ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ ԷԻՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի նիստին, որի ժամանակ 37-րդ կապուղու լիցենզիայից զրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, եւ այդ արտոնագիրը ստացավ «Շարմ» ընկերությունը, հանձնաժողովի 9 անդամներից ներկա չէր միայն մեկը՝ Հրաչ Բայադյանը։ Այդ օրը նա գտնվում էր Թբիլիսիում, ուր մասնակցում էր լրագրային տարածաշրջանային ինտերնետային ծրագրին։ Հրաչ Բայադյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, այժմ ղեկավարում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը։ «Մարտի 28-ին, երբ բացվեցին կապուղիների մրցույթի համար հեռուստատեսությունների ներկայացրած առաջարկները, քննարկումներին պարզ դարձավ, որ արդեն կանխորոշված են հաղթողները։ Ու ես հասկացա, որ Թբիլիսիում իմ ներկայությունն ավելի կարեւոր է, քան այստեղ»,- ասում է նա։ Հանձնաժողովի ընդունելիք որոշումից մեկ օր առաջ՝ ապրիլի 1-ին նա մեկնում է Թբիլիսի, նախապես իր գնահատականները հայտնելով. «Հանձնաժողովը գիտեր իմ կարծիքը «Ա1+»-ին բարձր էի գնահատել, «Շարմին»՝ ցածր։ «Շողակաթին» ու «Նոյյան Տապանին» հավասար գնահատականներ էի դրել»։ Եղե՞լ են, արդյոք, հանձնաժողովի վրա իշխանությունների կողմից ճնշումներ. «Ես անկախ մարդ եմ, եւ ոչ ոք չի կարող ինձ ճնշել, նիստերի ժամանակ եղան փոխադարձ վիրավորանքներ։ Սակայն իմ հետաքրքրությունների մեջ իշխանությունների ճնշումները առաջին տեղում չեն։ Ավելի կարեւոր էր հանձնաժողովի կայացումը, որ փաստորեն տապալվեց։ Այս հանձնաժողովը հանրապետության նախագահի քմահաճույքը չի, այն Եվրախորհրդի պահանջն է, որ կարեւոր դեր պետք է խաղար եվրոպական կառույցներում մեր երկրի ինտեգրման մեջ»։ Հրաչ Բայադյանը կարծում է նաեւ, որ «Ա1+»-ի պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ նա իր հնարավորությունները լավ չօգտագործեց. «Ա1+»-ը նախ՝ պետք է հարգալից վերաբերմունք ունենար հանձնաժողովի նկատմամբ։ Լուրեր էին տարածում, որ հանձնաժողովը պատվեր է կատարում եւ հանձնաժողովին իրենք դարձրին այդպիսին։ Բացի այդ, վատ առաջարկ էին ներկայացրել»։ «Բացված էջեր» www.hahr.am