։ Այն ե՛ւ էսսե է, ե՛ւ արձակ բանաստեղծություններ (որոշ հատվածներ), կարող ենք եւ վիպակ էլ կոչել։ Պատճառը, հավանաբար, ստեղծագործության ներքին բովանդակությունն է՝ փիլիսոփայական նրբին ընդհանրացումներով։ «Երբ ես ծնվեցի, այդ կյանքն էլի կար», ասում է նա, եւ սակայն «աշխարհը ճանաչելի ու անճանաչելի էր»։ Կար սերը. անճանաչելի ու ճանաչելի, ազատության զգացումը, որը պիտի «վերծանվեր» այսպես. «Ուզում էինք ազատությունը գրկել։ Բայց այն բակ էր, փողոց էր, սար էր, ձոր էր, գետ էր, դաշտ էր, երկինք էր, լույս էր, լույս եւ… չէր տեղավորվում մեր գրկում»։ Հեղինակը պատմում է իր ապրած տարիների մասին, 88-ից առաջ եւ հետո, իր եւ իր ընտանիքի, իր եւ իր ընկերների, անծանոթների եւ ծանոթների։ Կյանքի եւ մահվան։ Հուշի եւ հիշողության եւ պայծառ տխրություն կա այդ ամենում։ Ահավասիկ, «վերջի» նկարագրությունը։ Շիրմաքարեր են, զարդանախշերով, կենսագրություններ, որոնք կարող են «գերեզմանների հերձումից» հետո ի հայտ գալ, անարժանն ու արժանին կողք կողքի։ Եվ մի մակագրություն շիրմաքարերից մեկի վրա. «Սիրելի մայրիկին՝ որդիներից. բացի Վալոդից»։ Չգիտես, լա՞ս, խնդա՞ս։ Հեղինակը մեզ «վարժեցնում» է, որ կյանքում այդպես էլ է լինում, ինչպես իր գրական անդրանիկ քայլերն էին, երբ իր հույսերի վրա «սեւ գարուն» եկավ եւ ինքը հասկացավ, օրինակ, որ Մերուժան Տեր-Գուլանյանի «Գարունը» «Ան-տեր Լեւոնի համար չէր»։ «Գդբագրենք բարեգամս, անբայման գդբագրենք,- ու չէր տպագրում». այսպես հաճախ լացելու աստիճան անկեղծանում է Լ. Ջավախյանը, երբեք չթաքցնելով եւ չամաչելով իր… պարտություններից… Իսկ ո՞վ է միշտ հաղթող լինում։ «Վերնիսաժում կանգնած ինձ ավելի էի գրող զգում, քան նրանք, որ նստած էին գրողների միությունում»,- գրում է նա։ Արժե հետեւել այս հեղինակին։ Ցանկացած նրա խոսք աղմկոտ է իր անկեղծության մեջ։ Իսկ ո՞վ է անկեղծ լինում այդքան եւ հաղթող՝ սեփական պարտությունները շարադրելիս։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել