Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ

Ապրիլ 24,2002 00:00

ԹՈՒՐՔԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ «Սերենադ» կամերային նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, վերադարձավ Թուրքիա կատարած համերգային ուղեւորությունից։ Ստամբուլի հեղինակավոր Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնի մեծ դահլիճում նվագախումբը տվեց մեկ համերգ։ Վերջինիս հետ էր ՀՖՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Վ. Թովմասյանը։ Անկասկած, Սփյուռքը, որպես հայկական հավաքականություն, կա եւ ապրում է հայրենիքի գոյությամբ, նրա բոլոր գործերը իմաստ ու նպատակ են ստանում այն պարզ ճշմարտությամբ, որ հազարավոր կիլոմետրեր հեռու ապրում է մայր հայրենիքը։ Ժողովրդի տարագիր հատվածի մաքառումն իր ինքնության համար՝ չի կարող չհուզել մայր ժողովրդին։ Չէ՞ որ մայրը մայր է մնում, անկախ նրանից, զավակները հեռո՞ւ են, թե՞ մոտ։ Իսկ հեռավոր զավակների համար մայրը տագնապում է բազմապատիկ։ Պարոն Թովմասյանից ակնկալում էինք ընդգրկուն հարցազրույց, սակայն վերջինս սկզբում միանգամից «ձիու քայլ արեց» (ինչպես շախմատում), ասելով. «Հիշում եք երեւի, հանրածանոթ ֆիլմից հետեւյալ հանրահայտ արտահայտությունը՝ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։ «Սերենադի» հրավերը ստացվել էր Ստամբուլի «Ֆերիկոյ» հայկական վարժարանի շրջանավարտների միության կողմից, ի դեմս հայ բարերար Արա Էլագյոզի, որն իր հայապահպանման գործունեությունը սկսել է դեռ 1961 թվականից։ Իր միջոցներով հիմնականում հովանավորելով հայ արվեստը՝ նա կազմակերպել է շուրջ 200 մշակութային միջոցառում։ Նշենք, որ սա հայկական առաջին պրոֆեսիոնալ, դասական երաժշտախմբի ելույթն էր Ստամբուլում։ Առաջին անգամ նվագախմբի հետ, Հայդնի դաշնամուրի եւ նվագախմբի ռե մաժոր կոնցերտի կատարմամբ հանդես է եկել դաշնակահարուհի, Ստամբուլի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ջանա Գյուրմենը։ Նարեկ Վ. Թովմասյանի խոսքերով. «Այս համերգային ուղեւորությունը հայ մեծ բարերար Արա Էլագյոզի շուրջ մեկ տարվա ջանքերի արդյունք էր։ Համերգը կայացավ այդ շքեղ դահլիճում՝ Թուրքիայի մշակույթի նախարարության եւ Շիշլիի քաղաքապետարանի համաձայնությամբ։ Ի դեպ, Շիշլիի փոխքաղաքապետը՝ Վազգեն Բարնը ազգությամբ հայ է։ «Սերենադի» ծրագրում, եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ, հնչեցին Կոմիտաս-Ասլամազյանի մանրանվագները, Էդվարդ Միրզոյանի «Վարիացիաները»։ Կարծում եմ, կպատկերացնեք, ինչ էր տիրում դահլիճում, ջութակահար Գեւորգ Ղարաբեկյանի «Կռունկի» կատարումից հետո։ Եվ այս ամենը, իհարկե, տեղի չէր ունենա, կրկնում եմ՝ առանց հայ մեծ բարերարի ջանքերի»։ Բոլորիս համար պարզ է մի բան՝ այդ երկրում ինչ առասպելական ջանքեր է պետք գործադրել, որպեսզի օտար հողում (այն էլ՝ Թուրքիայում) ստեղծես քո միկրո հայրենիքը, նաեւ օտար մշակույթի ներսում, հիշողությամբ, պատմածով ու լսածով վերստեղծես քո դեմքը, ձայնը, խոսքը, երգն ու նվագը… Ըստ ՀՖՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի ու ականատեսի թարմ տեղեկությունների՝ «Միայն Ստամբուլն ունի 80.000-անոց հայ համայնք։ Գործում է հինգ վարժարան, յուրաքանչյուրում ուսանում է 300-400 հայ երեխա։ Հայաստանցի հայերը բնակվում են Կում Կապը թաղամասում։ Հիմնական աշխատանքը առեւտուրն է՝ ռեստորանային բիզնեսը։ Նույնիսկ մեկ ռեստորան էլ կրում է հայկական՝ «Արարատ» անունը։ Գեղեցիկ էին Ստամբուլի ճարտարապետական կառույցները։ Դեռեւս տասը տարի առաջ թուրքերը ներկայացրել են, որ ճարտարապետական գոհարների հիմնական մասը կառուցված է իտալացի Պալյանիի դինաստիայի կողմից։ Միայն վերջին տարիներին տեղի հայերի շնորհիվ արդեն բարձրաձայն ասվում է, որ ճարտարապետական գոհարների հիմնական մասը վերագրվում է ազգությամբ հայ Պալյանների դինաստիային, ասել է թե՝ նրանց ձեռքերով է կառուցվել։ Մեր հայրենակիցները, բնականաբար, պահպանում են մեր հավատքը՝ այստեղ գործում է 33 հայկական եկեղեցի։ Համերգին իր շնորհն էր բերել Պատրիարքն հայոց Թուրքիո՝ Ամենապատիվ տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը»։ Փառք ու պատիվ հանձին Արա Էլագյոզի՝ մեր սփյուռքահայ բարերարներին ու բարեգործներին, որոնց շնորհիվ Թուրքիայում լսում ու տեսնում են հայ դասական կոմպոզիտորների գործերն ու մեր արվեստագետներին, զգում դասական՝ բարձր արվեստի ներգործուն ուժը։ Կարծում ենք, սա նույնպես հաղթանակ է։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել