Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-Ի ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹԸ ԱՄՆ-ՈՒՄ

Ապրիլ 24,2002 00:00

ԵՊՀ-Ի ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԵԼՈՒՅԹԸ ԱՄՆ-ՈՒՄ Իրավաբանություն ուսանողների համար նախատեսված «Ֆիլիպ Ջեսափ միջազգային դատական գործ» միջազգային մրցույթում, որի եզրափակիչ փուլն անցկացվում է Վաշինգթոնում, ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի խումբը մասնակից 75 թիմերի շարքում զբաղեցրել է ընդամենը 72-րդ հորիզոնականը։ Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը շատ ավելի առաջ են գտնվում՝ համապատասխանաբար 22-րդ եւ 45-րդ տեղերը զբաղեցնելով։ Նախորդ տարի այս մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Երեւանի մենեջմենթի համալսարանի Գյումրիի մասնաճյուղը, ընդ որում՝ շատ ավելի հաջող՝ գրավելով 60-րդ հորիզոնականը՝ 68 երկրների թիմերի շարքում։ Թերեւս արժե նշել, որ մասնավոր այդ բուհը մասնակցել էր մրցույթին միայն երկու ուսանողից կազմված խմբով, իսկ ԵՊՀ-ն՝ հինգ (խումբը պետք է լինի 2-5 հոգուց կազմված)։ Ի դեպ, այդ նույն մասնավոր բուհը այս տարի շահել է մրցույթի «Լավագույն հայցադիմում» նոմինացիայում մասնակցելու իրավունքը եւ 39 երկրների մեջ զբաղեցրել 29-րդ տեղը։ Մինչդեռ Մայր բուհը, ի թիվս մյուս պետական բուհերի, խիստ վիրավորվում է, երբ մասնավոր բուհերը համարում են իրենց մրցակից։ Սակայն այս մրցույթի արդյունքներից էլ ակնհայտ է, որ մեր կրթական համակարգի մասին հիացական կարծիքները փորձության չեն ենթարկվում։ Իսկ ԵՊՀ-ի մյուս ֆակուլտետներից իր շքեղ վերանորոգմամբ եւ այլ հնարավորություններով տարբերվող իրավաբանության ֆակուլտետը, որ «ամենապրեստիժնի» մասնագիտություններից է համարվում, կրթության մակարդակի առումով ամենեւին էլ առաջին շարքերում չէ։ Մեր այս գնահատականները չկիսեց «Ֆիլիպ Ջեսափ միջազգային դատական գործ» մրցույթի կազմակերպիչ, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (CEELI Inc.) հայաստանյան ներկայացուցչության իրավաբան Նարինե Գասպարյանը, որը պատրաստակամությամբ պատասխանեց «Առավոտի» բոլոր հարցադրումներին։ Մրցույթի մասին մանրամասներ ճշտելուց բացի, խնդրեցինք պարզաբանել մեր ունեցած այն տեղեկությունը, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԱՄՆ մեկնած ԵՊՀ-ի խմբի մեջ եղել է նաեւ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդին, որը մրցույթի հայաստանյան փուլին նույնիսկ չի էլ մասնակցել։ Ն. Գասպարյանը նկատեց, որ «առհասարակ որեւէ կապ չունի, թե ում տղան է նա եղել», պարզապես հայաստանյան մրցույթի ժամանակ, փետրվարի 16-17-ը, նա բացակայել է Հայաստանից, բայց ներկայացրել է փաստաթղթեր, որ այդ բացակայությունը հարգելի է։ Իսկ Վաշինգթոնում կայացած մրցույթին մասնակցել է, քանի որ այդ թիմի անդամ է եղել եւ մասնակցել է հայցադիմումը գրելու, մրցույթին նախապատրաստվելու փուլին։ Ըստ Նարինե Գասպարյանի, դա մրցույթի միջազգային կանոնների խախտում չէ եւ Վաշինգթոնի գրասենյակի համաձայնությունն այս առթիվ եղել է։ «Ֆիլիպ Ջեսափ միջազգային դատական գործ» մրցույթը հիմնվել է դեռեւս 1959թ., սակայն Հայաստանը մասնակցում է այդ մրցույթին միայն վերջին երկու տարիներին։ Վրաստանը՝ հինգ, իսկ Ադրբեջանը երեք տարվա մասնակցության փորձ ունի։ Ծրագրի նպատակն է մրցութային զանազան միջոցառումների շնորհիվ իրավաբանական բուհերի ուսանողների շրջանում զարգացնել միջազգային իրավունքի վերաբերյալ գիտելիքները։ Մրցույթի առաջին փուլն անցկացվում է տվյալ երկրում, իսկ հաղթող թիմը մեկնում է Վաշինգթոն՝ միջազգային փուլին մասնակցելու։ Մրցույթի հովանավորներն են Իրավաբանական բուհերի ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) եւ Միջազգային իրավունքի ամերիկյան ասոցիացիան։ Հայաստանում ծրագիրն իրականացնում են CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչությունը եւ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան»։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական եւ նման ֆակուլտետ ունեցող թե մասնավոր, թե պետական բուհերը։ Մրցույթի մասին հայտարարություններ են տրվում մամուլում, իսկ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» Երեւանի եւ մարզային գրասենյակները ցանկացողներին տրամադրում են մանրամասն տեղեկություններ, բացի այդ, անցկացնում են հանդիպումներ մրցույթին մասնակցել ցանկացողների համար եւ ներկայացնում մրցույթի կանոնները։ Նախորդ տարի ԵՊՀ-ն չէր մասնակցել մրցույթին։ Մրցույթի ընթացքում ուսանողներից պահանջվում Է ստանձնել եւ վարել մտացածին դատական գործ՝ միջազգային իրավունքի արդիական թեմաների վերաբերյալ, այնպես, կարծես թե դրանք հանձնված են ՄԱԿ-ի միջազգային դատարանի քննությանը։ Մրցույթին մասնակցել է ութ թիմ տարբեր բուհերից եւ հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ի թիմը։ Ինչպես Նարինե Գասպարյանը ներկայացրեց, մրցույթի ազգային փուլը անցկացվում է հայերենով, մրցութային փաստաթղթերը Վաշինգթոն ներկայացվելիս թարգմանվում են անգլերեն, իսկ Վաշինգթոն մեկնած թիմին տրամադրվում է թարգմանիչ, եթե դրա անհրաժեշտությունը կա, այսինքն՝ անգլերենի իմացությունը պարտադիր չէ։ Մրցույթին մասնակից թիմերին տրվում են համարներ, որպեսզի գնահատող մասնագետները չիմանան, թե որ բուհն են նրանք ներկայացնում։ Մրցույթի ժամանակ յուրաքանչյուր թիմ երկու անգամ հանդես է գալիս որպես պատասխանող եւ երկու անգամ որպես հայցվոր կողմ՝ մրցելով տարբեր թիմերի հետ։ Վիճակահանությամբ է որոշվում, թե որ թիմերն են իրար հետ մրցում։ Մրցույթը գնահատում են մեկ միջազգային իրավունքի մասնագետ եւ մեկ գործող դատավոր կամ փաստաբան։ Մրցույթի համար թիմերի ներկայացրած հայցադիմումները գնահատում են երեք տարբեր դատավորներ եւ հաշվարկվում են միավորները։ Այդ բոլոր արդյունքները ուղարկում են Վաշինգթոն։ Նարինե Գասպարյանը չհամաձայնեց մեր այն գնահատականին, որ այս մրցույթից կարելի է դատել, թե որքանո՞վ է մրցունակ մեր կրթական համակարգը։ Նա նաեւ նկատեց, որ Հայաստանին շատ ուժեղ մրցակիցներ էին բաժին հասել։ Չորս փուլերից եւ ոչ մեկում Հայաստանը չի շահել։ Իսկ մրցակիցները եղել են Թուրքիան, որը 33-րդ տեղն է զբաղեցրել, Չինաստանը (10-րդ տեղ), Կանադան (18-րդ տեղ) եւ Վենեսուելան (11-րդ տեղ)։ Բացի այդ, Ն. Գասպարյանի հիմնավորմամբ՝ մեր եւ միջազգային կրթական ու դատական համակարգերը շատ տարբեր են. միջազգային իրավունքի ուսումնասիրությունը մեզ մոտ նոր է սկսվում եւ օբյեկտիվ կարող են լինել Հայաստանի՝ ցածր տեղեր զբաղեցնելու պատճառները։ Այդ նպատակով էլ մրցույթի հայաստանյան կազմակերպիչները որոշել են սեմինարներ անցկացնել մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողների համար՝ միջազգային իրավունքի ոլորտում գիտելիքների ու փորձի պակասը լրացնելու ցանկությամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել