Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Ապրիլ 24,2002 00:00

ԿԱՆԱՅՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Հարգելի խմբագրապետ Ա.Աբրահամյան Ձեր թերթի ապրիլի 17-ի հրապարակումը ԱՎՄ նախագահ Համլետ Հովսեփյանի վերաբերյալ ստիպեց մեր կուսակցության նախագահությանը դիմել Ձեզ։ Ժողովուրդը Ձեզ համարում է որոշակի ուժերի խոսափող եւ ըստ այդմ է ընդունում այն սեւացնող, վարկաբեկիչ հրապարակումները, որոնք որպես կանոն ուղղվում են բոլոր նրանց հասցեին, որոնք պաշտպանում են երկրի պետականությունը, նախագահին եւ նրա հավասարակշռված ու խաղաղարար քաղաքականությունը։ Այս անգամ վարկաբեկիչ հոդվածի թիրախն է դարձել Հ.Հովսեփյանը՝ մի անձնավորություն, որն իր անցյալ տարիների ողջ գործունեությամբ ապացուցել է իր անսահման նվիրվածությունը ազգին, երկրին, ժողովրդի ազատությանը։ Արհավիրքի տարիներին նա ազգի զոհասեղանին դրեց ամենաթանկարժեքը՝ կյանքը, կռվեց եւ կռվի ոգեշնչեց մարտիկներին։ Այսօր տաքուկ սենյակներից դուրս չեկած մարդիկ պատերազմի հերոս-վետերանի դեմ կռվում են ցեխացայտ, վարկաբեկող գրչով, աշխատելով մանրացնել, ներկայացնել նրան եւ նրա ղեկավարած կուսակցությունը՝ որպես շահախնդիր մեքենայություններով զբաղվող մի չնչին խմբավորում։ Ձեր թերթի շարադրանքում մոռացված է անմեղության կանխավարկած հասկացողությունը, մեղադրվում է դատարանը, որը չի գործել այնպես, ինչպես ոմանք կցանկանային, մեղադրվում է Հ.Հովսեփյանը, որը այնպես չի գործում իր կուսակցության շահերը կուռ պահելու համար, ինչպես ձեռնտու էր որոշ չարակամներին։ Մի կողմ թողնելով տղաների վարքագծի շարժառիթները, նշենք միայն, որ մեր կուսակցությունը ներկա է եղել ԱՎՄ արտահերթ բազմամարդ համագումարին եւ տեսել, թե ինչ միահամուռ ոգեւորությամբ Հ.Հովսեփյանը ընտրվեց նախագահ եւ այդ անթաքույց հարգանքի ու մեծարանքի արտահայտությունը կուսակցության շարքային անդամների կողմից չէր կարող դրսեւորվել մի հասարակ շորթողի նկատմամբ, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել նրան Ձեր թերթում։ «Կանայք Հայոց Աշխարհի» կուսակցություն Կեցցե՛ ՀՀ պետականությունը, հավասարակշռված եւ խաղաղարար նախագահը եւ անբիծ Համլետ Հովսեփյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել