Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՄՏԱՓՈԽՎԵՑ ՔՆՆԻՉԸ

Ապրիլ 24,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՄՏԱՓՈԽՎԵՑ ՔՆՆԻՉԸ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի՝ բանկային օրինազանցությունների (խիստ) հավանական հովանավոր լինելու վերաբերյալ «Առավոտի» եւ մամուլի հրապարակումներից հետո դեպքերի հետաքրքիր զարգացում է գրանցվել։ Հիշեցնենք, որ հոդվածում խոսք էր գնում «Կրեդիտ-սերվիս» բանկում տեղի ունեցած խախտումների մասին, որոնք ուսումնասիրելու նպատակով ԿԲ նախագահը ժամանակին դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանն այն դեպքում, երբ ԿԲ-ն դրանց մասին նախօրոք տեղյակ է եղել եւ 3 ամիս շարունակ անուշադրության էր մատնել, միջոցներ չէր ձեռնարկել, ավելին, գրանցել էր անօրինական գործարքները եւ բավարարվել էր ընդամենը «Կրեդիտ-սերվիսի» կողմից տրված բացատրագրով։ Իսկ, որ նույնպես ուշագրավ է, «Կրեդիտ-սերվիսում» օրինախախտումներ են գրանցվել նաեւ Արտաշես Դավթյանի ղեկավարության օրոք, որը, սակայն, հետագայում պաշտոն է ստացել ԿԲ-ում (վերահսկողական դեպարտամենտի պետ)։ Պատժվելու փոխարեն։ Ինչեւէ, «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցված գործի շրջանակներում ապրիլի 8-ին գրություն է ուղարկել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչություն (ԿՌՈՒ)՝ «Կրեդիտ-սերվիս» բանկում համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ պատճառված վնասի չափը ճշտելու նպատակով։ Այնուհետեւ, ապրիլի 17-ին մամուլում հրապարակվում են վերոհիշյալ տեղեկությունները։ Հենց այդ հրապարակումներին էլ հետեւում է ՀՀ գլխավոր դատախազության մեկ այլ՝ ստուգումների մասին տրամագծորեն հակառակ որոշում (գործը գտնվում է ՀԿԳ քննիչ Բորիս Ղալեչյանի վարույթում)։ «Առավոտի» միանգամայն հավաստի աղբյուրի հաղորդմամբ, դատախազությունը ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությանը ապրիլի 19-ին գրություն է ուղարկել նախորդ գրությունը չեղյալ համարելու եւ «Կրեդիտ-սերվիսում» ստուգումներ անցկացնելու մասին։ Մինչդեռ «Առավոտին» ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է, որ ԿՌՈՒ-ում արդեն վնասի չափն ուսումնասիրող հանձնաժողով էր կազմվել, որն այդպես էլ չհասցրեց բանկում ստուգում սկսել։ Կասկած չկա այս երկրորդ գրության մասին, այնուամենայնիվ, փորձեցինք պաշտոնական պատասխան ստանալ։ Սակայն թե՛ գլխավոր դատախազության քննիչ Բ. Ղալեչյանը, թե՛ ֆիննախի ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետ Լյովա Շահինյանը կտրականապես մերժեցին որեւէ տեղեկություն, պարզաբանում կամ մեկնաբանություն տրամադրել (պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում)։ Սակայն, ի տարբերություն քննիչի, պարոն Շահինյանը դա արեց միանգամայն քաղաքավարի։ Այսպիսի պարագաներում՝ իր մասնագիտական պարտքը կատարած լրագրողին ոչինչ չի մնում, քան ենթադրություններ անելն ու իր ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունները տպագրելը։ Այսպիսով, հիշյալ (վերջին) գրության ի հայտ գալուց հետո, մեր աղբյուրների վկայությամբ, «բարելավվել» է Արտաշես Դավթյանի տրամադրությունը, որը խիստ «ընկել» էր իր անհաջող գործունեության մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո։ Տիգրան Սարգսյանի տրամադրության պատկերը տակավին անհայտ է։ Սակայն ակնհայտ է, որ ստուգումներ սկսելու մասին գրությունը չեղյալ համարելու որոշումը բխում է նաեւ նրա շահերից։ Մասնագետների վերլուծությամբ, այս վերջին գրությունը տարբեր դրդապատճառներ կարող է ունենալ։ Օրինակ, Տիգրան Սարգսյանը, տեսնելով, որ «համը դուրս է գալիս», կարող էր խնդրած լինել դատախազությանը՝ «մի բան անել»։ Ընդ որում, խնդրանքը տարբեր տեսք կարող էր ունենալ։ Կամ կարող էր պատահել, որ դատախազությունն այնքան բավարար ապացույցներ հավաքած լիներ (հիշյալ մեղադրանքները հաստատող կամ հերքող), որ լրացուցիչ ստուգման կարիք չլիներ։ Բայց այս մեկին, հազար ներողություն, դժվար է հավատալ։ Այլ պատճառներ եւս չեն բացառվում։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել